Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԱՆԽՆԱ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Սեպտեմբեր 16,2004 00:00

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԱՆԽՆԱ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Այդ մասին վկայում է նաեւ պետբյուջեն Երբեմն զարմանալի ճշգրտությամբ են պետական բյուջեում արտացոլվում տնտեսական զանազան իրողություններ: Թեեւ ընդունված չէ պետական բյուջեի մուտքերն ամփոփել 8 ամսվա կատարողականով, սակայն որոշ տվյալներ արդեն իսկ շատ խոսուն են: Մասնավորապես, ակնհայտորեն նվազել են բնապահպանական վճարները, որոնք գոյանում են բնական ռեսուրսների արդյունահանումից, կենսապաշարների (անտառ, արոտավայրեր), ջրի օգտագործումից: Սա ավելի շուտ օրինաչափություն է, քան արտառոց երեւույթ՝ հաշվի առնելով բնության նկատմամբ հասարակության եւ պետական պաշտոնյաների վերաբերմունքը, որ գնալով ավելի անխնա է դառնում: Չնայած ըստ բնապահպանության նախարարի՝ որոշ ուղղություններով այդ վճարներն ավելացել են, մեր աղբյուրներն այլ բան են վկայում: Վերջին հինգ տարիների համար բնապահպանական վճարների գանձման ամենացածր մակարդակը գրանցվել է 2001 թվականին: Այնուհետեւ այդ վճարները սկսել են աճել, ինչը կապվում է այդ ոլորտում իրականացված բարեփոխումների հետ. պարտքերի զիջում, դրույքաչափերի նվազեցում (որոշակի դեպքերում), ջրաչափերի տեղադրում եւ այլն: Մոտավորապես այդ ժամանակաշրջանում էր, որ նախագահի վերահսկողական ծառայությունը հատկապես բնական հանածոների արդյունահանման բնագավառում տիրող բարձիթողի վիճակը կարգավորելու նպատակով վերահսկողության տակ առավ այս ոլորտը: Սակայն այս միջոցառումներն ու բարեփոխումներն ուղղված էին առաջին հերթին բնության պահպանմանը, որի հետեւանքով պետբյուջեում մեխանիկորեն ավելանալու էին նաեւ բնապահպանական վճարները: Այդպես էլ եղավ. այդ ցուցանիշը սկսեց կայուն աճել՝ 1.4 միլիարդից անցած տարի սեպտեմբերին հասնելով 2.66 միլիարդ դրամի: Մինչդեռ այս տարի նույն ժամանակահատվածում գանձվել է ընդամենը 2.12 միլիարդ դրամ: Շուրջ 540 միլիոն դրամով պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Կես միլիարդ դրամը մեծ տարբերություն է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը օրինաչափորեն պետք է աճի: Նախ, որովհետեւ դրա համար բավականաչափ բարեփոխումներ են արվել: Երկրորդ, որովհետեւ տնտեսությունն աճում է, իսկ որ ավելի էական է, մեծ տեմպերով աճում է կապիտալ շինարարությունը: Բացի այդ, երկար տարիների համար առաջին անգամ պետբյուջեի (ընդհանուր առմամբ) եկամուտները նախատեսվածից ավելի են հավաքվում: Ի դեպ, մասնագետներն ամենեւին էլ սա պաշտոնական բնորոշման նման պրոֆիցիտ չեն անվանում: Որովհետեւ պրոֆիցիտ (եկամուտների ավելցուկ) չի կարող լինել դեֆիցիտային բյուջեում. ընդամենը առաջին կիսամյակում 12 միլիարդով ավելի եկամուտներ են հավաքագրվել: Բացի այդ, վաղուց արդեն պետբյուջեն կատարման առումով ռիսկային չի պլանավորվում: Ամեն դեպքում եկամուտների հաջող հավաքագրումը խիստ դրական միտում է մեր պետբյուջեի եւ ընդհանրապես տնտեսության համար: Օրինակ, այս տարվա չնախատեսված, բայց հավաքված եկամուտները որոշվել է ծախսել ճանապարհաշինության վրա: Պետբյուջեի կատարման եւս մի քանի ուշագրավ հանգամանքներ. ավանդաբար ամենադժվարը հավաքվող շահութահարկից այս տարվա ութ ամիսներին գանձվել է մոտավորապես այնքան, որքան նախատեսված է եղել անցած ողջ տարվա ընթացքում: Հնարավոր է՝ սրան նպաստել է անցած տարի կատարված օրենսդրական վիճահարույց փոփոխությունը, սակայն որոշ մասնագետների գնահատմամբ, դրան կարելի է վերագրել ոչ ավելի, քան 170 միլիոն դրամը (մեկ տոկոսը): Եվ ամբողջովին հիմքեր կան, որ տարվա պլանը եւս կկատարվի: Աննախադեպ ցածր մակարդակի վրա է մշակութային արժեքների արտահանումից գանձվող գումարների մակարդակը: Օրինակ՝ 2001-ի համեմատ այն մոտավորապես կիսով չափ պակաս է: Եվ սա՝ համահայկական մշակութային մի շարք միջոցառումների անցկացման պարագայում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել