Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆՃՈՌՆԻ ՃՈՒՏԻԿՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԻ

Սեպտեմբեր 16,2004 00:00

«ԱՆՃՈՌՆԻ ՃՈՒՏԻԿՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԻ

«Առավոտը» երեկ հետաքրքրվեց՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը
շարունակո՞ւմ է մնալ ամիսներ առաջ իր արտահայտած այն մտքին, թե ընդդիմությանը
մանդատներից զրկելը ինքնասպանություն կլինի կոալիցիայի համար։ Պարզվեց՝ Վահան
Հովհաննիսյանն իր կարծիքը չի փոխել. «Ես դարձյալ նույն կարծիքին եմ։
Գտնում եմ, որ ԱԺ աշխատանքից բացակայելու իրավական գնահատականը հնչել է, բայց դրանից քաղաքական հետեւություն կարող է լինել մանդատից զրկումը։ Որովհետեւ բացակայությունը անհարգելի ճանաչելը մի հարց է, մանդատից զրկելն արդեն քաղաքական որոշում է։ Ես չեմ գտնում, որ այդ որոշումը օգուտ կբերի մեզ։ Անկեղծ ասած, ընդդիմությունը օգտվում է այդ հանգամանքից, եւ երեկ ընդդիմադիր խմբակցություններից մեկի չափից դուրս մտահոգ վիճակը, կարծում եմ, մի քիչ էլ արհեստական էր, գուցե՝ գրգռելու փորձ է կատարվում, որպեսզի իրավիճակը ավելի սրվի։ Բայց ես պիտի ասեմ ընդդիմության մեր գործընկերներին, որ խորհրդարանում նրանց բացակայությունը թուլացնում է երկիրը, խորհրդարանը եւ քաղաքական համակարգը։ Որովհետեւ անհրաժեշտ բանավեճ, տեսակետների բախում տեղի չի ունենում։ Իսկ ցանկացած մեծամասնություն ուժեղ է փոքրամասնությամբ։ Մենք նույն մեխանիզմի տարբեր մասերն ենք, եւ եթե այդ մասերը սկսում են իրարից անկախ աշխատել, մեխանիզմն այլեւս արդյունավետ չի լինում»։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ որքանո՞վ է իրական այն տարբերակը, որ ընդդիմադիր որոշ պատգամավորների կզրկեն մանդատից։ Պարզվում է, ըստ Վահան Հովհաննիսյանի, ընդդիմության մեջ «անճոռնի ճուտիկներ» չկան. «Ըստ կանոնակարգի՝ յուրաքանչյուր պատգամավորի նկատմամբ խորհրդարանը առանձին դիրքորոշում պետք է հայտնի։ Չեմ կարծում, որ կգտնվեն «անճոռնի ճուտիկներ», որոնց նկատմամբ խորհրդարանը հատուկ վերաբերմունք կարտահայտի»։

Մ. Ե.
Հ. Գ. Վահան Հովհաննիսյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել