Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցել են որպես բռնության զոհի

Սեպտեմբեր 14,2004 00:00

Աջակցել են որպես բռնության զոհի Ըստ ՀԺԿ պատասխանատուի, Գրիշա Վիրաբյանը հեռացվել է ՀԺԿ-ից 2003-ի հուլիսին Արտաշատում անցած ուրբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀԺԿ անդամ, ապրիլի 12-ի դեպքերից տուժած Գրիշա Վիրաբյանը որոշ դժգոհություն էր հայտնել իր կուսակցությունից՝ ասելով, թե ինքը բավարար աջակցություն չի ստացել ՀԺԿ-ից, փոխարենը՝ մարդու իրավունքների պաշտպանը ավելի շատ է այդ մասին խոսում։ ՀԺԿ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Ստեփան Մինասյանը, հակադարձելով նաեւ իր հասցեին հնչած գնահատականներին, երեկ մեզ փոխանցեց հետեւյալը. «Գրիշա Վիրաբյանը ՀԺԿ շարքերից հեռացվել է 2003 թվականի հուլիսին՝ Արտաշատի տարածքային կազմակերպության որոշմամբ, 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքի արդյունքների քննարկումից հետո։ Կուսակցության վարչությունը հաստատել է այդ որոշումը նույն թվականի հուլիսի 3-ին։ 2004 թ. ապրիլյան իրադարձությունների ընթացքում չենք անդրադարձել այդ հարցին՝ զուտ մարդկային նկատառումներից ելնելով։ Իսկ Գրիշա Վիրաբյանին աջակցություն տրվել է եւ տրվել է ոչ թե որպես ՀԺԿ անդամի, այլ որպես բռնության ենթարկված մարդու, որպիսիք այդ ընթացքում շատ-շատ էին։ Ինքս անձամբ եմ գնացել հիվանդանոց եւ կուսակցության հնարավորությունների սահմանում որոշակի օգնություն փոխանցել։ Լուծել ենք նաեւ Գրիշա Վիրաբյանի դատապաշտպանի հարցը, որը բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը։ Դրանից հետո, հանրահավաքներից մեկում, բոլորից առանձին՝ հատուկ կարգով խոսվել է Գրիշա Վիրաբյանի մասին, եւ ճանաչված դերասան Երվանդ Մանարյանը, խոսելով նրա նկատմամբ իրականացված բռնության մասին, դատապարտել է իր եւ բոլորի անունից։ Հաջորդ հանրահավաքին իրեն թույլատրվել է առանձին ելույթ ունենալ կոնկրետ իր հարցով։ Հատուկ իր հարցով մամուլի ասուլիս է հրավիրվել, եւ կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը մի ամբողջ ասուլիս իրեն էր նվիրել ու դատապարտել նրա հանդեպ իրականացված բռնությունները։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն անձամբ է խոսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վ. Պրյախինի, այնուհետեւ՝ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ։ Ես ուրախ եմ, որ Գրիշա Վիրաբյանի աչքում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայանում է, բայց զարմանում եմ, որ ՀԺԿ-ի այս եւ բազում այլ կարգի աջակցությունները չի տեսնում, հատկապես իր գործը կարճվելուց հետո»։ Ստեփան Մինասյանն ասաց նաեւ, որ եթե Գրիշա Վիրաբյանը հետագայում էլ օգնության կարիք ունենա, կուսակցությունը նրան կօգնի զուտ որպես տուժածի եւ ոչ թե որպես կուսակցության անդամի, քանզի նա ՀԺԿ-ի հետ կապ չունի։ Սեփ. լր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել