Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՋ, ՄՈԼՈՐԱԿԻՑ ԴՈՒՐՍ

Սեպտեմբեր 15,2004 00:00

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՋ, ՄՈԼՈՐԱԿԻՑ ԴՈՒՐՍ Երբ թիվ 80 միկրոավտոբուսի վարորդին հարցրի Վարդաշենի 9-րդ փողոցի 70 շենքի տեղը, նա խոժոռվեց. «Էն բոմժնո՞ցը»։ Ի հեճուկս ծանր պայմանների, իշխանությունների համար աներեւույթ այս մարդիկ այսօր էլ ամուսնանում են, երեխաներ ունենում, նույնիսկ՝ 4-ը։ 84-ամյա տիկին Օֆելյան իր ունեցվածքից զրկվել է բարեկամուհու «շնորհիվ»։ Ոչ նրան, ոչ էլ մյուս միայնակ ծերերին ոչ ոք չի այցելում, չեն գալիս նույնիսկ խնամակալությամբ զբաղվող հ/կ-ների ներկայացուցիչները։ Սուսաննայի 4-ամսական դուստրը տեղեկանք չունենալու պատճառով նպաստ չի ստանում, իսկ էպիլեպսիայով տառապող նրա քրոջ համար շտապօգնություն կանչելն անիմաստ գործ է։ Նույն հիվանդությամբ այստեղ ապրում է երկու երեխա։ Մացառապատ ճանապարհով պաշտոնյաները կացարան են եկել միայն թաղապետական ընտրությունների ժամանակ, ինչ-որ խոստումներ տվել եւ մոռացել։ Հոգեկան հիվանդ, երկրորդ կարգի հաշմանդամ Գուրգեն Շահնազարյանը քնում եւ ուտում է հատակին, անապակի փոքր սենյակում։ Նրան կերակրում են հարեւանները։ Երեւանի նախկին կանաչապատման տրեստի գրասենյակում 1990-ին հայտնված առաջին բնակիչ Մարուսյա Փեթակչյանն ասում է, որ անցած տարիներին երկհարկանի կացարանում ոչինչ չի փոխվել, միայն մարդիկ են ավելացել։ Այժմ ապրում են շուրջ 100-ը, որոնցից 10-ը հաշմանդամներ են, 10-ը՝ կենսաթոշակառուներ, 35-ը՝ անչափահասներ։ Գրեթե բոլորը թոշակ կամ նպաստ ստանում են այլ հասցեներից, որովհետեւ Էրեբունի համայնքի վարչական տարածքում գտնվող այս շենքի համար Էրեբունու թաղապետարանը տեղեկանք չի տալիս։ Բնակիչների մի մասին կացարանում տեղավորել է Երեւանի քաղաքապետարանը։ Թե թաղապետարանում, թե քաղաքապետարանում նույն կերպ են պատասխանում՝ «շենքը մերը չէ»։ Կացարանում չկա ջուր, հեռախոս, զուգարան։ Թիվ 80 միակ երթուղագիծն ավարտվում է 300 մետր հեռավորության վրա, երեկոյան ժամը 8-ից հետո էլ միկրոավտոբուս չկա: Բայց ապրում են։ Ուրիշ ելք չունեն։ Մենք փորձեցինք պարզել շենքի պատկանելությունը։ Պարզվեց՝ այն իսկապես ոչ մեկինը չէ, տիրազուրկ է։ 1990-ականների սկզբին շենքի շինարարությունը մնացել է անավարտ եւ ցայսօր չի մտել որեւէ կազմակերպության հաշվեկշիռ։ Քաղաքապետարանը խիստ կարիքավորներին առաջարկել է զբաղեցնել կացարանը, ցուցակագրել նրանց։ Սակայն որոշ ժամանակ անց հատկացումը դադարեցրել է, տեղեկանք տալը՝ նույնպես։ Իսկ բնակիչներին առաջարկել են դիմել Էրեբունու թաղապետարան, որպեսզի վերջինս դատարանի միջոցով տեր դառնա շենքին։ Թաղապետարանի դանդաղկոտությունն այս պարագայում բացատրելի է. արդեն բնակեցված տարածքը, այն էլ՝ ընչազուրկներով, միայն հոգս է, առանց օգուտի։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել