ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ բոյկոտի, վստահության հանրաքվեի եւ ավանդները վերադարձնելու մասին
Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, ԱԺ հերթական նստաշրջանից առաջ խորհրդարանի նախագահը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին։ «Առավոտին» մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչո՞ւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը անցած ուրբաթ խախտեց կանոնակարգը եւ ԱԺ աշխատանքները բոյկոտած պատգամավորների բացակայությունները անհարգելի ճանաչելու մասին որոշումը քվեարկեց փաթեթով, մինչդեռ կանոնակարգը պարտադրում է անվանական քվեարկություն։ Հաջորդը՝ թեպետ բոյկոտողների հարցը քննարկելու մասին որոշումը մտել է եռօրյայի օրակարգ, սակայն օրակարգային հարցերի քննարկման հերթականությունը իրավասու է որոշել ԱԺ նախագահը։ Հետաքրքիր էր իմանալ՝ արդյոք ԱԺ նախագահը պատրաստվում է երկա՞ր ժամանակով հետաձգել այդ հարցը։ Պատասխանելով այդ երկու հարցերին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Քանի որ ես՝ որպես ԱԺ նախագահ, ամենեւին շահագրգռված չեմ, որպեսզի պատգամավորները զրկվեն մանդատներից կամ ինչ-որ քննարկումներ տեղի ունենան, այսօր մենք ձեռնամուխ ենք լինելու բոյկոտի իրավական կանոնակարգման խնդրին։ Սա ենթադրում է որոշակի ընթացակարգային օրենսդրական աշխատանք։ Բնականաբար, այսօր այս եռօրյա նիստերի ընթացքում այդ հարցը չենք քննարկելու։ Դա պայմանավորված կլինի այն քաղաքական որոշմամբ, որ կընդունվի կոնկրետ այս քաղաքական հարցի հետ կապված»։ Իսկ թե ինչու պետաիրավականը հարցը քննարկեց փաթեթով, Արթուր Բաղդասարյանը չգիտեր։ Համենայնդեպս, նրա պատասխանից այդպես հասկացվեց։ Ահա այդ պատասխանը. «Իսկ թե ինչու ցուցակով քննարկվեց, կոնկրետ Հովհաննես Մարգարյանը ձեռնպահ է մնացել, որովհետեւ ունեցել է տարաձայնություն հենց ձեր հարցի հետ կապված։ Հիմա ես ուղղակի չեմ կարող ասել, թե ինչու է պետաիրավականը գնացել այդ ճանապարհով։ Դա պետք է Ռաֆիկ Պետրոսյանից հարցնել»։
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը Արթուր Բաղդասարյանը այժմ նույնպես չի պատրաստվում դնել քննարկման։ Այդ մասին հարց հնչեց, եւ ԱԺ նախագահն ասաց, թե վստահության հանրաքվեի հարցի քննարկումը անիմաստ է համարում. «Դա ուղղակի արդեն որեւէ տրամաբանությունից զուրկ հարցադրում է։ Հարգելի գործընկերներ, մեկ տարի հետո այս երկրում համապետական ընտրություններ են եւ դրանից հետո յուրաքանչյուր տարի ընտրություններ են։ Ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը։ Երեք տարի հետո նախագահական ընտրություններ են։ Կարծում եմ՝ հարցը սպառված է եւ այդ կապակցությամբ դեռեւս մեկ տարի առաջ հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտվել է կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի կողմից»։
Պատասխանելով ավանդների վերադարձման մասին ավանդական հարցին՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Թող ոչ մեկին չթվա, թե բացառապես ՕԵԿ-ի տանջանքի արդյունքում (օրինագծի քննարկումը ֆինանսավարկային հանձնաժողովի կողմից հետաձգվել է- Մ. Ե.) պետք է այդ օրենքը ընդունվի։ Թող բոլորը մտածեն, նույն ընդդիմության մեր գործընկերները, որ սպասում են, թե այդ հարցը ինչ է լինելու։ Ավանդների հարցը վերաբերում է ողջ հայ ժողովրդին։ Թող բոլորը շահագրգիռ լինեն, որ այդ հարցը լուծվի։ Միայն մեկ կուսակցություն այդ հարցը լուծել չի կարող։ Կարող է լուծել այն կուսակցությունը, որը խորհրդարանում 70 ձայն ունի։ Այսօր Հայաստանի խորհրդարանում այդքան ձայն ունեցող կուսակցություն չկա»։ ՕԵԿ նախագահը հայտարարեց, թե ոմանց մի կողմ քաշվելը, «ոմանց չարախնդալը, ոմանց մերժողական պատասխանները մեզ դուր չեն գալիս։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»։ Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ավանդների վերադարձման մասին հարցը ներառված է, եւ այդ մասին հարկ է, որ հիշեն նաեւ իրենք։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ