Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահմեդական կլոնավորում

Սեպտեմբեր 14,2004 00:00

Ջեյդը
դարձել է հայ աղջիկների կուռքը
«Արմենիայով» եւ OPT-ով ցուցադրվող «Կլոն» հեռուստասերիալի միջոցով հայ հասարակությունը երկուշաբթիից ուրբաթ ծանոթանում է մահմեդական ավանդույթներին: Ֆիլմի վերջում հայաստանցիները հավանաբար անգիր կանեն ամբողջ Ղուրանը: Քաղաքի տարբեր մասերում հնչում է արաբական երաժշտություն՝ այդ ֆիլմից: Օրերս երթուղային տաքսիում ուղեւորներից մեկը վարորդին հրահանգեց. «Ապե, արագ քշի՝ Ջեյդին հասնենք»: Վարորդը, բնականաբար, չենթարկվեց եւ փոխարենը ստացավ «Կլոնից» մեջբերած լուտանքներ. «Իշալահ, դա հարամ է: Դու մտրակի 80 հարված կստանաս ու դժոխքի կրակներում կայրվես»:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպված համայնքային միջոցառումներին հանդիսավոր հայտարարում էին «Ջեյդի պարը»: Գուցե փառատոնը համաարաբակա՞ն էր։ Իմ փոքրիկ «սոցիոլոգիական հարցումի» համաձայն, «Կլոնի» գլխավոր հերոսուհուն ուզում է նմանվել յուրաքանչյուր հինգերորդ հայ աղջիկը։ Երեխաներին սովորեցնում են Ջեյդի պարը, որը ֆիլմի հերոսուհին պարում է իր սիրեկանի համար: Հետաքրքիր է, երեխան հասկանո՞ւմ է, թե ո՞ւմ համար է պարում:

Արաբական հագուկապով՝ չադրայով, չալմայով հայ աղջիկներին իրենց ծանոթները փողոցում հանդիպելիս հաճոյախոսում են. «Ի՜նչ նման ես Ջեյդին»: Պարզվում է, որ Երեւանի տոնավաճառներում արաբական հագուստի պահանջարկը մեծացել է: Վաճառողուհիներից մեկը մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց, որ երիտասարդ աղջիկներն անընդհատ հարցնում են. «Ունե՞ք Ջեյդի շորերից»:

«Ինչ լա՜վ կլիներ, որ մեր ամուսինները, ֆիլմի օրինակով, մեզ գոհացնելու համար ոսկեղեն նվիրեին»,- ասում է ֆիլմի մեծ երկրպագու, իմ հարեւանուհի տիկին Ջեմման, որն արդեն պարուսույցի մոտ արաբական պարեր է սովորում:

Թե ինչ հետք են թողնում այսօրինակ ֆիլմերը մեր ազգաբնակչության վրա, պարզեցինք Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Դանիել քահանա Բաղումյանից: «Միանշանակ դեմ եմ այդ ֆիլմին: Կլոնավորումը հակաաստվածային է»,- գտնում է տեր Դանիելը: Ըստ նրա, ֆիլմի խնդիրն է մերժել Աստծո արարչագործությունը, հավատացնել հեռուստադիտողին, որ իրենք Աստծո ստեղծածը չեն: Քահանան գտնում է, որ մեղավոր են ե՛ւ ֆիլմը ստեղծողները, ե՛ւ ցուցադրողները, որոնք անընդհատ խոսում են ազգայինի պահպանման անհրաժեշտության մասին, բայց ոչ մի քայլ չեն անում դրա համար: Տեր Դանիելը կարծում է, որ հաճախ օգտագործվող մահմեդական արտահայտությունները կմոռացվեն, սակայն սերիալը կթողնի իր բացասական հետքը։ Բայց նրանք, ովքեր իրոք քրիստոնյա են՝ այլեւս չեն դիտում այդ ֆիլմը:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել