Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆՅԱՐԴԵՐՍ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ»

Սեպտեմբեր 14,2004 00:00

Շարունակում ենք զրույցը Աթենքի օլիմպիական խաղերի մասնակիցների հետ ու նրանց օգնությամբ փորձում հասկանալ, թե ի՞նչ կատարվեց հայաստանցի մարզիկների հետ, ինչո՞ւ նրանք ձախողվեցին: Մեր հերթական զրուցակիցը հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալստյանն է:

– Ինչպե՞ս ես գնահատում քո եւ քո թիմակիցների մրցելույթներն Աթենքում:

– Միանշանակ՝ անբավարար: Եթե չկա մեդալ, ուրեմն արդյունքը չի կարող գոհացնել ոչ մեզ, ոչ մասնագետներին, ոչ էլ ժողովրդին: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, չէի ասի, թե պատրաստ չէի: Հակառակը, այս խաղերին ավելի լուրջ էի նախապատրաստվել, քան մինչ այդ եղած մյուս խոշոր մրցումներին: Ինչ խոսք, երբ մարզիկը պարտվում է, նախ պետք է ինքն իրեն մեղադրի, վերլուծություններ անի, անհաջողության պատճառները գտնի իր մեջ: Բայց չմոռանանք, որ վերջին հաշվով մեր արածի իրական գնահատականը մեծապես կախված է անաչառ մրցավարությունից, մի բան, որ ավաղ խիստ կողմնակալ է: Հատկապես՝ իմ պարագայում: Սա արդեն երրորդ տարին է, ինչ մրցավարներն ինձ հետապնդում են: Ի՞նչն է պատճառը, չեմ հասկանում: Այդպես վստահ ասում եմ, որովհետեւ այս ընթացքում իմ գոտեմարտերը կողմնակալ վարելու համար մի քանի մրցավարներ որակազրկվել են: Բայց միեւնույն է՝ դրանից ոչինչ չի փոխվել. նրանք իրենց սեւ գործն արած են եղել:

– Քո գոտեմարտերը Հունաստանում հիշո՞ւմ ես:

– Իհարկե: Առաջինում հանդիպեցի ռուսաստանցի Սեմյոնովի հետ: Գոտեմարտը տեւեց 8 րոպե 30 վայրկյան: Երկրորդ մրցակիցս շվեդ Սամյուելսոնն էր՝ 2002թ. աշխարհի չեմպիոնը: Հավասար պայքար էր ընթանում, թեեւ շվեդը հաշվի մեջ առաջ էր: Նրա հերթական հնարքին ես հակադրեցի իմը եւ հաշիվը հավասարեցրի՝ 2:2: Բայց դրանից հետո մրցավարները, չգիտես ինչից ելնելով, որոշեցին՝ իբր ես պասիվ եմ ու պարտեր նստեցրին: Մրցակիցս փորձեց իմ հանդեպ կիրառել նույն հնարքը: Ես երկրորդ անգամ հակահնարք կիրառեցի, սակայն այս անգամ իմ հաշվին 2 միավոր չգրանցեցին: Պիտի մարզիկ լինես, որ հասկանաս, թե ինչ է հետդ կատարվում, երբ քո հանդեպ անարդար են վարվում: Վերջին վայրկյաններին արդեն նյարդայնացած ռիսկի դիմեցի, ցանկացա ապացուցել, որ կարող եմ հաղթել, մրցավարներին ստիպել տեսնել իմ հնարքները, սակայն կատարվեց հակառակը: Դա իմ սխալն էր: Հիմա, երբ արդեն ավելի սթափ եմ մտածում, դրա համար ինձ եմ մեղադրում: Նախ՝ նյարդերս էին տեղի տվել, ապա՝ նաեւ հոգնած էի:

– Բայց դու ըմբշամարտում սկսնակ չես, որ նման սխալ թույլ տայիր:

– Համաձայն եմ: 20 տարի է՝ մեծ սպորտում եմ: Բայց կրկնում եմ, նյարդերս տեղի տվեցին:

– Ասացիր, որ վերջում հոգնած էիր: Ֆիզպատրաստվածությո՞ւնդ էր վատ:

– Ոչ: Մեզ պակասում են մարզական բարձրակարգ բժիշկները, հոգեբանները: Մենք օգտագործում ենք վերականգնիչներ, վիտամիններ, որոնք մյուս երկրներում 80-ականներից հետո վաղուց այլեւս չկան: Շատ ենք ետ մնացել:

– Մարզիչները չգիտե՞ն դրանց գոյության մասին:

– Մարզիչը դեղերի, վիտամինների հետ գործ չունի: Դա բժշկի գործն է: Միայն տեսնել է պետք, թե մյուս երկրների մարզիկների հետ բժիշկներն ինչպես են աշխատում: Մի ամբողջ մինի լաբորատորիա է գործում տեղում: Նույնը հոգեբանների առումով: Իսկ մինչեւ խաղե՞րը: Յուրաքանչյուր մարզիկի առանձին, անհատական մոտեցում է ցուցաբերվում: Նախապատրաստության ողջ ընթացքում ամեն մեկը պարբերաբար բժշկական մանրազնին հետազոտություն է անցնում: Պետք է առաջնային ուշադրություն դարձնել մանկապատանեկան սպորտին: Պետք է պահպանել ու ճիշտ աճեցնել մի քանի երիտասարդների, որ արդեն կան: Որպեսզի նրանք հնարավորինս շուտ ու լիարժեքորեն փոխարինեն մեզ: Որպեսզի մենք էլ զգանք, որ թիկունքից եկողներ կան եւ զգոն լինենք: Եվ, որ անչափ կարեւոր է, ոչինչ չխնայենք Հայաստանում բարձրակարգ մարզական բժիշկներ եւ հոգեբաններ ունենալու համար, առանց որոնց հաջողություն ակնկալել հետագայում էլ անհնար է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել