Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Սեպտեմբեր 15,2004 00:00

Երեկ տեղի ունեցավ Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո գործող Սրբապատկերի դպրոցի առաջին շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը: Դպրոցը հիմնադրվել է 2000թ. մայիսի 28-ին:

«Առաջին սրբապատկերը Հայաստան է բերել Բարդուղիմեոս առաքյալը: Աբգար թագավորն էլ Հիսուսի անձեռակերտ պատկերն է ունեցել: Այնպես որ, հայ եկեղեցին առաջինն է, որ առնչվել է սրբապատկերի հետ»,- ասաց դպրոցի տնօրեն Աբրահամ Ազարյանը: Նրա համոզմամբ՝ կորցրել ենք սրբապատկերային արվեստի ակունքները, ուստի իրենց դպրոցի նպատակն է լինելու վերականգնել ամեն ինչ՝ առաքելական դավանաբանությանը հարիր: Սրբապատկերի դպրոցում ուսուցանվում է ոչ միայն հայ եկեղեցու, այլեւ հայ արվեստի եւ կրոնի պատմություն, մանրանկարչություն: Դասավանդում են հիմնականում հոգեւորականներ: «Այսօր հայտնվել ենք մի վիճակում, երբ չունենք հիմնական սրբերի՝ Նարեկացու, Շիրակացու, Գրիգոր Լուսավորչի, Հռիփսիմեի եւ այլոց սրբապատկերները: Մենք դպրոցում խնդիր ենք դրել ստեղծել այդ ամբողջ պատկերասրահը»,- պատմեց Ա. Ազարյանը: Նա հույս ունի, որ շրջանավարտները հիմք կդնեն հայկական մանրանկարչությունից բխող սրբապատկերային արվեստին եւ հնարավորություն կստեղծեն ավելի լրջորեն մոտենալ խնդրին: Դպրոց կարող են ընդունվել առանց տարիքային սահմանափակման, կարեւորը աղանդավոր չլինեն, քանի որ տնօրենի խոսքերով՝ շատ կարեւոր է ուղղափառ մտածողությամբ սրբապատկեր նկարելը:

«Ցավոք, վերջին տարիներին եկեղեցին թույլ է տվել ներսում ամեն տեսակ նկարներ կախել, սակայն դրանք ժամանակի ընթացքում կվերանան, եթե լինեն համապատասխան մասնագետներ՝ իրենց սրբապատկերներով: Յուրաքանչյուր եկեղեցի, հայ առաքելականը՝ մասնավորապես, իր պատկերագրությունը ունի: Պատահական չէր, որ Խրիմյան հայրիկը ժամանակին արգելեց Հովնաթանյանների նկարները՝ համարելով հայ եկեղեցուն ոչ հարիր, կաթոլիկ ազդեցություն ունեցող»,- հիշեց պրն Ազարյանը: Ըստ Ա. Ազարյանի, խնդիրը հրատապ է նաեւ այսօր:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել