Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԶԵԿՈՒՅՑ

Սեպտեմբեր 16,2004 00:00

ԵԽԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը երեկ Փարիզում մասնակցել
է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է մեր երկրի ստանձնած
պարտավորությունների կատարման ընթացքը՝ Եվրախորհրդի հունվարյան եւ ապրիլյան
բանաձեւերի շրջանակում:
– Ի՞նչ գնահատականներ հնչեցին Հայաստանի հարցով զեկուցող Յասկերնիայի զեկույցում եւ նրա առաջարկած բանաձեւի նախագծում:

– Ամենաանընդունելին 1374 բանաձեւի կատարման գնահատականն էր: Ճիշտ է, փաստաթղթի վերջում նշվում էր, թե կոչ են անում՝ հունվարյան եւ ապրիլյան բանաձեւերի այն կետերը, որոնք չեն կատարվել՝ կատարեն: Բայց ըստ զեկուցողի՝ ըստ էության, կատարվել են գրեթե բոլոր պահանջները, այսինքն՝ արտոնվում են խաղաղ ցույցերն ու երթերը, չկա ազատ տեղաշարժի սահմանափակում, ազատ են արձակվել բոլոր բանտարկյալները, գրեթե լուծված է վարչական կալանքի հարցը՝ շուտով փոխվելու է «Վարչական օրենսգիրքը»: Մոտավորապես այս ոգով էր: Ավելի՛ն՝ զեկուցողը պնդել էր, թե կատարվել է լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ իրագործված բոլոր բռնությունների հետաքննություն: Եվ միայն «Ա1+»-ի հարցն էին ընդհանրապես շրջանցել, քանի որ չէին կարող գրել, թե այն սկսել է եթեր դուրս գալ:

Իհարկե, ես փորձ կատարեցի այս բոլոր կետերի առնչությամբ ներկայացնել փոփոխությունների առաջարկներ: Բայց ցավոք սրտի՝ ընդամենը 2 դեպքում հաջողվեց քվեարկությամբ հասնել հաջողության: Այնպես որ՝ բանաձեւը մնում է լիովին անընդունելի: Մնացած շտկումները կփորձենք անել Վեհաժողովի լիագումար նիստում:

– Բանաձեւի ո՞ր դրույթները հնարավոր եղավ շտկել հանձնախմբում:

– Չէի ասի, թե շատ էական շտկումներ էին: Բանաձեւում մասնավորապես նշված էր. «Վեհաժողովը գոհունակությամբ նշում է, որ…», եւ հետեւում էին այդ կատարումների վերաբերյալ թվարկումները: Իմ պնդմամբ հաջողվեց հանել «գոհունակություն» բառը, քանի որ այն կնշանակեր լիարժեք կատարում: Եվ երկրորդ՝ փաստաթղթի այն հատվածում, որը չի վերաբերում 1374 բանաձեւին, փորձ էր արվում «Ա1+»-ի վերաբացման հարցը կապել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում անցած տարի կատարված փոփոխության հետ: Ձեւակերպումը մոտավորապես հետեւյալն էր, թե այդ փոփոխությունը թույլ է տալիս, որ ՀՌԱՀ-ն ավելի լավ կազմ ունենա, եւ այդ պարագայում լուծվի «Ա1+»-ի հարցը: Այսինքն՝ ստացվում էր, թե փոխանակ հիմա լուծեն «Ա1+»-ի հարցը՝ պետք է սպասեն կազմի ինչ-ինչ փոփոխությունների, մանավանդ որ գիտենք, թե այդ փոփոխությունն էլ չի տա որեւէ արդյունք: Համենայնդեպս՝ հաջողվեց անջատել մեկը մյուսից, որ «Ա1+»-ի հարցը չկապվի օրենքի այդ փոփոխության հետ եւ լուծվի առանձին:

– Զեկույցի կապակցությամբ եղա՞ն այլ ելույթներ, եւ արդյոք Դիտարկման հանձնախմբի մյուս անդամները համամի՞տ էին, թե Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

– Ելույթներ, ըստ էության, չեղան: Խոսեց միայն Տիգրան Թորոսյանը, եւ ես հայտնեցի հակառակ կարծիքը: Հանձնախմբի անդամները միայն կարճ հարցեր էին ուղղում՝ պահանջում ճշտել այս կամ այն ձեւակերպումը:

– Ինչպե՞ս եք բացատրում այս զեկույցի եւ բանաձեւի նախագծի՝ Հայաստանի իշխանության համար նպաստավոր բովանդակությունը:

– Մեզ համար նորություն չէ, որ զեկուցող Յեժի Յասկերնիան արտահայտում է ճիշտ այն կարծիքը, որ ունեն Հայաստանի իշխանությունները: Դա միշտ էլ այդպես է եղել: Ուղղակի 1374 բանաձեւը ապրիլին հաջողվեց փոխել ԵԽԽՎ լիագումար նիստում: Հայաստանում կար շատ հստակ ձեւավորված պայքար, կային շատ բացահայտ ոտնահարումներ, եւ, իհարկե, Վեհաժողովը չէր կարող մարսել նման բաներ, ինչ փաստաթղթեր էլ ներկայացներ զեկուցողը:

– ԵԽԽՎ-ում Հայաստանի իշխանությունը ներկայացնող պատվիրակները նախապես հայտնում էին, թե առաջարկելու են մեր երկրի պարտավորությունների կատարման մասին զեկույցի քննարկումը հետաձգել հունվարյան նստաշրջան: Ենթադրելի է, որ նման նպաստավոր զեկույց ստանալուց հետո նրանք այլեւս չփորձեցի՞ն ձգձգել:

– Պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը նորից առաջարկեց հետաձգել զեկույցի քննարկումը, սակայն չընդունվեց այդ առաջարկը: Ես առավել հակված էի այն լուծմանը, որ աշնանային նստաշրջանում քննարկվեր միայն 1374 բանաձեւը, իսկ 2004-ի հունվարին ընդունված 1361 բանաձեւի կատարումը քննարկվեր 2005-ի սկզբին, որ զեկուցողը հնարավորություն չունենար «սվաղել» 1374-ի հիմնարար հարցերը: Այդպես ավելի ճիշտ կլիներ, բայց իմ նախնական խորհրդակցությունները ցույց տվեցին, որ այդ առաջարկն էլ չի անցնի, ուստի այն չներկայացրի:

– Մինչ ԵԽԽՎ հոկտեմբերի 4-8-ը նիստերն ի՞նչ փոփոխություններ եք մտադիր առաջարկել բանաձեւի նախագծում:

– Բանաձեւը մոտ ժամանակներս արդեն կդադարի գաղտնի լինել եւ կհրապարակվի: Իսկ ես կրկնելու եմ այն առաջարկները, որ արեցի Դիտարկման հանձնախմբի նիստում: Այս անգամ ժամանակը քիչ էր. բանաձեւի նախագիծը տեսքի էր բերվել ընդամենը սեպտեմբերի 10-ին, 11-ին ուղարկել էին, այնպես որ՝ մինչեւ այստեղ գալը չունեի էլ այդ փաստաթուղթը: Հիմա ավելի երկար ժամանակ ունենք, որ առավել հանգամանալից դիտարկենք, թե որտեղ ինչ առաջարկ է պետք անել: Բայց հիմնական խնդիրը ոչ թե առաջարկներ անելն է, այլ՝ որ դրանք ընդունի Վեհաժողովը:

Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել