Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Սեպտեմբեր 14,2004 00:00

«Ալմանախ»
կրթահամալիրի սաներն ակցիա էին կազմակերպել, բայց չգիտեին, թե ինչին էր այդ
միջոցառումը նվիրված:
Երեկ «Ալմանախ» կրթահամալիրում կազմակերպվել էր Բեսլանի թիվ 1 դպրոցի ահաբեկչությանը նվիրված «Ընդդեմ ահաբեկչության» թեմայով ակցիան: Կրթահամալիրի սաներն իրենց հետ բերել էին նվերներ՝ փափուկ խաղալիքներ, գրենական պիտույքներ, անգամ՝ հագուստ ու կոշկեղեն, որոնք, ինչպես նշեց դպրոցի ուսմասվար Անահիտ Նադոյանը, հանձնելու են Ռուսական դեսպանատուն: Բացի մանկական ամենաանկեղծ նվերներից ու բացիկներից՝ դեսպանատան միջոցով Բեսլանի վիրավորներին ուղարկելու են նաեւ աշակերտների ծնողների ներդրումները, որոնք հավաքվել են «հանգանակության տուփում»: Դպրոցի տնօրեն Նունե Հարությունյանը նույնիսկ մոտավորապես չկարողացավ ասել, թե ինչքան գումար է հավաքվել, բայց նշեց, որ տուփը բացելու են օրվա վերջում: Ուրբաթ օրը կրթահամալիրի ողջ աշխատակազմը գնացել է արյուն տալու: Նրանց միայն 35 տոկոսին են թույլ տվել այդ անել, քանի որ, տնօրենի հավաստմամբ՝ այնտեղ շատ խիստ չափանիշներ կան, «անգամ ոտքի արատ ունեցող դոնորների արյունը չեն վերցնում»: Առաջին անգամ կրթահամալիր էր այցելել նաեւ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, որը ողջունել էր ակցիան ու միաժամանակ ծանոթացել դպրոցում կատարված վերանորոգման աշխատանքներին, թեեւ ուսուցիչներն էլ էին զարմացել, թե ընդամենը 10 րոպեում նախարարն ինչպե՞ս հասցրեց շրջել ողջ դպրոցում, ծանոթանալ տարածքին ու գնալ: Երբ հարցրինք տնօրենին, թե ի՞նչ կարծիք հայտնեց նախարարը ակցիայի ու ընդհանրապես կրթահամալիրի մասին, նա բառացիորեն կրկնեց նախարարի խոսքերը՝ «այ այսպիսի դպրոցներին ես կանաչ ճանապարհ եմ մաղթում, որովհետեւ դրանք պետության հոգսն են թեթեւացնում»: Ինչ խոսք, Ս. Երիցյանը նման ջերմ խոսքեր ասելու պատճառ ուներ, քանի որ դպրոցը արդեն 5 տարի է՝ գործում է տնօրենի մոր միջոցներով, որը, ըստ Ն. Հարությունյանի՝ միջազգային կարգի էքստրասենս է եւ ապրում է Ռուսաստանում: Բացի այս, կրթահամալիրը վճարովի է: Մեր հարցին, թե ինչո՞վ է տարբերվում այն հանրակրթական մյուս դպրոցներից, տիկին Հարությունյանն ասաց. «Այստեղ յուրաքանչյուր աշակերտ տարեկան վճարում է 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ու դպրոցական ծրագիրը մինիմումն է, որ տալիս ենք մեր սաներին: Նրանցից յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում»:

Երեխաներից մի քանիսը մարմնամարզության համար նախատեսված դաշտում գունավոր կավիճներով թռչուններ, տուն ու ծաղիկ էին նկարում, վրան

էլ գրում՝ խաղաղություն, ո՛չ ահաբեկչությանը: Երբ նրանցից մեկին, որն, ի դեպ, տարիքով ամենամեծն էր, 5-6-րդ դասարան, հարցրի, թե ի՞նչ կարեւորություն ունի իր համար այս միջոցառումը, նա զարմացած հայացք ընդունելով ու մի փոքր կենտրոնանալով՝ պատասխանեց. «Սեպտեմբերի 1-ն ա, չէ՞»: Մինչ դաստիարակները նրան կկշտամբեին ու կբացատրեին, որ սեպտեմբերի 1-ին Բեսլանում այսինչ-այսինչ դեպքերն են կատարվել, որ իր ծնողն էլ մեծ նվիրատվություն է արել այս առիթով, փորձեցինք մեկ ուրիշ աշակերտի հարցնել: Վերջինս գիտեր, որ ինչ-որ ակցիա են կազմակերպել, բայց երկմտեց՝ «ընդդեմ խաղաղությա՞ն էր, թե՞ պատերազմի»: Թե 700 դոլար վճարելով՝ աշակերտներն ինչպիսի կրթություն են ստանում, իմացանք նաեւ այն միջոցառման ժամանակ, ուր կրթահամալիրի բարձր դասարանցիները ծիծաղելով հազիվ կարողացան մեկ-երկու տող ներկայացնել «Անլռելի զանգակատուն» պոեմից:

«Իմ երազանքն է եղել ունենալ այսպիսի սեփական դպրոց՝ եվրոպական բոլոր չափանիշներով»,- ցույց տալով կրթահամալիրի ողջ բարեմասնությունները՝ ասաց տիկին Հարությունյանը: Ինչ խոսք, երբեմնի քարուքանդ մանկապարտեզից, որտեղ տնօրենի խոսքերով՝ անգամ կենդանիներ են պահել, ստեղծել նման պայմաններով դպրոց՝ պարասրահով, մարզասրահով, եվրոնորոգված լոգարաններով, առնվազն հերոսություն է, բայց թե ինչքանո՞վ են նման պայմաններն առնչվում կրթության որակին ու նախարարի՝ կրթության ոլորտում իրականացնելիք բարեփոխումներին, կրթահամալիրի դաստիարակներն էլ դժվարացան պատասխանել: Միայն նշեցին, որ իրենք ունեն շուրջ 15 համակարգիչ, հիգիենիկ բոլոր պայմաններով ճաշարան, լոգարան, որ աշակերտներն այստեղ բերվում, ճաշում, սովորում են դպրոցի հաշվին, ավելի ճիշտ՝ այն 700 դոլարի, որ վճարում են: Իսկ նման պայմաններում սովորելու հնարավորություն այսօր քչերն ունեն:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել