Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՃԱԿ ՏԵՍՆԵԼԻՍ՝ ՄԻ ՍԵՂՄԵՔ

Սեպտեմբեր 16,2004 00:00

Ի՞նչն
են «միացրել» ՀՀ նախագահն ու
Ջերարդ Գաֆեսճյանը
Այսպես էլ պետք է լիներ, շքախումբը երկրի նախագահին պետք է բերեր եւ սեղմել տար ինչ-որ կոճակ: Այդպես եղավ, երբ նախագահը երկրորդ անգամ կտրեց Վանաձորի «Պրոմեթեւս» գործարանի ժապավենը: Վստահ եղեք՝ երրորդ անգամ էլ է կտրելու: Որովհետեւ նրա շրջապատում չկա մեկը, որն ասի՝ այդպես չի կարելի, այդպես բարոյական չէ, ազնիվ չէ, սխալ է:

«Արմենիա» հեռուստաընկերության «փուչիկը» փչվում էր, իսկ մենք լռում էինք, չեղած հեռուստատեսությունը «հսկա» էր դառնում: Սարգսյանների ընտանիքը առաջ էր գնում, եւ ոչ մեկս չէինք ասում, որ այդպես հեռուստատեսություն չեն ստեղծում, որ արտասահմանյան հեռուստաընկերությունների արտադրանքը վերցնելով, ինչ-որ տեքստեր ավելացնելով եւ վերջում ծրագրի ղեկավար Բագրատ Սարգսյան գրելով՝ ամեն ինչ չի ավարտվում: Եթե դու չես նշում, թե որտեղից ես վերցրել այդ կադրերը, վավերագրական ֆիլմերը, որոնց վրա մարդիկ տարիներ են աշխատել՝ ծախսելով հսկայական միջոցներ, ուրեմն քո արածը պարզապես գրագողություն է: Մենք սա չէինք ասում, որովհետեւ գործընկերներ ենք, եւ մտածում ենք՝ գոնե աշխատանք ունեն:

Տարբեր ամբիոններից անաղարտ հայերենի մասին քարոզող Արտեմ Սարգսյանին ոչ ոք չէր ասում՝ դու մի՛ խոսիր, որովհետեւ քո ընտանիքին պատկանող հեռուստատեսության «Բեռնարդ շոու» հաղորդաշարն է աղավաղում այդ լեզուն: Մենք փորձում էինք մեզ արդարացնելու մասին մտածել, որ հետո հնարավորություն ունենայինք բացատրելու մեր լռությունը:

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սի-Էս մեդիա սիթիի» բացման արարողությունը: Շքախումբը նախագահին բերեց, կանգնեցրեց կոճակի դիմաց ու ասաց՝ սեղմիր: Նախագահն էլ սեղմեց: Կողքին էլ՝ Հայաստանի բարքերից ոչինչ չհասկացող Ջերարդ Գաֆեսճյանն էր: Նա էլ սեղմեց «կախարդական կոճակը»: Բարերարը օգնում է հայրենիքին՝ չկասկածելով, որ իրեն ներքաշել են անօրինական մի գործողության մեջ:

Բագրատ Սարգսյանն այսօր հնարավորություն ունի պատասխանատվությունից խուսափելու: Նա կասի՝ կոճակը ես չեմ սեղմել, սեղմել են երկրի նախագահը եւ ԱՄՆ քաղաքացի Ջերարդ Գաֆեսճյանը: Իսկ շքախմբի ներկայացուցիչները լրացնում էին շոուն: Նույնիսկ «Ընդդիմության» ամենակարկառուն ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այդտեղ դերակատարություն ուներ: Նա փայլում էր, ուրախ էր, լավն էր դերը: Իսկ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը հաստատակամ է, ինչպես միշտ. «Սա եւս մեկ ապացույց է, որ Հայաստանում կան անկախ լրատվամիջոցներ»: Շնորհավորում եմ Ձեզ, տիկի՛ն:

«Սի-Էս մեդիա սիթիի» բացման օրը «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական թողարկման ժամանակ ոմն սենատոր կապի մեջ էր Միացյալ Նահանգներից: Թե ինչ էր ասում նա, ոչ մեկիս հասու չէր, նրա ձայնը չէին տեղադրել, որպեսզի հանկարծ գլխի չընկնեինք, որ հայերենով հնչեցրած տեքստը իրականում կապ չունի սենատորի ասածների հետ:

ՀՀ արտգործնախարարն էլ, բնականաբար, այնտեղ էր: Նա, անշուշտ, կարեւորում է այս մեծ գործը, մանավանդ որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, «Արմենիա» հեռուստաընկերությունում Ջերարդ Գաֆեսճյանի ներդրումների կատարման համար մեծ դերակատարություն է ունեցել նրա խորհրդական Սալբի Ղազարյանը:

Այսպես էլ պետք է լիներ, որովհետեւ մենք լռելյայն հանդուրժեցինք, որ միանգամից երեք հեռուստակապուղի հատկացվի Սարգսյանների ընտանիքին: Այսպես էլ պետք է լիներ, որովհետեւ մամուլի ասուլիսներին բոլորն էլ տեսնում էին, թե ինչպես է «Արմնյուզի» լրագրողը հայտնվում երկու միկրոֆոնով եւ ասուլիսի կեսից «Արմնյուզի» միկրոֆոնը փոխարինում «TV-5»-ով:

Հետո՞ ինչ, կասեն պաշտոնյաները: Իսկապես, հետո՞ ինչ, որ նախագահը սխալ կոճակ է սեղմել: Մի անգամ էլ կկազմակերպեն այդ շոուն, լրիվ օրինական տեսք կտան եւ նախագահը կսեղմի արդեն «օրինական» կոճակը:

Այդպես էլ կլինի:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել