Լրահոս
Օրվա լրահոսը

«Համատեղ ջանքը» տապալվեց

Սեպտեմբեր 14,2004 00:00

ՆԱՏՕ-ի Cooperative Best Effort-04 զորավարժություններին մասնակցելու մեկնող հինգ հայ սպաներին Ադրբեջան մուտքի թույլտվություններ չտրամադրելու պատճառով Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Ջեյմս Ջոնսը երեկ որոշում է կայացրել չեղյալ հայտարարել այդ զորավարժությունները:

Դաշինքի մամլո ծառայության՝ այս առիթով տարածած պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում զորավարժություններն անցկացվում են մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր դաշնակիցների եւ գործընկերների ներգրավվածության սկզբունքի հիման վրա: Մենք ափսոսանք ենք հայտնում, որ այս դեպքում նշված սկզբունքը խախտվել է, ինչը բերել է զորավարժությունները չեղյալ հայտարարելուն»: Երեկ Բրյուսելում ալյանսի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը եւս անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ «նման մոտեցումը անընդունելի է ԳՀԽ ծրագրի մասնակից որեւէ պետության կողմից եւ դիտվում է որպես պարտավորությունների խախտում»: Վ. Օսկանյանն իր հերթին ասել է, թե «Ադրբեջանի պատճառով զորավարժությունների չեղյալ համարելը հնարավորության մեծ կորուստ էր տարածաշրջանային համագործակցության համար»:

Հիշեցնենք, որ Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը հայ սպաներին մերժել էր Ադրբեջան մուտքի արտոնագրեր տրամադրել, ինչի կապակցությամբ սկզբնապես որեւէ պարզաբանում չէր ներկայացվել, իսկ քիչ ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Մեթին Միրզան հայտարարել էր. «Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայ զինվորականներին մուտքի վիզաներ չի տվել եւ չի տա: Պատճառները բոլորին հայտնի են եւ անիմաստ է դրանք կրկնել»:

Առաջին հայացքից ՆԱՏՕ-ի հրամանատարության այս արձագանքը խիստ անսպասելի է: Թվում էր, թե Դաշինքն այս անգամ եւս աչք կփակի Բաքվի ձեռնածության վրա, մանավանդ, որ դրա նախադեպն արդեն կա: Ի վերջո՝ ի՞նչ է պատահել. զորավարժություններին «ինչ-ինչ պատճառներով» չեն մասնակցել հինգ հայ սպա, առավել եւս՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրից: Մյուս կողմից, սակայն, ՆԱՏՕ-ն իր այս քայլով պարզորոշ ցուցադրեց, որ լուրջ եւ որոշակի սկզբունքներ դավանող կազմակերպություն է, որը չի պատրաստվում հանդուրժել Ադրբեջանի «նազերը»: Ի. Ալիեւից՝ հայերի մասնակցության ապահովման մասին տասնյակ պաշտոնական հավաստիացումներ ստացած ՆԱՏՕ-ն, ի վերջո, չէր կարող հաշտվել Բաքվի խաղարկած էժան հնարքի հետ: Այն է՝ վերջին պահին փաստի առաջ կանգնեցնել զորավարժությունների կազմակերպիչներին՝ այդպիսով մի գնդակով խփելով երկու նապաստակ. անցկացնել վարժանքներն առանց հայերի, միաժամանակ՝ հագուրդ տալ հասարակական շիկացած տրամադրություններին:

Ի դեպ, չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի այս որոշումը պաշտոնական Երեւանը կփորձի ներկայացնել իբրեւ դիվանագիտական հաղթանակ:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել