Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը պահանջում է՝ բացել

Սեպտեմբեր 16,2004 00:00

Սահմանադրությունը պահանջում է՝ բացել Ըստ Աշոտ Բլեյանի՝ հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունները սահմանադրական պահանջ են Եթե հայ-թուրքական հարաբերությունները շատերի համար դեռեւս քննարկման փուլում են, ապա Աշոտ Բլեյանի համար դա այլեւս լուծված խնդիր է: Ըստ պարոն Բլեյանի, մենք մինչեւ 1995թ. հուլիսի 5-ն իրավունք ունեինք ցանկություններ եւ տեսակետներ արտահայտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ, սակայն Սահմանադրության ընդունումից հետո (որի 9-րդ հոդվածում նշված է, թե Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ պիտի հաստատի բոլոր երկրների հետ) ինքնըստինքյան այդ հարցը պիտի լուծվեր: Հետեւաբար իշխանությունը չպետք է հասարակությանը կանգնեցնի՝ «ինչպե՞ս բացել հայ-թուրքական սահմանը» հարցի առջեւ: Երեկ Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի հրավիրած «Հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական նախադրյալները. ցանկություններ եւ իրականություն» թեմայով սեմինարի ժամանակ ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը «Հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով զեկույցը ներկայացրեց: ԱԳ փոխնախարարը հակիրճ անդրադարձել էր նաեւ Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին, վստահություն հայտնել, որ առանց հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր չէ տարածաշրջանի լիարժեք զարգացումը, քանզի այդ սահմանը ունի որոշակի աշխարհաքաղաքական դերակատարություն. այն ոչ միայն սահման է երկու երկրների միջեւ, այլեւ՝ ՀՀ եւ Եվրամիության հնարավոր անդամի միջեւ: Պրն Շուգարյանը հնարավոր համարեց նաեւ հարաբերությունների կարգավորման միջանկյալ տարբերակը. Ղարս-Գյումրի ճանապարհի բացմամբ ստեղծել «որակյալ տնտեսական գոտի», որի օրինակը ցույց է տվել ԱՄՆ-ը՝ ստեղծելով նման բան քաղաքական խնդիրներ ունեցող երկրների՝ Պաղեստինի, Հորդանանի, Իսրայելի սահմանին: Ըստ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ եթե մենք մեզ համար ընտրել ենք դեպի Եվրոպա ուղին, ապա միակ ճանապարհը, որ մեզ տանում է այնտեղ՝ Թուրքիան է, որի հետ մենք չունենք որեւէ հարաբերություն. «Եթե ուզում ենք երբեւէ լինել ԵՄ անդամ, ապա մեր մոտակա հարեւանը պետք է լինի ԵՄ անդամ»: Նա վստահ էր, որ Հայաստանը այսօր չունի արտաքին քաղաքական հայեցակարգ Թուրքիայի եւ մեր տարածաշրջանի վերաբերյալ. «Քանի դեռ մենք մեր տարածաշրջանին նայում ենք Ռուսաստանի դիրքերից, ոչինչ չի փոխվի»: Իսկ Ղարս-Գյումրի «որակյալ տնտեսական գոտի» ստեղծելու գաղափարից պրն Արզումանյանը ավանտյուրայի հոտ առավ. «Այս հարցում միանշանակ պետական մոտեցում է հարկավոր, ոչ թե ջայլամի քաղաքականություն»: Բնականաբար, տրամագծորեն հակառակ կարծիքի էր ՀՅԴ ներկայացուցիչը՝ «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը, ըստ որի՝ Թուրքիան կորցնում է տարածաշրջանում իր դերակատարությունը, եւ ԵՄ անդամ դառնալու ցանկությունը միայն այդ դերակատարությունը վերագտնելու համար է, իսկ ոմանք ՀՀ-ում իրենց գործունեությամբ հիմնավորում են այդ նկրտումները: Բացի այդ, պրն Սեյրանյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացման ներքին հասարակական պահանջ չկա, կա միայն երրորդ կողմի պարտադրանք: Եվ ընդհանրապես, մի քիչ կարդացեք, թե թուրքերն ու ազերիները ինչ են գրում մեր մասին, նոր նրանց գովաբանեք՝ հորդորում էր ՀՅԴ ներկայացուցիչը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ կարծիք հայտնեց (ընդ որում, չնշելով՝ դա իր, թե սոցհարցումների հիման վրա ստեղծված կարծիք է), թե անհնար է, որ երբեւէ Թուրքիան դառնա ԵՄ անդամ՝ Եվրոպան անընդհատ պատրվակներ կգտնի դա թույլ չտալու: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել