Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ԳՆԵԼ Է «ՀՐԱԶԴԱՆԸ»

Սեպտեմբեր 14,2004 00:00

Եվ չի պատրաստվում այն կոչել իր՝ սեփական անունով

– Հայտնի է, որ դուք սեփականաշնորհել եք «Հրազդան» մարզադաշտը եւ հիմա էլ մտածում եք այն վերանվանել ձեր անունով։

– Կառավարության որոշմամբ, այո, ես սեփականաշնորհել եմ մարզադաշտը։ 1993-ի մայիսից ընդունել եմ այդ հիմնարկը՝ քանդված, քայքայված վիճակում։ Իմիջիայլոց, իմ կամքով չեմ գնացել այնտեղ, եղել է կուսակցության հանձնարարությունը։ Հանրապետական կուսակցության նպատակն էր ապացուցել, որ ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ տնտեսության մեջ մենք կարող ենք պայքարել ու հաղթել։

«Հրազդանը» բիզնեսի համար որեւէ հետաքրքրություն չէր ներկայացնում, բայց կային մի քանի սեղանիկներ, որ տոնավաճառ էր կոչվում։ Մասնագիտությամբ տնտեսագետ լինելով՝ հասկացա, որ այդ տոնավաճառը պետք է զարգացնել, որովհետեւ մարզադաշտը այլ բյուջե չէր կարող ունենալ։ Տարբեր ծրագրերի շնորհիվ տոնավաճառը հզորացվեց, ստեղծվեց բյուջե։ Այդ ժամանակ էր, որ «Հրազդան» մարզահամալիրը դարձավ ՊՓԲԸ։ Հին կադրերին ետ կանչեցինք, եւ Հարություն Քեհեյանի եւ մյուս հին աշխատողների օգնությամբ սկսվեց մարզադաշտի վերականգնումը։ Անցել է արդեն 11 տարի, մոտավորապես 1 մլն 300 հազար դոլարի ներդրում է կատարվել՝ ի շահ այդ եզակի կառույցի, որը չի կարող մեկինը լինել։

Թող իմ սիրելի ժողովուրդը հանգիստ լինի, քանի որ մարզահամալիրը վստահելի ձեռքերում է։ Անցած տարիների ընթացքում մենք ապացուցել ենք, որ առանց պետական միջամտության, առանց պետբյուջեին նեղություն տալու, առանց արտասահմանյան ինչ-որ ներդրումների՝ կարողացել ենք պահպանել ու վերականգնել «Հրազդան» մարզահամալիրը։

– Դուք ասում եք, թե պետությունից ոչինչ չեք ստացել, սակայն, եթե որեւէ կառույց, առավել եւս՝ նման հսկայականը, դրվում է սեփականաշնորհման, հարկ է գոնե, որ մարդիկ տեղեկացված լինեն եւ գուցե նոր գնորդներ կհայտնվեին։ Ինչո՞ւ հատկապես դուք, այլ թեկնածուներ չկայի՞ն։

– Դա եղել է ուղղակի վաճառք։ Երբ երեխա ես ունենում եւ մեծացնում ես, սիրտդ ցավում եւ դողում է նրա վրա։ Մեզ համար այդ կառույցը մեր երեխան է։ Այդ պատճառով էլ կոնկրետ գնելու խնդրանքով դիմել ենք կառավարություն եւ կառավարությունն այդ խնդրանքը չի մերժել։ Հուսով ենք՝ հանրապետության նախագահը կվավերացնի կառավարության այդ որոշումը։ Մարզահամալիրը 50 տարով գտնվում է մեր վարձակալության տակ, եւ եթե անգամ աճուրդի դրվեր, առաջին գնորդը մենք էինք լինելու։

Ոմանք շահարկում են, թե ինչու է այդ հսկայական տարածքը գնվել 88,5 մլն դրամով։ Որովհետեւ պետությունը հաշվի է առել, որ մենք 1,300 մլն դոլարից ավելի ներդրում արդեն կատարել ենք եւ առաջիկա 5 տարում պարտավորվել ենք մոտ 2 մլն դոլարի ներդրում եւս կատարել։ Մարզադաշտը երկաթբետոնե շինություն է, որը, ինչպես արդեն ասացի, բիզնեսի աղբյուր լինել չի կարող եւ միայն տոնավաճառից են առաջանում գումարներ, որոնք էլ ծախսվել եւ ծախսվելու են մարզադաշտի վրա։ Սա նույնպես նորմալ է, քանի որ աշխարհում գրեթե չկան նման հզոր մարզադաշտեր, որոնք իրենց հարեւանությամբ տոնավաճառներ չունենան։ Նույնիսկ Մոսկվայի «Լուժնիկին» իրեն սպասարկող տոնավաճառ ունի։

Ի դեպ, ասեմ նաեւ, որ աշխարհում գրեթե չկան պետական մարզադաշտեր։ Դրանք բոլորը սեփականաշնորհված են։

– 1998-ին տոնավաճառի աշխատողները բավականին ակտիվ եւ հետեւողական պայքար էին մղում տեղի վարձի բարձրացման ձեր որոշման դեմ։ Օրեր շարունակ մարդիկ կառավարության շենքի մոտ ցույցեր էին անում։ Սակայն այն ժամանակ էլ դուք հաղթեցիք եւ մարդկանց բողոքի ալիքը կոտրեցիք, հետո էլ ասում եք, թե պետությունից ոչինչ չեք ստանում։

– Գների բարձրացման դեմ ուղղված աղմուկը տեւեց 3-4 օր։ Բողոքողների մեջ կոնկրետ մարդիկ կային, ովքեր հրահրեցին այդ բունտը։ Մեր հիմնավորումները շատ տեղին էին, եւ դա երեւաց մարզադաշտի վերանորոգումով։ Մենք փորձում էինք բյուջե ձեւավորել եւ այն ուղղել մարզադաշտի վերանորոգմանը։ Ինչ որ եղել է, եղել է շատ սահուն։ Ի սկզբանե մեզ մոտ աշխատանքային հատուկ պայմանագրեր են գործել, եւ հարկային դաշտը եւս եղել է թափանցիկ։ Այսօր նույնպես աշխատում ենք նորմալ հարկային դաշտում եւ տոնավաճառից առաջացած գումարներից տարեկան 600 հազար դոլարի կարգի գումար է մուտք գործում պետական բյուջե։

Տոնավաճառից առաջացած գումարների շնորհիվ, ի թիվս այլ բարեգործական ծրագրերի, մենք հնարավորություն ունենք ղարաբաղյան պատերազմի 260-ից ավելի հաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների ամսական 10000 դրամ թոշակ տալ։ Ոչ էներգետիկներին, ոչ էլ ջրային տնտեսությանը մենք պարտքեր չունենք։ Ինչ խոսք, գների բարձրացումը հաճելի չէ, բայց մենք որոշումները կայացրել ենք տոնավաճառի հնարավորություններից ելնելով։

– Ունե՞ք ինչ-որ պարտավորություններ, բացի 2 մլն դոլարի ներդրումից, որոնք պետք է իրականացնեք որպես սեփականատեր։

– Իհարկե, 5 տարվա ընթացքում պետք է կատարվի այդ ներդրումը եւ 10 տարի շարունակ բոլոր կարգի համապետական, համազգային միջոցառումները պետք է անցկացնենք անվճար։ Այս պայմանագիրը 10 տարով է, բայց եթե ես իմ հորն եմ շարունակել, որդիս էլ՝ ինձ, ապա դա ավելի երկար կշարունակվի։ Քանի դեռ Հայաստանի բյուջեն 20 անգամ չի ավելացել, մենք իրավունք չունենք կառավարությանը չընդառաջել եւ կողքին չկանգնել։

– Դուք իսկապե՞ս լրջորեն մտածում եք մարզադաշտի անունը փոխելու եւ ձեր անունով կոչելու մասին։

– Ձեր հարցը ես իհարկե կատակ եմ համարում։ Անունը կմնա նույնը՝ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ։ Եվ եթե անվանակոչության խնդիր կա, ապա, իմ կարծիքով, այն պետք է կոչել Հարություն Քեհեյանի անունով։ Նա 30 տարուց ի վեր, մարզադաշտի ստեղծման առաջին օրերից, աշխատում է մարզադաշտի տնօրեն, նաեւ՝ համալիրի գլխավոր տնօրենի տեղակալն է։ Նաեւ կոլեկտիվի ցանկությունն է, որ մարզադաշտը կոչվի Քեհեյանի անունով։ Կարծում եմ, սա ճիշտ որոշում է։ Չգիտես ինչու, մենք գրողների, արվեստագետների, պետական, ազգային գործիչների անունով անվանակոչում ենք, բայց մարզիկների անունով՝ ոչ։ Հարություն Քեհեյանը Հայաստանում սպորտի առաջին վաստակավոր վարպետն է ու մարզիչը։ Այդ մարդուն հո չե՞նք ուղարկելու այն աշխարհ ու հետո գովերգենք։ Նա իր ամբողջ կյանքը ապրել եւ ապրում է հանուն սպորտի։ Մենք վերջապես պետք է սովորե՞նք մեծերին մեծարել կենդանության օրոք։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930