Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՑԻՆԻԶՄԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»

Սեպտեմբեր 14,2004 00:00

«ՑԻՆԻԶՄԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ» Այսպես է գնահատում ՍԻՄ նախագահը գործընկերների վարքը – Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի՝ ընդդիմադիր պատգամավորների բոյկոտն անհարգելի բացակայություններ որակելը: – 1990 թվականին մեր կուսակցությունը խորհրդարանին ներկայացրեց պատգամավորներին ետ կանչելու մասին օրենքի նախագիծ, սակայն այն ժամանակվա մեծամասնության կողմից դա մերժվեց, եւ մինչեւ հիմա չկա մեխանիզմ, որով, բառի լայն իմաստով ասած՝ չաշխատող պատգամավորին մանդատի տերը՝ ընտրողը, կարողանա ետ կանչել ԱԺ-ում գործունեության ժամկետի ընթացքում: Դա արդեն նորմ է, որը թույլ չի տալիս մեզանում ժողովրդավարացում: Պայքարը մանդատների համար ծավալվում է շատ կարճ ժամանակահատվածում, կիրառվում են բոլոր հնարավոր օրինական եւ ապօրինի միջոցները, շատ հաճախ՝ ինչպես որ գնում են մանդատը, այնպես էլ վաճառում են՝ հաշվի չառնելով ժողովրդի կարծիքը: Ուստի այդ օրենքի բացակայությունից ելնելով էլ կանոնակարգում կատարվեց այն փոփոխությունը, որը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովին թույլ է տալիս այսօր քննարկել ընդդիմության՝ քվեարկություններից հարգելի կամ անհարգելի բացակայությունները: Դա շատ մեխանիկական մոտեցում է ես միշտ դեմ եմ եղել, որ պատգամավորը, բացի իր ընտրողից, հաշվետու լինի նաեւ ինչ-որ մեկ ուրիշի առջեւ: ԱԺ նախագահն օգտվելով իր իրավունքից՝ հարցն այս եռօրյայում չընդգրկեց եւ հայտարարեց, որ խորհրդարանն այդ հարցին չի կարող անդրադառնալ, մինչեւ կանոնակարգ-օրենքում բոյկոտը բնութագրող հոդված չլինի: Սակայն այլ էր իրավիճակը վերջին շաբաթներին, երբ իշխանական թեւից ուղղակի սպառնալիքներ էին հնչում, թե հիմա մանդատից կզրկենք: Իհարկե, դա քիչ հավանական էր թվում, բայց այսօր Հայաստանում իրագործելի են ամենափոքր հավանականություն ունեցող եւ, թող ների ընթերցողը, ամենահիմար գաղափարները: Միանշանակ է, որ դա շանտաժ է ընդդիմության նկատմամբ՝ ընդդիմության շարքերում թույլ օղակ հայտնաբերելու եւ այդ կերպ ընդդիմությունը քայքայելու: Ի դեպ, շանտաժը ազդել է նաեւ մեր ընտրողների վրա: Շատերը խղճահարությամբ դիմում էին մեզ եւ «խորհուրդ» տալիս՝ կատարել իշխանության պահանջը, որպեսզի հնարավորություն ունենանք շարունակել պատգամավորական գործունեությունը: Ուստի մեծամասնության կողմից այսպիսի մթնոլորտում եւ այսպիսի մեկնաբանություններով, նաեւ՝ ապօրինի քրեական գործի, քաղաքական տարակարծություններ ունեցող մարդկանց վրա վայրի ոստիկանական հարձակումների ֆոնի վրա հանձնաժողովի որոշումը ցինիզմի բարձրագույն արտահայտություն էր: – Իսկ, ըստ ձեզ, բոյկոտն արդյունք տվե՞ց: – Տվյալ պահին պայքարի այդ ձեւի ընտրությունը «Արդարություն» դաշինքի կողմից արդարացված էր, որովհետեւ երկրում հարցերը ոչ մի կերպ չեն լուծվում: Պայքարի այդ ձեւն էլ ուղղված է ոչ այնքան ներքին քաղաքական միավորներին, որքան արտաքին աշխարհին: Գործընթացը դեռ ավարտված չէ, բայց եթե ընդդիմությանը զրկեն մանդատներից՝ մեծ միջազգային սկանդալ կլինի: Ամեն դեպքում, բոյկոտի արդյունավետությունը պայմանավորված է արտաքին աշխարհով, որը մեզանից պահանջում է ավելի շատ համապատասխանություն միջազգային ժողովրդավարական ստանդարտներին: Այդ առումով եւ բոյկոտը, եւ ընդդիմության հաստատակամությունը, բացառությամբ որոշ ցնցումների կապված մանդատից զրկելու հետ, կարելի է ասել, որ արդյունք տվեցին: Հիմա կոալիցիոն կուսակցությունները հասկացան, որ պետք է մի փոքր ինքնուրույնություն ցուցաբերեն: Եթե գործիք դառնային եւ երկիրը ներքաշեին նոր սկանդալի մեջ, այդ ուղտը մի օր էլ իրենց դռանը կչոքի: Այս պահին ընդդիմությունը փոքրիկ հաղթանակ տարավ: Հնարավոր է Ա. Բաղդասարյանի այդօրինակ գործելակերպի մասին որոշումը կոալիցիան կայացրել է հոգեհոր՝ Ռ. Քոչարյանի հետ, այդուհանդերձ դա էլ եմ դրական համարում: Ի տարբերություն իշխանությունը վայելող եւ այլ գործերի համար ժամանակ չունեցող այրերի՝ ես մի քիչ ավելի լավ եմ պատկերացնում կարգուկանոնի խախտման հետեւանքները: – Իսկ ովքե՞ր ցնցվեցին մանդատից զրկվելու հեռանկարից: – Չեմ մեկնաբանի: Ասացի նրա համար, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն: – Պարոն Խաչատրյան, առաջին ԳԽ-ի գործունեության վերջին տարում էլ ընդդիմությունը բոյկոտի ճանապարհն ընտրեց, բայց նման խնդիր չառաջացավ: – Այո, այն ժամանակվա իշխանություններն այդքան համարձակություն չունեցան պատգամավորներին շանտաժի ենթարկելու, բայց այն ժամանակ էլ եղան վայրի հարձակումներ կուսակցությունների գրասենյակների վրա, հաջորդ՝ 1995-ի ընտրություններին ընդդիմությունը հիմնականում դուրս մնաց խորհրդարանից, միայն ձեւական ներկայություն էր: Այդ իրադարձություններն իրենց ամբողջության մեջ հանգեցրին նրան, որ 1995-ի, ապա 1996-ի կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանությունը մեր քաղաքական զարգացումներն առնվազն մեկուկես տասնամյակով ետ շպրտեց եւ հիմք դարձավ հետագա բացասական դրսեւորումներին: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել