Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկիրն անցնում է սատանայի ձեռքը»

Սեպտեմբեր 15,2004 00:00

Նման փաստարկներով են «հավատացյալները» պայքարում սոցիալական քարտերի դեմ

Մի խումբ «հավատացյալներ» նախաձեռնել են մի քանի օրից Գյումրիում բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ սոցիալական քարտերի:

Այս մասին օրերս Գյումրիի «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Ընդդեմ մարդու համարակալման» միության անդամները: Ի դեպ, անդամներից երեքը եկել էին Վանաձորից՝ հատուկ գյումրեցիների համար մեկ անգամ եւս պարզաբանելու «մարդկանց անասունի նման» համարակալելու վտանգը: Ըստ միության անդամների՝ Սոցիալական քարտերի մասին օրենքը ոչ միայն դեմ է Աստծո օրենքներին, այլեւ հակասում է ՀՀ սահմանադրության, Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական պայմանագրին եւ այլ բազմաթիվ փաստաթղթերի: Վերջիններս հատկապես վրդովված էին այն փաստից, որ քարտերը ուժի մեջ դնելու համար մեր պաշտոնյաները օգտագործում են բռնության բոլոր ձեւերը: «Ի՞նչ է նշանակում քարտ չունենալու դեպքում մարդուն զրկել նպաստից, թոշակից, բանկի հետ կատարվող գործարքներից, գիտակցված ձեւով սովի մատնել ու սա համարել սոցիալական պրոբլեմների լուծում»,- քննադատում էին անդամները: Ըստ նրանց, եթե ՀՀ սահմանադրությունը հռչակել է կամքի, խղճի ազատություն, սեփական կարծիք ունենալու իրավունք, ուրեմն չինովնիկները նման կերպ վարվելու ոչ մի իրավունք չունեն: «Հավատացյալները» զարմացած էին նաեւ, որ երկրի վարչապետին ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված իրենց գրավոր բողոքները մակագրվում են հենց սոցապ նախարարությանը, այսինքն՝ այն կառույցին, որից էլ իրենք բողոքում են:

Նրանց ոչ պակաս հուզում է այն փաստը, որ ոչ մի երկրում «սատանայական ծրագիրը» այդքան գրկաբաց չի ընդունվել, ինչպես Հայաստանում: Օրինակ՝ ռուս ղեկավարները այն «նզովել» են, Գերմանիան «լսելու ցանկություն անգամ չի հայտնել», իսկ Հայաստանը չգիտես ինչու «բոլորից առաջ է թռել»: Ըստ միության անդամների, պատճառը հասկանալի է. հայերին պարտադրում են որպես «թույլ կամքի տեր ժողովրդի»: «Հավատացյալների» համար նաեւ անհասկանալի էր, թե ինչո՞ւ են այդքան շահագրգռված «ձրի լավություն անելու» եւ թե ինչո՞ւ համակարգչի մեջ կա մարդու անձի մասին ցանկացած տվյալ՝ սկսած իր քաղաքական ուղղվածությունից՝ վերջացրած սեռական հակումներով: «Սա ի՞նչ կապ ունի սոցիալական խնդիրների հետ», դարձյալ հարց էին տալիս «Ընդդեմ մարդու համարակալման» միության անդամները: Ըստ նրանց, քարտերի բաժանումից հետո շատ արագ սկսվելու է երկրորդ փուլը՝ չիպավորումը՝ մարդկանց աջ ձեռքին ու ճակատին: «Եթե չիպավորումը սկսվի, մենք այլեւս որպես ազգ գոյություն չենք ունենա եւ մեզ կկառավարի Բրյուսելում տեղադրված գազան կոմպյուտերը»,- լրջորեն մտահոգված էին «հավատացյալները»: Իսկ մեր հարցին՝ եթե այն «չարի ծրագիր» է, այդ դեպքում ինչո՞ւ է Հայոց Վեհափառը ընդունում, միության անդամները պատասխանեցին. «Վեհափառը անսխալական չէ, անսխալականը միայն Աստվածն է»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել