Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ի ՊՈՉԱՎՈՐ ՍՈՒՏԸ

Սեպտեմբեր 14,2004 00:00

ՕԵԿ-Ի ՊՈՉԱՎՈՐ ՍՈՒՏԸ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի սեպտեմբերի 10-ի նիստին,
ուր քննարկվում էր ընդդիմադիրների բացակայության հարցը, շուրջ 40 մարդ էր
ներկա՝ պատգամավորներ, լրագրողներ եւ այլն: Եվ այսքանի ներկայությամբ «Օրինաց
երկրի» 3 ներկայացուցիչները՝ Էդուարդ Գաբրիելյանը, Գրիգոր Մարգարյանը եւ
Հովհաննես Մարգարյանը, ձեռնպահ քվեարկեցին «Արդարության» եւ «Ազգային միաբանության»
բացակայություններն անհարգելի ճանաչելուն: Վերջինս, որ նաեւ պետաիրավականի
փոխնախագահն է, վարման կարգի համար ձայն խնդրեց ու հայտարարեց, թե իրենք
քվեարկելու են ձեռնպահ: Հովհաննես Մարգարյանը հետո լրագրողներին հայտնեց,
որ սա իրենց անձնական դիրքորոշումն էր՝ ոչ կուսակցության, եւ պայմանավորված
է այն հանգամանքով, որ հանձնաժողովը հրաժարվեց Հմայակ Հովհաննիսյանի բացակայությունների
հարցը քննարկել առանձին:
Թերեւս ՕԵԿ-ը խախտել էր կոալիցիոն պայմանավորվածություններն այս քվեարկությամբ, քանի որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նիստից հետո «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում զարմանք հայտնեց «Օրինաց երկրի» քվեարկության առնչությամբ՝ այն համատեքստում, որ իրենք պայմանավորվել էին զատորոշել խնդրի իրավական եւ քաղաքական կողմերը:

Սրան հաջորդեց ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանի ասուլիսը «Ազդակ» ակումբում, ուր նա ազդարարեց, թե իրենց պատգամավորներից միայն մեկն է քվեարկել ձեռնպահ, իսկ մնացածները՝ կողմ: Եվ սա՝ չնայած բազմաթիվ վկաներին ու պահպանված ձայնագրություններին: Նաեւ այն պարագայում, որ ինքը՝ պրն Շահգելդյանը, ներկա չէր հանձնաժողովի նիստին: Ի՞նչ է սա՝ ո՞չ փորձ կոալիցիոն գործընկերների առջեւ «մեղքը» սվաղելու. «Առավոտի» այս հարցադրմանն ի պատասխան՝ պրն Շահգելդյանն ասաց. «Սվաղելու ոչ մի խնդիր չունենք եւ երբեք չենք ունեցել: Իրականությունը հետեւյալն է՝ մեկ պատգամավոր քվեարկել է ձեռնպահ, մյուսի պարագայում տեխնիկական խնդիր է եղել հաշվարկի ընթացքում: Մեր դիրքորոշումն այս հարցում միասնական է կոալիցիայի գործընկերների հետ»: Ամենածիծաղելին այն է, որ Հովհաննես Մարգարյանն էլ էր երեկ լրագրողներին փորձում համոզել, թե իրենք ճիշտ չեն հասկացել: Մի խոսքով՝ մածունը սեւ է, եւ մեզ միայն թվացել է, թե այն սպիտակ էր: Ինչե՜ր ասես որ չես անի կոալիցիայի մյուս 2 կողմերի եւ հատկապես՝ 4-րդի զայրույթը մեղմելու համար:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել