Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՎԱՆԴՆԵՐԸ ԴՐԱՄՈՎ ԵՆ

Սեպտեմբեր 14,2004 00:00

ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՎԱՆԴՆԵՐԸ ԴՐԱՄՈՎ ԵՆ Եվ նույնը խորհուրդ է տալիս նաեւ ուրիշներին: Այնուամենայնիվ, եթե նախընտրում եք դոլարով պահել ձեր խնայողությունները՝ սահմանափակվեք ամեն բանկում 2 հազար դոլար ավանդով: Բանկի «պայթելու» պարագայում անմիջապես կփոխհատուցվի միայն այդքանը: ԱԺ պատգամավորները երեկ ամբողջ օրը գովեստի եւ ողջույնի խոսքեր շռայլեցին «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» օրենքի նախագծի առնչությամբ: Եթե որեւէ բանկ սնանկանա 2005-ի հուլիսի 1-ից հետո՝ նրա ավանդատուների գումարը կփոխհատուցվի դրամային ավանդների պարագայում՝ 2 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդներինը՝ 1 միլիոն դրամին համարժեք չափով: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որ ներկայացնում էր այս նախագիծը, անգամ խոստացավ, թե ՀՆԱ-ի աճի դեպքում կավելանան այս չափերն էլ: Նաեւ պարզաբանեց, թե ինչու է ընտրվել հատկապես 2005-ի հուլիսի 1-ը՝ այդ ժամանակ ավարտվելու է բանկային «ֆիլտրացիան», եւ համակարգից դուրս են բերվելու այն բանկերը, որոնք չեն ունենա 5 մլն դոլար ընդհանուր կապիտալ: Օրենքի նախագծի համաձայն՝ չեն երաշխավորվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում ներդրված բանկային ավանդները: Քաղաքացիների խնայողությունները վերադարձվելու են «Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի» միջոցներից: Տիգրան Սարգսյանը հայտնեց, թե այս հիմնադրամում արդեն իսկ կուտակվել է 450 մլն դրամ: Այդ գումարներն առաջացել են բանկերի համար սահմանված յուրատեսակ նոր հարկատեսակից՝ երաշխիքային պարտադիր վճարներից, որոնք պիտի կազմեն հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային ավանդների միջինի տարեկան 0,2%-ը, բայց ոչ պակաս, քան տարեկան 1 միլիոն դրամը: «Առավոտը» պրն Սարգսյանին հիշեցրեց, որ շուրջ 2-3 տարի առաջ, երբ ԱԺ-ն եւս մի հարկատեսակ պարտադրեց բանկերին, նրանք այդ խնդիրը լուծեցին ավանդատուների հաշվին, եւ օրինակ՝ HSBC բանկը դադարեցրեց ավանդների համար տոկոսադրույքի վճարումը: Նախադեպը հաշվի առնելով՝ արդյոք մտավախություն չունի՞, թե կկրկնվի նույնը: «Այս օրենքով մենք կտրուկ նվազեցնում ենք այդ հարկատեսակը,- ի պատասխան հայտնեց ԿԲ նախագահը:- Եթե այսօր առեւտրային բանկերը վճարում են 0,5%, ապա օրենքն ընդունելուց հետո նրանք կվճարեն 0,2%: Բեռը կրկնակի թեթեւանում է: Եվ եթե որոշ բանկեր այդ բեռը դնում են ավանդատուների վրա, ապա այն թուլանալու է»: Երաշխիքային վճարներին շուտով կգումարվի Գերմանիայի կառավարության տրամադրած երկարաժամկետ վարկը՝ 3,5 մլն եվրոն: Քանի որ հայտնի է, թե անվճար պանիր լինում է միայն թակարդում՝ կասկածանքով հետաքրքրվեցինք, թե այդ ինչո՞ւ է Գերմանիան շահագրգռված, որ Հայաստանի քաղաքացիների ավանդները լինեն երաշխավորված: «Գերմանիայի կառավարությունը տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն է ցուցադրում Հայաստանին՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը: Տվյալ դեպքում նաեւ դրամաշնորհ է տրամադրվել օրենքի նախագիծ մշակելու, փորձագետներին օժանդակելու եւ կադրային վերապատրաստումների խնդիրը լուծելու համար: Եվ մի տխուր լուր դոլարով կամ որեւէ այլ արտարժույթով ավանդներ ունեցող քաղաքացիների համար. օրինագծի համաձայն՝ հատուցումը կատարվելու է միայն դրամով: ԿԲ նախագահի հետ զրույցից պարզեցինք, որ նա իր խնայողություններն ավանդադրել է ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով: Մեր հարցին ի պատասխան՝ չի՞ հուսահատվի, երբ իր ներդրած դոլարի կամ եվրոյի փոխարեն իրեն դրամով փոխհատուցեն՝ փայլեց պետական մտածողությամբ. «Իհարկե ո՛չ, քանի որ իմ հիմնական խնայողություններն ունեն դրամային արտահայտություն: Այդ առումով՝ ճի՛շտ են նրանք, ովքեր պնդում են, որ եթե դրամն ուժեղանում է՝ ես շահում եմ: Եվ ես ուզում եմ, որ շատ լինեն իմ նմանները Հայաստանում: Այսինքն՝ ուզում եմ, որ մարդիկ ունենան դրամային մտածողություն եւ ոչ դոլարային, ու իրենց խնայողությունները պահեն դրամով: Առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար կարեւոր է գների մակարդակը եւ ոչ թե՝ ինչպիսին է փոխարժեքը: Իսկ եթե մենք մեր ազգաբնակչությանը երաշխավորում ենք, որ գները տարեկան կտրվածքով չեն ավելանա 3%-ից՝ այդքանով երաշխավորված կլինի, որ նրանց խնայողությունները հուսալի են»: Այս լավատեսական ելույթի տպավորությունը փչացրեց «ՀԺ»-ի թղթակիցը, ով հիշեցրեց, թե անցած տարի էլ երաշխավորում էին 3% սղաճ, սակայն ստացվեց 9%: Այսուհանդերձ վերջում մի լավ լուր. ԿԲ նախագահը պնդեց, թե 1996-ից ի վեր բոլոր անվճարունակ ճանաչված բանկերի ավանդատուների 98 տոկոսի խնայողությունները փոխհատուցվել են, եւ 100-ից չեն անցնում նրանք, ովքեր ետ չեն ստացել իրենց գումարները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել