Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԵԾԱՐԺԵՔ ՆԵՐԴՐՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Սեպտեմբեր 16,2004 00:00

Պարբերական հիվանդությունն իր տարածվածությամբ, հաճախացման միտումով, ծանր բարդություններով, ժառանգաբար փոխանցմամբ եւ բարձր հաշմանդամությամբ այսօր արդեն սպառնում է հայ էթնոսի հետագա գոյատեւմանը։ Վիճակագրական վերլուծությունը հավաստում է, որ շուրջ մեկ դար հետո հայ ազգաբնակչության ներկայացուցիչների մոտ 30 տոկոսը կարող է տառապել պարբերական հիվանդությամբ։

Վերջին տասնամյակում հանրապետության ազգաբնակչության ծանր կեցութատնտեսական վիճակը հանգեցրել է նշանակալի արտագաղթի եւ սփյուռքի խտության շեշտակի մեծացման։ Միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում հայ ազգաբնակչության թիվը գերազանցում է 3 միլիոնը։ Օտարազգի՝ մասնավորապես ռուս բժիշկները բավարար չափով տեղեկացված չեն պարբերական հիվանդության վերաբերյալ։ Այս առումով կարեւորվում է ռուսերեն լեզվով պարբերական հիվանդության տարբեր դրսեւորումներին վերաբերող գիտական աշխատության հրատարակումը։

Հայաստանի Հանրապետության թերապեւտ-ինտերնիստների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վիլեն Հարությունյանի «Էթնիկական եւ գենետիկական գործոնները, փոխանակային-դիստրոֆիկ եւ կլինիկա-ֆունկցիոնալ խանգարումները պարբերական հիվանդության պաթոգենեզում» մենագրությունը նվիրված է հայ ազգաբնակչության մեջ տարածված այդ ախտի պատճառագիտության, կլինիկական դրսեւորումների, հիվանդության բարդությունների, էթնիկական եւ գենետիկական գործոնների նորագույն հետազոտություններին:

Հեղինակը ներկայացնում է տվյալ հարցին առնչվող ժամանակակից բժշկական գիտությանը հայտնի բոլոր տվյալները եւ իր ավելի քան 20-ամյա հետազոտությունների արդյունքները։ Մենագրության հեղինակի եզրակացության համաձայն, պարբերական հիվանդությունը հանդիսանում Է Միջերկրածովյան արեւելյան ավազանի բնիկ ժողովուրդներին հատուկ ժառանգական եւ ընտանեկան ախտաբանական վիճակ, իսկ թուրք ազգաբնակչության մեջ այն տարածվել է վերջինիս կողմից հայ, արաբ, հույն նաեւ հրեական զանգվածների ուծացման հետեւանքով։

Հեղինակի ծանրակշիռ ներդրումն է պարբերական հիվանդության էթնիկական տարբերությունների մանրամասն վերլուծությունը, ինչպես նաեւ այդ տարբերությունների ժառանգագիտական բացատրությունը։ Մեծ գիտական եւ գործնական արժեք են ներկայացնում նաեւ հիվանդության տարբեր ձեւերի ախտածագման դասակարգումը եւ դրանց պաթոգենետիկ բուժման համար առաջարկվող մոտեցումները։

IV գլխում հեղինակը մասնագիտական խոր տրամաբանական վերլուծությամբ ախտածագումնային զուգահեռներ է անցկացնում պարբերական հիվանդության եւ տարանցիկ տենդային (շճաբորբոքային) վիճակների միջեւ, ընթերցողին մատուցելով հիմնավորված տարբերակիչ ախտորոշական լիարժեք չափանիշներ։

Մենագրությունում հեղինակը ընդհանրացնում է արդյունքները, դրանք համադրում է գրականության տվյալների հետ եւ ժամանակակից պատկերացումների տեսանկյունից մանրամասն քննարկում է ոչ միայն էթնիկական եւ գենետիկական գործոնների, այլեւ փոխանակային դիստրոֆիկ (կալցիում-կարգավորող համակարգերի, միկրոշրջանառության հունի, ածխաջրատային փոխանակության առանձնահատկությունների) խանգարումների, շնչառական, մարսողական համակարգերի ախտահարումների, գերօդափոխային համախտանիշի դերը պարբերական հիվանդության պաթոգենեզում։ Մենագրության մեջ հեղինակը հիմնավորում է նաեւ տեղային եւ ընդհանուր բորբոքումների իմունոբիոլոգիական առանձնահատկությունները։

Պրոֆեսոր Վիլեն Հարությունյանի մենագրությունը գիտական նոր եւ մեծարժեք ուսումնասիրություն է ազգային բժշկական ոլորտում։

Գիրքը նախատեսված է պրակտիկ բժիշկների՝ թերապեւտների, մանկաբույժների, վիրաբույժների, նյարդաբանների, ինչպես նաեւ պարբերական հիվանդության հիմնահարցերով զբաղվող գիտաշխատողների համար։

ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
բժշկական գիտությունների թեկնածու,
Երեւանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի
ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել