Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵՍՏ» ՊԵՏՔ Է ՏԱՆ ՄԵԶ»

Սեպտեմբեր 15,2004 00:00

«ՉԵՍՏ» ՊԵՏՔ Է ՏԱՆ ՄԵԶ» ԱԺ-ն հսկող ոստիկաններից պահանջում է պատգամավոր Մանուկ Գասպարյանը ԵԽԽՎ 1361 եւ 1374 բանաձեւերի պահանջների կատարման մասին ՀՀ իշխանությունները պարտավոր էին հաշվետվություն ներկայացնել Եվրոպայի խորհրդին։ Ընդ որում, յուրաքանչյուր կետի մասին՝ առանձին տեղեկատվություն։ Դեռեւս հուլիսի վերջին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ուղարկվե՞լ է արդյոք տեղեկատվություն եւ ինչպիսի՞ն է այն։ Պարոն Թորոսյանն ասաց, որ Հայաստանի իշխանություններն ուղարկել են տեղեկատվություն, բայց փաստաթղթի մանրամասներին չանդրադարձավ։ Տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները տեղեկացված չեն, թե ինչ է գրված այդ փաստաթղթում։ Որքան էլ զարմանալի է, անտեղյակ են ոչ միայն ընդդիմադիր, այլեւ՝ իշխանական պատգամավորները։ Բազմիցս առիթ եղել է վերջիններիս հարցնել այդ մասին, միշտ էլ ասվել է, թե իրենք չգիտեն՝ ինչ է գրված ԵԽԽՎ ուղարկված իշխանությունների տեղեկանքում։ Երեկ, ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին հայտարարությունների ժամին, «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը յուրովի ներկայացրեց ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւերի պահանջների կատարման ընթացքը։ Ըստ Աղասի Արշակյանի՝ «ՀՀ իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս հանրահավաքներ եւ ժողովներ, այլեւ հետբանաձեւյան ժամանակահատվածում արագ ռեժիմով՝ երկու շաբաթվա ընթացքում երեք ընթերցմամբ ընդունեցին եւ գործողության մեջ դրեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» նոր օրենք, որը ուղղակիորեն հակադրության մեջ է ՀՀ Սահմանադրության, ՀՀ-ի կողմից վավերացված մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների հետ»։ Աղասի Արշակյանը հիշեցրեց, որ 1374 բանաձեւի բոլոր կետերը շարունակել են խախտվել նաեւ բանաձեւի հրապարակումից հետո, այն է՝ ոչ միայն չի երաշխավորվել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, այլեւ ցուցարարների համար շարունակաբար փակվել են Երեւան բերող ճանապարհները։ Բանաձեւի կետերից մեկը կատարված բռնությունների կապակցությամբ անհապաղ հետաքննություն սկսելն էր. «Սրա մասին խոսք լինել չի կարող, քանի որ չեն հայտնաբերվել ժողովրդին դաժան ծեծի ենթարկած մարդիկ, այդ թվում՝ Միքայել Դանիելյանին եւ Աշոտ Մանուչարյանին ծեծողները։ Չեն պատժվում մանկավարժ Վիրաբյանին ծեծող, ամորձահատության հասցրած ոստիկանները, թեեւ նրանց անունները նույնպես հայտնի են»։ Բանաձեւի ընդունումից հետո, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանվածներին, ոչ միայն մարդիկ ազատ չարձակվեցին, այլեւ եղան նոր ձերբակալություններ։ Բանաձեւը պարտադրում էր նորմալ, բնականոն աշխատանքի հնարավորություն ապահովել լրատվամիջոցների համար. «Ավելորդ է այս մասին խոսել, քանի որ շարունակում են հեռարձակման իրավունքից զրկված մնալ «Ա1+»-ը, «Նոյյան տապանը»։ Ուշագրավ էր անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի հայտարարությունը։ Արդեն երկու օր է՝ ազգային երեսփոխաններին վրդովեցնում են ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ հերթապահող իրավապահները։ Վերջիններս բացարձակապես չեն ուզում «ճանաչել» պատգամավորներին։ Մանուկ Գասպարյանի հայտարարությանը թերեւս կմիանային մեծաթիվ այլ պատգամավորներ։ Մանուկ Գասպարյանը վրդովված էր Պետական պահպանության ծառայության աշխատանքից. «Ստուգում են վկայականները՝ պատճառաբանելով, որ մեզ չեն ճանաչում։ Եթե չեն ճանաչում, թող կուրսեր բացեն եւ 131 պատգամավորների նկարները տան իրենց եւ սովորեցնեն, թե ով ով է, թող քննություն ընդունեն նրանցից, հետո բերեն-գցեն մեր ջանը՝ մեր ներվերը չքայքայելու համար»։ Եթե ծառայությունը ստեղծվել է պետական կարեւորագույն օբյեկտների պահպանության համար, ինչո՞ւ է իր գործունեությունը միայն ԱԺ-ում ծավալում, չէր հասկանում Մանուկ Գասպարյանը. «Պահանջում եմ ԱԺ-ի ղեկավարությունից՝ կամ այդ ստորացուցիչ պրոցեդուրան կվերացնեն, աննկատ կստուգեն, կամ էլ մեզ պես թող իջնեն ներքեւ՝ այդ աշխատողներին վկայականներ ցույց տալով մտնեն ներս»։ Նաեւ պահանջեց, որ պահպանության ծառայության աշխատակիցները պատիվ տան պատգամավորներին. «Առանց «չեստի» գործողության նրանք իրավունք չունեն մեր առաջ հարցեր դնելու»։ Հայտարարությունների իրենց իրավունքից երեկ առատորեն օգտվեց «Ազգային միաբանություն» խմբակցությունը եւս, սակայն ԱԺ ամբիոնից հնչեցին բոլոր այն հայտարարությունները, որոնք անցած ուրբաթ հնչել էին Ճարտարապետների տանը «ԱՄ» կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, եւ որոնց մենք անդրադարձել ենք։ Մի փոքրիկ տեխնիկական դժգոհություն հնչեց «ԱՄ» խմբակցությունից։ Արտաշես Գեղամյանի անունը հերթագրվածների ցուցակում վերջիններից էր։ Սրանում միտում տեսնելով՝ Ալեքսան Կարապետյանն ասաց. «Բանն այն է, որ բոլորս չէինք սեղմել կոճակները, սպասում էինք Գեղամյանը սեղմեր, հետո մենք սեղմեինք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել