Լրահոս
Օրվա լրահոսը

Տարաբեւեռ արձագանքներ՝ Բաքվում

Սեպտեմբեր 15,2004 00:00

Տարաբեւեռ արձագանքներ՝ Բաքվում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի որոշումը՝ չեղյալ հայտարարել Ադրբեջանում
Դաշինքի ԳՀԽ ծրագրով նախատեսված զորավարժությունները, խոսում է Ադրբեջանի
դեմ ուղղված լուրջ մտադրությունների մասին: Ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, այսպիսի
կարծիք հայտնել է անկախ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Նրա խոսքերով,
ստեղծված իրավիճակն Ադրբեջանի համար տհաճ հետեւանքներ կունենա: «Ցանկանում
եմ մատնանշել, որ այդ միջադեպն առաջինն է ՆԱՏՕ-ի կողմից ԳՀԽ ծրագրի շրջանակներում
զորավարժությունների անցկացման պատմության մեջ»,- նշել է վերջինս:
Հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի կարծիքով՝ «Այս ողջ աղմուկը ոչ մի առնչություն չունի հայրենասիրության եւ Ղարաբաղի համար մղվող պայքարի հետ, դեռ ավելին, այն հսկայական վնաս կպատճառի Ադրբեջանին»: Նրա խոսքերով, հայերի հնարավոր ժամանումը ոչ մի կերպ չէր անդրադառնա ղարաբաղյան խնդրի վրա: «Իմ կարծիքով, ադրբեջանական հասարակայնությունը չպետք է բարձրացներ այդ աղմուկը: Դա բացարձակապես հիմար եւ ոչ կառուցողական դիրքորոշում է»,- ավելացրել է Ալիզադեն: Միաժամանակ նա չի բացառել, որ, ելնելով այսօրվա իրավիճակից, Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է գոհացնել Ռուսաստանին: Իր հերթին, Ադրբեջանի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Թոֆիկ Զուլֆուգարովը համարում է, որ «ՆԱՏՕ-ի այդքան ոչ օբյեկտիվ որոշումը կայացվել է առանց տարածաշրջանում իրադրության առանձնահատկությունները հաշվի առնելու»:

Կատարվածի խիստ օրիգինալ մեկնաբանությամբ են հանդես եկել Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամները: Մեջլիսի նիստին պատգամավորներ Իբրագիմ Մուսաեւը, Ֆազաիլ Աղամալին, Մաիս Սաարլին, Հուդրաթ Հասանգուլիեւը եւ շատ ուրիշներ հայտարարել են, որ զորավարժությունների չկայանալը եւ հայ սպաների՝ Ադրբեջան չժամանելը գնահատում են որպես «ադրբեջանական ժողովրդի հաղթանակ», ուստիեւ՝ այս կապակցությամբ նրանք շնորհավորանքներ են հղել Ադրբեջանի ժողովրդին:

Էլ ավելի օրիգինալ է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության արձագանքը: ՂԱԿ-ը հավանություն է տվել «Ադրբեջանի իշխանությունների՝ սեպտեմբերի 14-26-ը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակում նախատեսված զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին որոշմանը»: Այս հայտարարությունից, փաստորեն, բխում է, որ զորավարժությունները չեղյալ է հայտարարել ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ Ադրբեջանի ղեկավարությունը: ՂԱԿ-ը իշխանությունների որոշումը համարել է արդարացված եւ երկրի ղեկավարությանը կոչ է արել հետագայում եւս նախապատվությունը տալ Ադրբեջանի ինքնիշխանության եւ անկախության սկզբունքներին: «Այն փաստը, որ հայ զինվորականները ոտք չդրեցին Բաքվի հողին, կազմակերպությունը գնահատում է իբրեւ գրավյալ տարածքների ազատագրման ուղղությամբ կատարված քայլ»,- ի լրումն ասվում է ՂԱԿ-ի հայտարարության մեջ:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել