Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆԵԼ ԵՆ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 14,2004 00:00

ՍՊԱՆԵԼ ԵՆ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ Փետրվարի 23-ին ԼՂՀ Մարտունու 2-րդ պաշտպանական N զորամասի 105 դիրքում հրազենային կրակոցից վիրավորվեց եւ մահացավ զինծառայող Տիգրան Կարապետյանը։ Նորակոչիկը առաջին եւ վերջին անգամ էր ընդգրկվել մարտական հերթապահության մեջ։ Սկզբնական շրջանում լուր տարածվեց, թե Տիգրանը հակառակորդի գնդակից է սպանվել։ Սակայն ամիսներ անց ռազմական ոստիկանություն տարվեցին մի քանի զինծառայողներ։ Նրանց մեջ էր 21 ամիս ծառայած ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիգոր Հարությունյանը։ Այս տարվա հուլիսի 29-ին Հադրութի կայազորի զինվորական դատախազի օգնական Ռ. Խաչատրյանի որոշմամբ վերջինս ներգրավվեց որպես մեղադրյալ՝ ամիսներ անց հարուցված քրեական գործում։ Ըստ գործի նյութերի, Տիգրանն ընկերներին հայտարարել էր, որ չի վախենում եւ պատրաստ է գիշերային ժամերին նույնիսկ միայնակ կանգնել առաջին գծում։ Քննիչի որոշմամբ, Գրիգորը որոշել էր դաս տալ Տիգրանին եւ ապացուցել վերջինիս վախկոտությունը։ Այդ ծրագիրն իրականացնելով, Գրիգորը հանդիպում է զինծառայողներ Վահան Մուրադյանին, Յ. Ներսիսյանին, Գ. Ղալեչյանին։ «Նպատակ ունենալով ստեղծել հակառակորդի հարձակման տպավորություն», աննկատելի մոտենում են Տիգրանին, բռնում են նրա ինքնաձիգը եւ քաշքշում։ Արդյունքում մեկ կրակոց է հնչում։ Զինծառայողները ժամանակ ունեին փրկելու իրենց ընկերոջ կյանքը։ Սակայն, ըստ գործի նյութերի, նրանք պայման են դրել արնաքամ լինող Տիգրանի առաջ, թե՝ «կասես հակառակորդի կողմից էր կրակոցը»։ Տիգրանին նրանք տանում են խրամատ, թողնում այնտեղ, իրենք վերադառնում են կապի դասակի հենակետ ու քնած ձեւանում։ Դեպքից 1 ժամ 10 րոպե անց զանգում են հրամանատարական կետ եւ հայտնում, որ Տիգրանը ուշաթափվել է։ Գրիգորի պաշտպանը՝ Մայիս Ղուկասյանը (երկրորդ պաշտպանը Ստեփանակերտից է՝ Վազգեն Հայրապետյան) պնդում է, որ գործում առկա ապացույցները «կորզվել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ներգործությամբ»։ Թե որքանով է համոզիչ սպանության հիմքում դնել վախեցնելու շարժառիթը՝ սեպտեմբերի վերջին կորոշի դատարանը։ Սակայն գործում չկա մեկ այլ հարցի պատասխան. ինչպես են նորակոչիկին առաջին իսկ օրը գիշերով ուղարկում մարտական հերթապահության։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել