Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աստաֆյանի» հարստության անշարժ հիմքը

Սեպտեմբեր 16,2004 00:00

«Աստաֆյանի» հարստության անշարժ հիմքը Փաստաբանների միջազգային միության անդամ Վովա Հախվերդյանը «կոռուպցիայի դրսեւորման դասական օրինակ» է դիտում «Աստաֆյան» ՓԲ ընկերության կողմից խոշոր չափերի հասնող գումարների յուրացման փաստը։ Վարդան Մելքոնյանի սեփականաշնորհված գործող խանութը՝ 31 քմ տարածքով, «Աստաֆյան» ընկերության հետ կնքած հիմնադիր պայմանագրով գնահատվում է 26 մլն 815 հազար դրամ ($53.630), իսկ կնոջ՝ Ելենայի անվամբ սեփականաշնորհված բնակարանը, ընկերության հետ կնքած առանձին պայմանագրով, գնահատվում է 18 մլն 400 հազար դրամ ($36.800)։ Վ. Մելքոնյանի մանկության ընկեր Դնեպր Ավագյանը եւ նրա որդին՝ Արսենը, որը «Աստաֆյան» ընկերության նախագահն էր, խոստանում էին, որ մեծ շահույթ կունենան, այսինքն՝ հիշյալ տարածքներում կառուցված հսկայական «օբյեկտների» միջոցով կհարստանան: Մելքոնյանները, սակայն, չհարստացան. «Աստաֆյան» ընկերությունը Մելքոնյանին վճարեց 1300 դոլար։ Նրանք մինչ օրս անշարժ գույքի դիմաց գումար չեն ստացել։ Այն դեպքում, երբ համատեղ կնքված պայմանագրի 3-րդ կետի համաձայն, ընկերությունը պարտավորվել էր ամեն ամիս տալ 370 դոլար վարձավճար եւ 200 դոլար՝ նկուղային տարածքն իբրեւ բար շահագործելուց հետո։ Մելքոնյանների 13 շնչից բաղկացած բազմանդամ ընտանիքը մինչ օրս բնակվում է տարբեր հասցեներում, վարձակալությամբ։ Իրենց ներդրած խանութի, բնակարանի բազայի «վերակառուցման» արդյունքում կառուցվում է ներկայիս ճոխ շինությունը։ Երբ Մելքոնյանները հետաքրքրվում են իրենց բնակտարածքների հարցով, պարզվում է, որ տարածքների սեփականատերը «Աստաֆյան» ընկերությունն է։ Բնականաբար, Մելքոնյանները դիմում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Սակայն հայցը մերժվում է։ Ըստ գլխավոր դատախազության մեր աղբյուրի, տվյալ դեպքում գործ ունենք պայմանագրի կեղծման հետ։ Դատարանից, կադաստրից պահանջվեցին պայմանագրի բնօրինակները, ինչպես նաեւ «Աստաֆյան» ՓԲԸ-ի փաստաթղթերը, որոնք բնականաբար դատարան չբերվեցին։ Իսկ պայմանագրի «կրկնօրինակում Մելքոնյանների անվան դիմաց նոտարով վավերացված նշված է 1% եւ ստորագրված: Սակայն այդ ստորագրությունից Մելքոնյանները տեղեկություն չունեն, նրանց ստորագրությունները կեղծված են»,- ասում է փաստաբան Վ. Հախվերդյանը։ Վերջինս դիմել էր գլխավոր դատախազություն՝ պաշտոնական փաստաթուղթը կեղծելու կապակցությամբ քրեական գործ հարուցելու դիմումով։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Սոս Հունանյանը մերժել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Ըստ վերջինի, «նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով չի հիմնավորվել հայտարարությունում նշված կեղծիքների փաստը։ Իսկ ինչ վերաբերում է եկամուտների չափին եւ վճարումներին, ապա դրանք քաղաքացիա-իրավական հարաբերություններ են եւ ենթակա է լուծման դատական կարգով»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել