Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողպատգամավորի» դիրքորոշումն է

Սեպտեմբեր 15,2004 00:00

Հակոբ
Հակոբյանը կարծում է, որ բոյկոտը անհարգելի բացակայություն համարելը «ոչ
քաղաքակիրթ» դրսեւորում է
Ընդդիմության բոյկոտն անհարգելի բացակայություն համարելուն «դեմ» էր քվեարկել միայն էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հիշեցնենք, որ վերջինս նաեւ «Ժողպատգամավոր» խմբի անդամ է: Նկատի ունենալով վճռորոշ հարցերում «Ժողպատգամավորի» իշխանամետ հակումները՝ երեկ պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ էր պայմանավորված իր՝ «դեմ» քվեարկելը: Պարզվում է, դա ոչ միայն Հակոբյանի անձնական տեսակետն է, այլեւ՝ խմբի: Ինչպես փոխանցեց մեր զրուցակիցը, հարցը քննարկվել է խմբում եւ որոշվել «դեմ» արտահայտվել: «Դա քաղաքական ակցիա է,- ասում է Հ. Հակոբյանը,- պատգամավորներն իրենց աշխատանքը դադարեցրին հենց ԱԺ դահլիճում եւ հայտարարեցին, որ բոյկոտում են: Այսինքն՝ նրանք ոչ թե աշխատանքի չեն ներկայացել, այլ հայտարարել են, որ իրենց անհամաձայնությունն այդ կերպ են արտահայտում: Այսօր նրանց բացակայությունն անհարգելի համարել ու մանդատներից զրկելու հարց առաջադրել՝ ոչ քաղաքակիրթ ձեւ է, ոչ էլ կազմակերպված քաղաքական ուժի մոտեցում: Ես միշտ ասել եմ, հիմա էլ հաստատվում է, որ կոալիցիան արհեստածին կառույց է: Նրանք կարող էին նպաստել, որպեսզի իրենց գործընկերները վերադառնային խորհրդարան եւ լարվածությունը վերանար, բայց զբաղված են ինչ-ինչ աշխատանքներով՝ մի կողմ թողած հիմնական գործը»: «Ինչ-ինչ աշխատանքներ» ասելով Հակոբյանը նկատի ունի գործադիր իշխանությունում լծակների համար պայքարը: «Առավոտի» դիտարկմանը, որ կոալիցիան նման որոշումը չէր կարող միանձնյա կայացնել, նաեւ հրապարակումներ եղան, որ նախագահի միջամտությամբ է հարցը լուծվում, Հակոբյանն այսպես արձագանքեց. «Նախագահն ԱԺ պատգամավոր չէ, քվեարկելու իրավունք չունի, նա կարող էր խորհուրդ տալ: Բայց վերջում ամեն ինչ մնում է պատգամավորների խղճին»:

Հակոբյանը մնում է այն համոզմունքին, որ «առանց ընդդիմության օրենքներ ընդունելը նման է կիսախոտանի»: Ուստի նա դատապարտում է բոյկոտը շարունակելու ընդդիմադիրների կեցվածքը: Նույնիսկ պատկերավոր համեմատություն արեց. «Եթե աղբը բերեն մեկի բակում դատարկեն, նա պետք է սպասի վերջացնեն՝ նո՞ր դիմի պատկան մարմիններին, թե՞ անմիջապես պիտի աղաղակի, փորձի թույլ չտալ, աղմուկ բարձրացնի»: Մեր զրուցակիցը դժվարանում է գնահատել ընդդիմադիրների պայքարի այդ ձեւի արդյունավետությունը, քանզի՝ «Չնայած միջազգային հանրության ուշադրությունը գրավվեց, բայց հարցերն էլ չլուծվեցին: Կարծում եմ, ճիշտ կլիներ ռազմավարությունը փոխել, այդ ճանապարհն անցան արդեն, եւ դա իրեն սպառել է: Պետք է այդուհանդերձ գային խորհրդարան, մնացածը ժամանակը ցույց կտար»: Ի դեպ, ռազմավարության առումով եւս մի հանրամատչելի համեմատություն. «Պատերազմի ժամանակ, եթե անընդհատ գալիս են տանկերը, ետեւից էլ՝ հետեւակայինները, հակառակորդն արդեն յուրացնելով այդ ռազմավարությունը՝ հանգիստ հակաքայլեր է մշակում: Իսկ եթե մի օր այդպես է, հաջորդ օրը օդային հարձակում է լինում, երրորդ օրը նշանառուներն են աշխատում՝ հակառակորդը խուճապի է մատնվում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել