ԵԽԽՎ
մոնիտորինգի հանձնաժողովի՝ Փարիզում կայացած վերջին նիստում Յեժի Յասկերնիան
ներկայացրեց մի զեկույց, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները կատարել են
ապրիլյան 1374 բանաձեւի պահանջները:
Հավանաբար, հենց այս պահի համար էր ԵԽԽՎ- ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը այդքան խնամքով երկու ամիս շարունակ թաքցնում Հայաստանի իշխանությունների հաշվետվությունը նույն՝ դիտորդական առաքելությանը։ Դրանով Տիգրան Թորոսյանը կանխեց հանձնաժողովի զեկույցից առաջ հնարավոր աղմուկն ու դժգոհությունը։ Հիմա գնացքն արդեն գնացել է, եւ ընդդիմությունն այլեւս չի կարող ասել՝ իսկ ի՞նչ են պատասխանելու իշխանությունները ԵԽԽՎ-ին։ Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ամենայն անկեղծությամբ շարադրեց այն, ինչ որոշ իշխանավորներ դեռ խուսափում են մերկապարանոց հնչեցնել. «Եթե նույնիսկ Եվրախորհուրդը ասեր, թե պարտավորությունները չեն կատարվել, ես պիտի ասեի, որ կատարվել են»։
Խորհրդարանական մյուս քաղաքական ուժերը հիմնականում խուսափեցին հարցի պատասխանից։ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ «եթե մոնիտորինգ իրականացնող կառույցը ասում է, թե առաջընթաց կա, այսինքն՝ ինչ-որ չափով վերացվել են այն թերությունները, որ նրանք մատնանշել էին, այդ հարցում մենք իրենց ընդդիմախոս չենք»։ Իսկ անձամբ Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները կատարե՞լ են ԵԽԽՎ 1374 եւ 1361 բանաձեւերի պահանջները։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ Գուրգեն Արսենյանն ասաց, թե իր կարծիքով՝ 1361 եւ 1374 բանաձեւերում առաջ քաշված խնդիրների լուծման ճանապարհին «մենք բավականին առաջընթաց ենք ապրել»։ Կոնկրետ ո՞ր խնդիրների կատարումն է առաջընթաց՝ «Ա1+»-ը բացվե՞լ է, մարդիկ ազատ տեղաշարժի, խաղաղ երթեր, ցույցեր, ժողովներ անցկացնելու հնարավորություն ունե՞ն, իսկ բռնություններ իրականացնողները պատժվե՞լ են։ Ըստ Գուրգեն Արսենյանի՝ «մենք ազատ տեղաշարժվում ենք», պատժվողների մասին խորհուրդ տվեց իրավապահներին հարցնել, բայց՝ «Ա1+»-ի հարցում մենք առաջընթաց չունենք»։ Իսկ կարճվե՞լ է «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված քրեական գործը. «Չի կարճվե՞լ»,- հարցին հարցով պատասխանեց Գուրգեն Արսենյանը եւ լրացրեց. «Այսինքն՝ էլի անելու բան ունենք»։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը դիտարկման հանձնաժողովի զեկույցի մասին խիստ իշխանական պատասխան ուներ. «Մոնիտորինգի հանձնաժողովը շատ մանրակրկիտ աշխատանք կատարեց հանձնաժողովում, հանդիպեց հասարակության համարյա բոլոր շերտերի հետ եւ մեր կարծիքով՝ ներկայացրեց օբյեկտիվ գործընթացի արտացոլում հանդիսացող փաստաթուղթ, եւ հանձնաժողովը որոշակի լրացումներով ընդունել է զեկույցը։ Սա համարում եմ դրական աշխատանք եւ օբյեկտիվ իրականության արտացոլում»։
ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը խուսափեց զեկույցի մասին կարծիք հայտնել եւ առաջարկեց սպասել մինչեւ հայաստանյան պատվիրակության վերադարձը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ