Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը ներկայացավ ԶԼՄ-ներին

Սեպտեմբեր 16,2004 00:00

ԱՄՆ դեսպանը ներկայացավ ԶԼՄ-ներին Յուրօրինակ ձեւով էր կազմակերպել իր առաջին հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Էվանսը: Երեկ կայացած մամլո ասուլիսին մաքուր հայերենով ներկաներին ողջունելուց հետո նա լրագրողներին ներկայացրեց դեսպանատան գրեթե ողջ կազմը՝ մանրամասնորեն անդրադառնալով յուրաքանչյուրի պարտականություններին եւ արժանիքներին: Վերջիններիս մեջ, ի դեպ, երկու ամերիկահայեր կան, որոնցից մեկը քաղաքական եւ տնտեսական հարցերով խորհրդատու է, իսկ մյուսը հանդիսանում է Պետդեպի գանձապետության ներկայացուցիչը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Դեսպան Էվանսը մինչ Հայաստանում նշանակում ստանալը աշխատել է Թեհրանում, Պրահայում, Բրյուսելում եւ Սանկտ-Պետերբուրգում: Հայաստանի մասին առաջին անգամ որոշ տեղեկություններ է լսել իր տատից՝ մանուկ հասակում: Առավել լուրջ ծանոթացումը տեղի է ունեցել 1988թ., երբ նա Վաշինգթոնում կոորդինացնում էր երկրաշարժից տուժած Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնությունը: Ո՞ր խնդիրներն են լինելու պրն Էվանսի համար առաջնային՝ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս: Դեսպանի ներկայացմամբ, դրանք երեքն են՝ տարածաշրջանային անվտանգություն եւ կայունություն, Հայաստանի տնտեսության բարգավաճում եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացում: Դեսպանի խոսքերով, հենց նշված ուղղություններով է ԱՄՆ-ն աջակցում եւ շարունակելու է աջակցել Հարավային Կովկասի երկրներին ու, մասնավորաբար, Հայաստանին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ դեսպանը, բնականաբար, անդրադարձավ նաեւ տարածաշրջանային իրողություններից բխող ավանդական հարցերին: Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեղյալ համարելը, ըստ նրա, միանգամայն ճիշտ որոշում էր, քանի որ գործընկերներից որեւէ մեկի չմասնակցելու փաստը ինքնին հակասում է գործընկերության ոգուն: ԼՂ հարցի վերաբերյալ Ջոն Էվանսի դատողությունները հին էին, ինչպես հակամարտությունն ինքը. ԱՄՆ-ն, իբրեւ պաշտոնապես Մինսկի խմբում ներկայացված միջնորդ-համանախագահ, ամենայն կերպ աջակցելու է բանակցային գործընթացին, սակայն վերջնական լուծումը պետք է գտնեն հակամարտող կողմերը: Իսկ ի՞նչ կասի ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական սահմանի մասին: Առանձնապես ոչ մի նոր բան. նա (իմա՝ ԱՄՆ կառավարությունը) համարում է, որ այդ սահմանը պետք է բացվի, ինչը դրական անդրադարձ կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի արեւելյան շրջանների տնտեսության վրա: Ջոն Էվանսը ողջունեց նաեւ հայկական մասնագիտացված դասակի՝ Իրաք գործուղելու մտադրությունը: «Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը բազմազգ ուժերի ընդհանուր առաքելության մեջ»,- նշեց դեսպանը՝ խուսափելով, սակայն, ուղղակիորեն կապել այդ մասնակցությունն ու Իրաքի հետպատերազմական վերականգնման մեջ ՀՀ-ին ներգրավելու հնարավորությունը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել