Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոգու սովը եկել է

Սեպտեմբեր 15,2004 00:00

Չնայած դրան՝ 4 մտավորականներ դեռ ստեղծագործում են

Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայկաշեն Ուզունյանի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը, որը, ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանի խոսքերով, շնորհվում է միայն «գրականության մեջ աչքի ընկնող դեմքերին»: Այս տարի հանրապետության եւ Սփյուռքի լավագույն մտավորականները չորսն էին՝ գրողներ Պերճ Զեյթունցյանն ու Վահան Վարդանյանը, բանասեր Հենրիկ Էդոյանն ու պատմաբան Աշոտ Մելքոնյանը: Մինչ մրցանակները նրանց կհանձնվեր, Ռ. Միրզախանյանը, հայի՝ լավության տակից դուրս գալու սովորության համաձայն, ադամանդակուռ «Արարատ» շքանշան հանձնեց Հայկաշեն Ուզունյանին: Մրցանակակիր Աշոտ Մելքոնյանի «Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին կեսին» պատմագիտական աշխատությունը ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր Կարլեն Դալլաքյանը: «Նա կարծես մետրը ձեռքին չափել է ողջ Ջավախքը, ընդ որում՝ ոչ թե մեկ անգամ, այլ՝ բազմիցս: Սա մրջնային համառությամբ ու բարեխղճությամբ կատարված գործ է, ոչ թե սովորական ստեղծագործություն, այլ՝ մրջնագիր»,- այսպես բնութագրեց Կ. Դալլաքյանը պարոն Մելքոնյանի գիտական աշխատությունը: «Ծրար հայելու մեջ» վիպակի համար մրցանակի է արժանացել նաեւ Պերճ Զեյթունցյանը: Թեեւ վերջինիս ստեղծագործության մասին շատ քիչ խոսեցին, նա ինքը ցանկություն հայտնեց ելույթ ունենալ: «Եթե մի քիչ նրբանկատորեն խոսեմ, մեզ սպառնում է ոգու սովը, բայց եթե ճիշտն եք ուզում իմանալ՝ սովն արդեն եկել է»,- գուժեց Պ. Զեյթունցյանը: Հոռետեսական տրամադրությամբ համակված՝ նա խոսեց ոչ թե իր մրցանակի, ստեղծագործությունների, այլ ընթերցողի բացակայության մասին. «Առաջ Շիրազի, Սեւակի գրքերի համար գիշերում էինք գրախանութների դռների առջեւ, իսկ հիմա նկատում ենք նյութական արժեքների գերակայությունը հոգեւորի նկատմամբ»:

Հետաքրքիր էր, որ մրցանակակիրներից եւ ոչ ոք անգամ միջոցառման ավարտից հետո չցանկացավ բացել ծրարն ու իմանալ՝ որքան դրամական պարգեւ են ստացել: Կարելի էր մտածել՝ ամաչում էին: Ա. Մելքոնյանը երկմտելով, կարծես գուշակություն անելով՝ պատասխանեց. «500 կամ հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պետք է որ լինի»: Միջոցառման ավարտին «Առավոտն» այնուամենայնիվ ոգու սովի դեմ պայքարող մտավորականներից հետաքրքրվեց՝ որքա՞ն է պարգեւատրության չափը։ Բոլոր մտավորականներն էլ հրաժարվեցին պատասխանել։

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել