Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը դժգոհ է ԶԼՄ-ներից

Սեպտեմբեր 15,2004 00:00

Հասարակությունը դժգոհ է ԶԼՄ-ներից Լրատվամիջոցները կոռումպացվո՞ւմ են՝ պայքարելով կոռուպցիայի դեմ Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնը (ԱԳՄԱԿ) վերջերս հարցում է անցկացրել Երեւանի բուհերի դասախոսների, ասպիրանտների, մագիստրոսների շրջանում՝ «ԶԼՄ-ներում կոռուպցիայի լուսաբունումը եւ նրա արդյունավետությունը» թեմայով: Ընտրանքը կազմվել է թվով 500 իրավաբաններից, տնտեսագետներից, սոցիոլոգներից, քաղաքագետներից, պատմաբաններից, լրագրողներից: «Մեր հարցման նպատակն է պարզել մասնագետների կարծիքը եւ ընկալումը լրատվամիջոցներում կոռուպցիոն երեւույթների լուսաբանման մասին,- ասում է ԱԳՄԱԿ նախագահ Լուսինե Մարգարյանը,- վերջին շրջանում կոռուպցիոն խնդիրներին հասարակական հնչեղություն տալու հարցում մեծացել է ԶԼՄ-ների դերը: Պետությունն իր հերթին հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կարեւորում է 4-րդ իշխանության դերը: Բայց ինչպե՞ս է հասարակությունն ընկալում կոռուպցիոն թեմաներով հրապարակումները, արդյո՞ք բավարար մակարդակով են դրանք ներկայացվում»: Պարզվում է՝ հարցման ենթարկվածների ճնշող մեծամասնության՝ 85 %-ի կարծիքով, կոռուպցիան անբավարար կամ թերի է լուսաբանվում լրատվամիջոցների կողմից: Ավելին՝ ռեսպոնդենտների 74 %-ի կարծիքով, ԶԼՄ-ներում զետեղված նյութերը բնավ էլ կոռուպցիայի դեմ պայքարի գործիք չեն: Ելնելով վերոնշյալ 2 հարցերի պատասխաններից՝ ԱԳՄԱԿ-ը գալիս է եզրահանգման, որ, ըստ հարցվածների, լրատվամիջոցներն իրենց 2 կարեւոր առաքելությունները չեն կատարում. նախ՝ կոռուպցիոն երեւույթներին բավարար արձագանք չի տրվում, եւ ապա՝ եղած արձագանքներն էլ արդյունավետ չեն: Ռեսպոնդենտների 27 %-ը կարծում է, որ կոռուպցիոն խնդիրները մակերեսային են ներկայացվում, 36 %-ի կարծիքով հրապարակումներում շատ է սուբյեկտիվ վերաբերմունքը, իսկ 24 %-ի կարծիքով էլ՝ նյութերը ներկայացվում են միակողմանի: «Իհարկե, այստեղ հարկ է հաշվի առնել, թե ինչ նյութի հետ գործ ունես՝ լուրի՞, վերլուծությա՞ն, հարցազրույցի՞: Եթե դա վերլուծություն է, ապա լրագրողի կարծիքը կարող է եւ սուբյեկտիվ լինել: (Ի դեպ, ռեսպոնդենտների գերակշիռ մասը՝ 81 %-ը, գերադասում է այս թեմաների մասին կարդալիս գործ ունենալ հետաքննությունների հետ): Ինչ վերաբերում է խնդրին մակերեսային անդրադառնալու հանգամանքին, ապա, մեր կարծիքով, շատ դեպքերում դա ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ, որոնցից կարեւորագույնը գերատեսչությունների ոչ թափանցիկ աշխատանքն է եւ տեղեկատվության տրամադրման հետ կապված դժվարությունները»,- պարզաբանում է հ/կ նախագահը: Վերոնշյալից արդեն իսկ պարզ է, որ հասարակության վստահությունը լրատվամիջոցների հանդեպ, մեղմ ասած, մեծ չէ, եւ ռեսպոնդենտների 79 %-ի կարծիքով նույնիսկ անիմաստ է դիմել ԶԼՄ-ներին՝ արդյունք ստանալու ակնկալիքով: Իսկ որո՞նք են այդ դեպքում կոռուպցիոն թեմաներին ԶԼՄ-ների անդրադառնալու դրդապատճառները: Հարցվածների միայն 9 %-ն է կարծում, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի ձեւ է: Ըստ 18 %-ի էլ՝ դա մասնագիտական պարտքի դրսեւորում է: Հետաքրքրիր պատասխան է ընտրել հարցվածների 31 %-ը. ըստ նրանց, այդ թեմաներին անդրադառնալով՝ ԶԼՄ-ները միայն ընթերցող շահելու նպատակ են հետապնդում: Այս հարցի մասին հոռետեսական կարծիք ունի հարցվածների 42 %-ը. ըստ նրանց, այդ հրապարակումները պարզապես պատվեր են: «Ո՞ր ոլորտն է առավել կոռումպացված, որին քիչ է անդրադառնում մամուլը» հարցին պատասխանելիս ռեսպոնդենտների 35 %-ը նշում է հարկային ոլորտը, 27 %-ը՝ մաքսային, 25 %-ը՝ դատաիրավական: Հարցման ենթարկվածների 47 %ի կարծիքով այդ ոլորտների՝ ոչ բավարար մակարդակով լուսաբանվելու պատճառն այն է, որ դրանք թափանցիկ չեն աշխատում, 26 %-ը գտնում է, որ մեզ պակասում է մամուլի անկախությունը, 18 %-ի կարծիքով ԶԼՄ-ներին պակասում է մանրակրկիտ եւ հետեւողական աշխատանքը եւ 9 %-ի կարծիքով էլ լրատվամիջոցներն իրենք են հաճախ այդ պայքարում կոռումպացվում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել