ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԻՑ
Արայիկ Հայրապետյանի նախընտրական կենտրոնական շտաբը երեկ հանդես
եկավ հայտարարությամբ, որում ասված է.
«2004 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում Արայիկ Հայրապետյանը հավաքել է առավելագույն ձայներ եւ տարել բացարձակ հաղթանակ, որը, ցավոք, չգրանցվեց, իսկ ընտրությունները ճանաչվեցին անվավեր։
Վստահ ենք, որ սեպտեմբերի 19-ին նշանակված վերաքվեարկության ժամանակ նրա ընտրողները կվերահաստատեն իրենց դիրքորոշումը, եւ նա դարձյալ կստանա ավելի քան 14 հազար ձայն։
Սակայն տեսնելով ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքը, որոնցում ընդգրկվել են օգոստոսի 29-ի խայտառակ ընտրություններն իրականացրած հանձնաժողովների անդամները, Արայիկ Հայրապետյանը հրաժարվում է մասնակցել սեպտեմբերի 19-ի վերաքվեարկության նախընտրական քարոզարշավին։
Լինելով ոչ կուսակցական՝ Արայիկ Հայրապետյանը չի ցանկանում ներքաշվել քաղաքական-կուսակցական կեղտոտ խաղերի մեջ եւ դառնալ որեւէ կուսակցության ընտրագործիք։
Արայիկ Հայրապետյանի նախընտրական կենտրոնական շտաբը շնորհակալություն է հայտնում իր տասնյակ հազարավոր ընտրողներին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը, ընկերներին, համախոհներին՝ ընտրարշավում նրան սատարելու համար»։
Նշենք, սակայն, որ ինքնաբացարկի ժամկետն արդեն անցել է, եւ Արայիկ Հայրապետյանի անունը մնալու է ընտրաքվեաթերթիկներում։
Սեփ. լր.