Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԶԵԿՈՒՅՑԸ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ»

Սեպտեմբեր 15,2004 00:00

«ԶԵԿՈՒՅՑԸ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ» Այս գնահատականը տվեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ԼՂ հարցով նախկին զեկուցող, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի զեկույցին, որ ներկայացվեց երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում: «Ղարաբաղի խնդրին նվիրված զեկույցը բավականին ուշ քննարկվեց, քանի որ շատ երկար տեւեց Չեչնիային վերաբերող հարցի քննարկումը,- Փարիզից մեզ հեռախոսով հայտնեց Տիգրան Թորոսյանը, որ նաեւ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ է:- Ըստ էության, նախագծի քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ, եւ հանձնաժողովը չընդունեց նախագծի հետ կապված որոշում: Պարզապես Թերի Դեւիսը որպես նախկին զեկուցող ներկայացրեց փաստաթուղթը ու նաեւ բանավոր շարադրեց իր նկատառումները: Նրա ելույթից հետո եղան մի շարք պատգամավորների ելույթներ, ու սրանով ավարտվեց՝ փաստաթուղթը չստացավ կարգավիճակ»: Քանի որ Թերի Դեւիսի զեկույցի տեքստը չկա ԵԽԽՎ պաշտոնական կայքում՝ Տիգրան Թորոսյանին խնդրեցինք ներկայացնել այդ փաստաթղթի հիմնական շեշտադրումները, սակայն նա նշեց. «Ճիշտ կլինի՝ Հայաստան վերադառնալուց հետո մանրամասն անդրադառնալ այդ փաստաթղթին: Բայց մի բան է պետք շատ լավ հասկանալ, որ ըստ էության՝ այդ զեկույցն այսօր չունի որեւէ իրավական ուժ: Զեկույցին առնչվող որեւէ որոշում չի ընդունվել, իսկ նոր զեկուցողը միանգամայն ազատ է այդ զեկույցի ցանկացած գաղափար օգտագործելու կամ չօգտագործելու հարցում»: Նրա այս նկատառումները տեղիք տվեցին ենթադրության, որ Թերի Դեւիսի զեկույցը պարունակել է աննպաստ ձեւակերպումներ Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Փորձեցինք ճշտել այս տպավորությունը, եւ Տիգրան Թորոսյանը փաստորեն հաստատեց մեր ենթադրությունը. «Իհարկե, կային ձեւակերպումներ, որոնք անցանկալի են մեզ համար: Դրանց մի մասը շտկվեց, մյուս մասը՝ ոչ: Բայց հիմնական պատկերը, կարծում եմ, էապես շտկվել է: Եվ ամենակարեւորն ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ որեւէ իրավական ուժ չունի այս զեկույցը»: Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ անցանկալի ձեւակերպումներ կային, որոնք չհաջողվեց շտկել՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը դարձյալ պնդեց. «Մանրամասն եւ որոշակի կխոսենք վերադարձից հետո»: Վստահ ենք, որ մինչ մեր պատվիրակությունը վերադառնա Հայաստան՝ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ առատորեն կմեջբերեն զեկույցի՝ իրենց համար նպաստավոր հատվածները: Սակայն Տիգրան Թորոսյանը վստահ է. «Այդ փաստաթուղթն այլեւս չի կարող լինել նպաստավոր կամ աննպաստ, հայամետ կամ ադրբեջանամետ, քանի որ որեւէ ուժ չունի եւ այլեւս պատմական, անցյալի մի բան է, անգամ փաստաթուղթ չէ: Զեկուցողն ավարտեց իր աշխատանքը եւ վե՛րջ՝ դրանով ավարտվեց այս զեկույցի կյանքը: Սա նախկին պատգամավոր Թերի Դեւիսի կարծիքն էր՝ ուրիշ ոչինչ: Եվ ինքը հատուկ ընդգծում էր, թե սա գլխավոր քարտուղարի կարծիք չէ, այլ նախկին զեկուցող Թերի Դեւիսի կարծիքը»: Տիգրան Թորոսյանը նախապես հայտնել էր, թե մտադիր է հանձնաժողովում հանդես գալ Ղարաբաղի խնդրին վերաբերող զեկույցին փուլ առ փուլ անդրադառնալու առաջարկով: Նրա պատճառաբանությունն էր, թե բովանդակային քննարկման համար հարցը պետք է լավ պատրաստված լինի, ինչը որոշակի ժամանակ եւ աշխատանք է պահանջում, ու նաեւ՝ մինչ քննարկումը մասնակիցներին պետք է հնարավորություն տրվի ծանոթանալ զեկույցին: Տիգրան Թորոսյանը նաեւ շեշտել էր, թե նոր զեկուցողին եւս ժամանակ է անհրաժեշտ զեկույցին խորապես ծանոթանալու համար: Մեր հարցին, թե ընդունվե՞ց այդ առաջարկը՝ պրն Թորոսյանը դրական պատասխանեց. «Եվ այդ առաջարկի բաղկացուցիչներից մեկն էր, որ որեւէ որոշում հիմա չընդունվի, այլ հնարավորություն տրվի, որ նոր զեկուցողը, իհարկե, ծանոթ լինելով Դեւիսի կարծիքին, ըստ էության, սկսի զրոյից՝ հանդիպի համանախագահներին, այցելի Հայաստան, Ղարաբաղ եւ այլն: Ընդունվեց այս առաջարկը, եւ նոր զեկուցողը նաեւ ասաց, թե ինքը շատ ընդունելի է համարում կլոր սեղան կազմակերպելու առաջարկը, որին պիտի մասնակցի նաեւ Ղարաբաղը»: Ի դեպ, Փարիզում է նաեւ մեր պատվիրակությունում «Արդարությունը» ներկայացնող Շավարշ Քոչարյանը, որին Եվրախորհուրդը հրավիրել է մասնակցելու դիտարկման հանձնախմբում Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցի քննարկմանը. «Եվրախորհրդի կանոնակարգը պահանջում է, որ եթե դիտարկման հանձնախմբում քննարկվում է տվյալ երկրի հարցը՝ ներկա լինեն ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները, նույնիսկ եթե նրանք այդ հանձնախմբի անդամ չեն»: Մեր հարցին՝ որեւէ տեղեկատվություն կա՞, թե ինչ գնահատական են տվել զեկուցողներ Յասկերնիան եւ Անդրեն Հայաստանի վերաբերյալ 1374 բանաձեւի կատարման ընթացքին՝ պրն Քոչարյանը պատասխանեց, որ դեռեւս չունի հստակ տեղեկատվություն, թե ինչպիսին է լինելու սեպտեմբերի 15-ին ներկայացվող բանաձեւի նախագիծը: Սակայն հայտնեց, որ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները գրավոր ներկայացրել են իրենց գնահատականներն այդ բանաձեւի պահանջների կատարման վերաբերյալ. «Մենք ներկայացրել ենք այն գնահատականը, որ համապատասխանում է իրականությանը, այն է՝ կատարված չէ որեւէ պահանջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել