Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցույցեր անեն Արեւմտյա՞ն Հայաստանում

Սեպտեմբեր 16,2004 00:00

Նախագահի
նստավայրի դիմաց՝ մետրոյի կայարանի առջեւ, երեկ ցույցի էին դուրս եկել պատերազմի
շուրջ 50 նախկին ազատամարտիկներ, որոնք բողոքում էին Սահմանադրության փոփոխությունների
դեմ:
Ավելի ստույգ՝ նրանք իրենց ակցիան նախընտրում էին անվանել զորացույց, որ անցնում է առանց զենքի, բայց՝ զինվորական շարքով, իսկ իրենց՝ Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության կամավորական 1-ին եւ 2-րդ ջոկատներ:

Զորացույցն ինչպես Ռոբերտ Քոչարյանից, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանից պահանջում էր՝ նախաձեռնել եւ ապահովել Սահմանադրության մեջ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի բոլոր դրույթների ներառումը: Երկրորդ՝ կասեցնել Հայաստանում ընթացող «սահմանադրական-օրենսդրական դիվերսիայի» բոլոր գործընթացները: Երրորդ՝ նախաձեռնել «համաժողովրդական առաջարկների հենքի վրա, աշխատանքային եռափուլ գործընթացով ՀՀ նոր Սահմանադրությունը միասնականորեն գրելու, ինչպես նաեւ համաժողովրդական ընթացիկ եւ ավարտական լայն քննարկումներով այն հանրաքվեի պատրաստելու խնդիրը»: Սրանք ազատամարտիկների բազմաթիվ պահանջների մի մասն են միայն: Սակայն նաեւ առանձնացնենք, որ նրանք պահանջում են կազմակերպել ուղիղ եթերով հեռարձակվող բանավեճ-քննարկում, որտեղ պիտի համեմատական վերլուծությամբ, հոդված առ հոդված քննարկեն Սահմանադրությունը եւ առաջարկվող փոփոխությունների նախագիծը:

15-օրյա ժամկետում իրենց պահանջները չկատարելու դեպքում ազատամարտիկները խոստանում են դիմել «քաղաքակրթական ապստամբության», որ «վաղը ստիպված չլինենք կրկին դիմել զենքի եւ լինել-չլինելու վճռորոշ պատերազմի»: Նաեւ խոստանում են, որ այդ ապստամբությանը կմասնակցի ոչ թե 50, այլ 20 հազար ազատամարտիկ:

Ուշագրավն այն է, որ թեեւ այս զորացույցն անցկացրին բազմաթիվ ոստիկաններով շրջապատված՝ վերջիններս որեւէ փորձ չարեցին խոչընդոտել ազատամարտիկների գործողություններին: Սակայն չէ՞ որ նախագահի նստավայրից առնվազն 150 մետր շառավղով խստիվ արգելվում է որեւէ զանգվածային միջոցառում կազմակերպելը. այս մասին «Առավոտի» հիշեցմանն ի պատասխան՝ ոստիկաններից բարձրաստիճանը հպարտ-հպարտ ազդարարեց. «Մենք լրագրողների հարցերին չենք պատասխանում»: Իսկ զորացույցի պատասխանատու, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը մեր հարցին, թե իրազեկե՞լ են քաղաքային իշխանությանն այս ցույցի մասին՝ պատասխանեց. «Քանի որ օրենքով մինչեւ 100 հոգին չի համարվում զանգվածային միջոցառում՝ մենք կարիք չունենք թույլտվություն ստանալու: Չնայած դրան՝ մեկ օր առաջ իրազեկում ենք ներկայացրել: Բացի այդ՝ մենք նստավայրի դիմաց չենք, այգու տարածքում ենք: Եվ երրորդ՝ սա մե՛ր երկիրն է, մե՛ր տունն է: Եվ ովքեր այդ 150 մետրի վերաբերյալ արգելքներ են մոգոնել՝ թող մտածեն. մեր երկիրն այնքան փոքր է, որ եթե հաշվենք 150 մետրերով, ապա կարող է ընդհանրապես անցնենք Արազը եւ ցույցեր անենք Արեւմտյան Հայաստանում»:

Նշենք նաեւ, որ այս ակցիայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, որին, ի շարս սահմանադրական փոփոխությունների նախագծի ներքո ստորագրած կոալիցիոն այլ գործիչների, ազատամարտիկները պահանջում են ենթարկել պատասխանատվության: «Զգալի է, որ նրանք չեն ուսումնասիրել Սահմանադրության նոր տարբերակը,- պատասխանեց պրն Սահակյանը:- Կառաջարկեի, որ եթե կոալիցիայի նախագծի հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ շատ լավ կլիներ, որ ցույցեր կազմակերպելու կամ բողոքելու փոխարեն նրանք ներկայացնեին առաջարկություններ: Եվ կարծում եմ, որ մեզ համար դրանք քննարկելի կլինեն եւ կգտնենք լուծումներ այդ առաջարկների համար»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել