Լրահոս
Օրվա լրահոսը

Չի պահպանվում պետության կողմից

Սեպտեմբեր 14,2004 00:00

Հնաբնակներին
վտարում են հուշարձան-շենքից՝ փոխհատուցելով $12870
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը Հյուսիսային պողոտայում բնակվող եւս մեկ գերդաստանի նկատմամբ վտարման հերթական վճիռը կայացրեց։ Վտարված բնակիչներ Նորա եւ Իրինա Եդիգարյանները պնդում են, որ 70 տարի ի վեր իշխանությունները (խորհրդային) բռնի կերպով բնակեցրել են իրենց նախապապի՝ Ազիզ Ստեփանյանի կողմից կառուցված շինությունը՝ նախկին Գնունի 28, այժմ Պուշկինի 34 հասցեով։ «Այդ շենքում ապրել են եւ հետագայում բնակարաններ են ստացել, հեռացել բազմաթիվ ընտանիքներ. Գրիգորյանները, Սարգսյանները, Ղայֆաջյանները, Մինասյանները, Հարությունյանները, Մովսիսյանները։ Այժմ էլ 5 ընտանիք է օտարվում այս տնից»,- ասում են Եդիգարյանները։ Ըստ նրանց, 12 ընտանիք է ապրել այս տանը վերջին 70 տարում, հետեւաբար կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ծախսեր կպահանջվեր պետությունից՝ վերոնշյալ ընտանիքներին տանիքով ապահովելու համար։ Բողոքողների փաստարկներով, պետությունը, օգտվելով իրենց նախնիների կառույցից, առանց լումա ներդնելու, «ապրել» է տանտերերի հաշվին։ Եկել է հատուցման պահը, սակայն «իշխանությունները, անտեսելով բուն սեփականատերերին, որոնք շարունակում են ապրել այդտեղ, օտարում են ճիշտ նույն պայմաններով, ինչպես եւ այլ ընտանիքների»,- ասում է Ն. Եդիգարյանը։

Հյուսիսային պողոտայի օտարման գոտում այս տան պատմությունը նախադեպ չունի։ Ըստ Եդիգարյանների, իրենց ընտանիքը հին Երեւանում 19-րդ դարի կեսին այս տեղում ստեղծեց մի մեծ շինություն, հողամասի չափը՝ 612,2 քմ, լայնությունը՝ 21,65 մետր, եկարությունը՝ 28,3 մետր, օգտագործելի մակերեսը՝ 265,8 քմ։ Պուշկինի 34 շենքը տեղական նշանակության հուշարձան է։ Համենայնդեպս, դա է պնդում ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պաշտոնական պատասխանը։ Իսկ համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի, հուշարձանների քանդումն արգելվում է եւ այն պահպանվում է պետության կողմից։ Այժմ դատարանը պարտադրում է ազատել տունը 12870 ԱՄՆ դոլարի փոխհատուցմամբ։ «Շինությունն իրեն կից հողամասի հետ այսօր զբաղեցնում է 878 քմ։ Այս չափի հրապարակը կարող է հանդիսանալ մի նոր բազմահարկ բնակելի շենքի հիմք, ուստի դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի օգուտ է քաղում քաղաքային իշխանությունը՝ այս հողատարածքը վաճառելիս»,- «Առավոտին» հայտնեցին իրենց պապական տնից դատական 1-ին եւ 2-րդ ատյաններով վտարված Եդիգարյանները։ Փաստաբան Ռոբերտ Պողոսյանը մտադիր է դիմել 3-րդ ատյանի դատարան՝ «պետության կողմից» հավերժ պահպանվող տան վիճահարույց խնդրով։ Նկատենք, որ այս շինությունը երբեւէ չի ազգայնացվել։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել