«Կամերային նվագախմբերն ու երգչախմբերը թանգարաններին ու պատկերասրահներին չեն խանգարի»,- կարծում է դիրիժոր Գրիգոր Ոսկանյանը։
Օրերս նրա ղեկավարած Երիտասարդական կամերային նվագախումբը վերադարձավ Շոտլանդիայից։
Տեղեկացնենք, որ այս կոլեկտիվը ստեղծվել է 2002թ., որտեղ ընդգրկված են հիմնականում Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողներ, իսկ գեղարվեստական ղեկավար Գ. Ոսկանյանը ճանաչված դիրիժոր Յուրի Դավթյանի ասիստենտն է։ Դեռ 1993-ից դիրիժորը մասնակցել է փառատոների, իսկ 94-ին՝ Իսպանիայի Սեւիլիա քաղաքում կայացած միջազգային սիմպոզիումում հանդես է եկել «Հայ հոգեւոր երաժշտությունը» զեկուցմամբ։ Նվագախումբը ելույթներ է ունեցել հանրապետության գրեթե բոլոր մարզերում, Արցախում։ Իսկ թե ինչու մայրաքաղաքում ելույթներ չի ունեցել, Գ. Ոսկանյանը պատճառաբանեց, որ իրենք դեռ չեն շտապում։ Ավելին, պատրաստ է, բայց ոչ թողարկված, արդեն 3 CD՝ կազմված արեւմտաեվրոպական եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից. «Արվեստում չեմ ընդունում շտապողականությունը։ Այո, համամիտ եմ «տասը չափել ու մեկ կտրելուն»։ Ըստ ղեկավարի, նվագախումբը աշխատում է տարին 12 ամիս, փորձատեղը տրամադրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մշակույթի կենտրոնը։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքերով, վերջերս ավարտված հեղինակավոր փառատոնը Շոտլանդիայում անցկացվում էր 32-րդ անգամ, մասնակցում էր 17 երկիր, մոտ 1000 մասնակից։ «Առավոտի» հարցին՝ «Ո՞վ աջակցեց ձեր մասնակցությանը փառատոնին», Գ. Ոսկանյանը պատասխանեց. «Ոչ ֆինանսական, այլ կազմակերպչական աջակցություն ստացանք Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի կողմից։ Ասեմ, որ մենք միակ կոլեկտիվն էինք, որի ծախսերը հոգացել էր փառատոնի կազմակերպիչը։ Եվ միակ նվագախումբն էինք, որ ի թիվս այլ ստեղծագործությունների (Շոստակովիչ, Բարտոկ, Դեբյուսի, Ռ. Ալթունյան, Ա. Ոսկանյան եւ այլք), կատարեցինք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան»։
Մեր դիտարկմանը՝ «Նվագախմբի կամերային կազմը թո՞ւյլ է տալիս օպերային ստեղծագործություն կատարելու», նվագախմբի ղեկավարն ասաց, որ այս փառատոնի գերնպատակն էր մերձեցնել աշխարհի երիտասարդ երաժիշտներին եւ, բնականաբար, օպերայի համերգային կատարման համար մեր նվագախումբը համալրվեց նաեւ այլազգի երաժիշտներով, մեներգիչներով՝ Տրեկի Սմիթ Բեսեթե (Կանադա), Հրաֆնիլդուր Բջորնսդոթիր (Իսլանդիա), Դիք Վուանդեյլ (Բելգիա) եւ այլք։ Ըստ պրն Ոսկանյանի, մեծ է եղել հետաքրքրությունը նաեւ հայ կոմպոզիտորների հանդեպ։ Օրինակ՝ «Արզաս Ոսկանյանի «Հույզեր» ֆանտազիայի (գրված դաշնամուրի եւ լարային կազմի համար, դաշնակահար՝ Աննա Կարապետյան) կատարումից անմիջապես հետո փառատոնի տնօրեն Սթիվեն Սթեյնինգից ստացանք այս ստեղծագործությունը ձայնագրելու առաջարկ, թեեւ այն չիրականացրինք»,- ասաց դիրիժորը։ Մեր խնդրանքին՝ մանրամասնել չիրականացնելու պատճառը, Գ. Ոսկանյանը անկեղծորեն խոստովանեց, որ պատճառը պայմանագրով նախատեսված ոչ ընդունելի գումարի չափն էր։
«Առավոտի» հարցին՝ «Չե՞ք մտածում պետական կարգավիճակ ստանալու մասին», Գ. Ոսկանյանը պատասխանեց. «Եթե շնորհվի՝ իհարկե, չենք հրաժարվի։ Կան պետական կարգավիճակ ստանալու տարբեր եղանակներ։ Օրինակ, Ռուսաստանում Տրետյակովյան պատկերասրահը ունի երգչախումբ կամ էլի կարող եմ օրինակներ բերել։ Ես կուզեի, որ նման փորձ արվեր նաեւ Հայաստանում։ Մեր թանգարաններն ու պատկերասրահները համալրվեին կամերային երգչախմբերով ու նվագախմբերով, որից, անկասկած, կշահեր արվեստը»։
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ