ՍՏԻ ԵՎ ՎԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Ինչպես են մսխվել երիտասարդների փողերը Հայաստանի վերջին ժամանակների զարգացումներից ակնհայտ է դառնում, որ գաղափարական, քաղաքական, տնտեսական գործընթացների եւ դրանց բազմաբնույթ հետեւանքների համար այլեւս անիմաստ է մեղադրել առանձին անհատներին՝ մենք գործ ունենք հստակ ձեւավորված համակարգի հետ, եւ այդ համակարգը ներսից հնարավոր չէ ոչ բացատրել եւ ոչ էլ քանդել: Հենց այս համակարգի մասին է խոսքը: Այդ համակարգը Հայաստանը որդեգրել էր 1992-1994 թվականների պատերազմից հետո: Խոսելով մեր ներկայիս իշխանավորների մասին, մենք պետք է ընդունենք. նրանք չէ, որ սարքել են այս համակարգը: Այսօրվա իշխողները պարզապես ընդունել են այն եւ առավելագույնս օգտագործում են ի շահ իրենց՝ դառնալով համակարգի կրողները: Սակայն, մեծ իմաստով, նրանք էլ են այդ համակարգում ընդամենը զոհեր, ինչպես եւ իրենց բազմաթիվ կատարածուները, որոնք հարմարվել են դրան: Այդ մարդիկ ուրիշ համակարգ պարզապես չեն էլ պատկերացնում եւ չեն էլ կարող լքել այն՝ կապված լինելով սեփական բազմաթիվ «կեղտերով», բարեկամական կապերով եւ այլն: Հենց այս կախվածություններով է ղեկավարվում համակարգը: Ցանկացած «վտանգավոր» իրավիճակում այդ բանիմաց «խամաճիկավարները» ձգում են թելերը՝ ստիպելով հնազանդորեն կատարել իրենց կամքը, հարկ եղած դեպքում էլ դեմ տալով չորրորդական անձերին: Այդ նույն խաղի մեջ էլ հաճախակի ներքաշվում են ընդդիմախոսները՝ հիմնական դերակատարների փոխարեն քարկոծելով «դեմ տված» կատարողներին: Օրինակ, երբ շատ է խոսվում փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի մասին, ցանկություն կա հիշեցնելու հայտնի արտահայտությունը. «Թագավորն է քո թշնամին, կռիվ ունես՝ իր հետ արա»: Երկարատեւ աշխատանքի բերումով սերտորեն կապված լինելով երիտասարդական դաշտի հետ՝ մենք որոշեցինք հենց այդտեղից էլ սկսել. այդպես էլ ուսումնասիրեցինք 2001-2003թթ. ՀՀ պետական բյուջեի երիտասարդական տողով իրականացված ծախսերն ու ծրագրերը: Ուսումնասիրությանը ի սկզբանե հնարավորինս խանգարում էր նշված ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: 2.5 ամիս ուշացումով ստացած տեղեկությունները: Դրանց վերլուծության արդյունքները կարելի է դիտարկել որպես վերոհիշյալ համակարգի անքակտելի մաս եւ ստանալ երկրի (համակարգի) ընդհանուր հստակ պատկերը: 90-ական թվականներին սկսեց ձեւավորվել երիտասարդական դաշտը. ստեղծվում էին ուսանողական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, աճում էր երիտասարդության մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին: Հենց այդ ժամանակ ուսանողական կառույցներից ի հայտ եկան մեր հերոսները. Վահրամ Բարսեղյանը՝ նախագահի ներկայիս վերահսկողության ծառայության պետը, Մանվել Բադալյանը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը, Վազգեն Խաչիկյանը՝ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, եւ այլք: Լինելով ուսանողական-երիտասարդական շարժման ակտիվ մասնակիցներ՝ մենք անմիջական գործնական եւ ընկերական շփումներ ենք ունեցել նշված մարդկանց հետ, եւ այդ ժամանակ երեւի չէինք էլ պատկերացնում, որ ժամանակը, իրադարձությունները եւ նույն այդ «համակարգը» ունակ են կլանել եւ «փչացնել»: Դերերի առաջին խոշոր բաշխումը տեղի ունեցավ 1996թ. նախագահական ընտրություններին, երբ ուսանողական թերեւս չկայացած ինքնակառավարման մարմինները միավորող Հանրապետական ուսանողական խորհուրդը իր զորակցությունը հայտնեց նախագահի թեկնածու, գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նախագահական խայտառակ ընտրություններից հետո քաղեց իր առաջին դիվիդենդները. այդ ժամանակվանից նրանք աստիճանաբար սկսեցին սերտաճել համակարգի հետ: Ի դեպ, հենց այդ շրջանում էլ բեմահարթակ էր դուրս եկել այդ նոմենկլատուրային երիտասարդների գաղափարախոս, այդ օրերի ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանի օգնական Վահագն Մկրտչյանը: Քիչ անց քաղաքական տեղաշարժը ստիպեց մեր հերոսներին արագորեն փոխել քաղաքական դիրքորոշումները: 1998թ. ընտրություններին նրանք սատարել էին Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1999թ. խորհրդարանական ընտրություններին՝ Քոչարյանին ըստ էության հակառակորդ՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքին: Նման ակտիվ պոռթկումները զուր չանցան, եւ այդ ծառայությունների համար նրանք ստացան իրենց «փայը». Վազգեն Խաչիկյանը հենց դաշինքի ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր, Վահրամ Բարսեղյանը՝ երիտասարդության հարցերով փոխնախարար, իսկ Մանվել Բադալյանը «ընտրվեց» Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ: «Հոկտեմբերի 27»-ից հետո նրանք հերթական անգամ հարմարվեցին իրավիճակին եւ կրկին անցան Ռոբերտ Քոչարյանի «թեւի տակ»: «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հ/կ Երիտասարդական բյուջեի մանրամասն վերլուծությունը՝ հաջորդ համարում