Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԻ ԿՈԼԲԱ ՉԷ»

Սեպտեմբեր 14,2004 00:00

Հայաստանի
պարարվեստի ուսումնարանի կոլեկտիվը շարունակում է բոյկոտել մշակույթի նախարար
Հովիկ Հովեյանի հրամանը:
Հավաքարարներից սկսած՝ այստեղ բոլորը դեմ են մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանի՝ ուսումնարանի տնօրեն աշխատելուն: Նախարարի հրամանի արձակման պահից ուսումնարանում մասնագիտական առարկաների մասով դասադուլ է: Մեզ հետ զրույցում կրթօջախի առաջատար մասնագետները միաբերան վկայեցին, որ Նորայր Մեհրաբյանը կոլեկտիվի ներկայությամբ ետ է պահանջել աշխատանքից ազատվելու մասին իր դիմումը, իսկ նախարարը ժպիտով պատասխանել է. «Ես տունտունիկ չեմ խաղում»: Նախարարությունը հաշվի չի առել պարարվեստի գիտակ Ն. Մեհրաբյանի՝ տվյալ պաշտոնի համար առաջարկած թեկնածուին, որը օպերային թատրոնի առաջատար բալերոն, ուսումնարանի դասատու Արմեն Գրիգորյանն է: Կոլեկտիվին զայրացրել էր այն, որ Կ. Գեւորգյանը ուսումնարան էր եկել զինված սափրագլուխների ուղեկցությամբ: Մանկավարժները վիրավորական են համարում նաեւ նախարարի այն առաջարկությունը, որ Կ. Գեւորգյանը իբրեւ տնօրեն «եռամսյա փորձաշրջան անցնի»:

Հովհաննես Դիվանյան- Պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ, օպերային թատրոնի գլխավոր փորձավար. «Մշակույթի նախարարի այս նշանակումը լինելու բան չի: Կարեն Գեւորգյանը բալետային արվեստից գաղափար չունի, իսկ հայկական պարի բաժնում իր կարիքը չկա, քանի որ մենք լավ մասնագետներ ունենք: Նախարարն ասում էր, թող գոնե 3 ամսով մնա, բայց ուսումնարանը կոլբա չէ՝ ինչ-ինչ էքսպերիմենտների համար: Նախարարի այս նշանակումը դիկտատուրա է: Ես վաղը ինձ չեմ հարգի, եթե Կարեն Գեւորգյանը դառնա տնօրեն: Մեր մանկավարժները էստեղ ծիծաղելի գումարներ են ստանում, բայց սիրով են աշխատում: Իսկ Կարեն Գեւորգյանի նպատակը փող աշխատելն է, ասում է՝ գալիս եմ ձեր փողերն ավելացնեմ, բայց մեզ ոչինչ պետք չէ: Մեզ համար բավական է, երբ մեր սաներին Հայաստանի դրոշի ներքո ոսկե մեդալներ են հանձնում: Մեր պաշտպանած դիսերտացիաները մեր սաների ոսկե մեդալներն ու գրանպրիներն են»:

Արմեն Գրիգորյան- բազմամյա մանկավարժ. «Բոլոր լավ մասնագետները կհրաժարվեն աշխատել ուսումնարանում, որովհետեւ առանց գիտելիքի ղեկավար որեւէ մեկիս պետք չէ: Ասում են բարձրագույն կրթություն ունի, թող ունենա: Շատ լավ գիտենք մանկավարժականում ինչպես են մասնագետներ պատրաստում: Պարարվեստի ուսումնարանի սաներ Տիգրան Միքայելյանը, Դավիթ Կարապետյանը, Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը, Արման Գրիգորյանը եւ մյուսները աշխարհի առաջատար բեմերի առաջատար պարողներն են, սա այս կազմի շնորհքն է, ոչ թե Կարեն Գեւորգյանինը»:

Ելենա Սամուրղաշյան- վաստակավոր մանկավարժ. «Նոր նախարարը կարգ ու կանոնը չգիտի, ինքը պետք է այս հարցը լուծի կոլեկտիվի համաձայնությամբ: Մինչդեռ ասում է՝ ես եմ որոշողը, ես իրավունք ունեմ նշանակելու՝ ում ուզում եմ: Նախարարը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ հետ այսպես վարվելու, մանավանդ ինքն էլ նոր է որպես նախարար, հետեւաբար կարող էր չիմանալ Նորայր Գուրգենիչին եւ նրա մասնագիտական ու մարդկային առավելությունները: Կարեն Գեւորգյանը կարող է լինել պրոֆեսոր ու ակադեմիկոս, բայց նա խորեոգրաֆ չի: Մեր ուսումնարանի հիմքը կլասիկան է, որից ինքը ոչ մի գաղափար չունի: Ասում է՝ հայկական պարի մասնագետ եմ, բայց ինքը ինքնագործունեությունում սովորող է եղել: Այդ ես եմ ժողովրդական պարի մասնագետը, իմ բոլոր սաները հիմա վաստակավոր ու ժողովրդական արտիստներ են կամ պարում են արտերկրի առաջատար բեմերում: Ես Կարենին կարող եմ բոբիկացնել ժողովրդական պար առարկայից, որովհետեւ վստահ եմ՝ ոչինչ չգիտի: Ու գիտենք՝ ոնց են պաշտպանվում դիսերտացիաները: Նախարարը պետք է այս նշանակումը չեղյալ հայտարարի, որովհետեւ Կարենը անգրագետի մեկն է, թող գնա իր ինքնագործունեությունում աշխատի»:

Կապվեցինք նաեւ Կարեն Գեւորգյանի հետ: Նա նորից հիշեցրեց, որ ինքը պարարվեստի գծով գիտական թեզ պաշտպանած միակ մասնագետն է Հայաստանում ու թվարկեց սեփական արժանիքները: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատրաստվում ղեկավարել մի կոլեկտիվ, որը չի ընդունում իրեն: «Գեղամ Գրիգորյանն էլ երբ օպերայի տնօրեն եկավ, նրան էլ չէին ընդունում»,- ի պատասխան՝ ասաց նա: Պրն Գեւորգյանը հավատացրեց, որ ուսումնարանում շատ կողմնակիցներ էլ ունի, սակայն հրաժարվեց անուններ հրապարակել, երբ ամեն ինչ դեռ լարված է: Նա ժխտեց նաեւ իր՝ ՕԵԿ անդամ լինելը, ինչպես նաեւ «թիկնապահներով» ուսումնարան մուտք գործելը: Երեկ Կ. Գեւորգյանի ղեկավարած Հայաստանի ազգային պարարվեստի միության վարչությունն ընդունել է հայտարարություն՝ ի սատարում իր նախագահի: Հայտարարության մեջ մշակույթի նախարարի հրամանը որակվում է ճիշտ եւ պարարվեստի շահերից բխող: Փաստաթղթի տակ ստորագրել է 12 մարդ, որից մեկը Կ. Գեւորգյանի հայրն է՝ Բորիս Գեւորգյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել