Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատում հանդիպումը խաղաղ էր, բայց՝ սակավամարդ

Սեպտեմբեր 11,2004 00:00

Արտաշատում հանդիպումը խաղաղ էր, բայց՝ սակավամարդ Իսկ Գրիշա Վիրաբյանը շարունակում է բողոքել ՀԺԿ-ից Երեկ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն արտաշատցի ընտրողներին ներկայացրեց «բիլակակռվի» իր հանրահայտ ծրագիրը: Տեղի ԱԺԴ կառույցի ղեկավար Ստեփան Ստեփանյանը մարդկանց սակավությունը (մոտ 50 հոգի) այսպես բացատրեց. «Մարդիկ խուսափում են դահլիճային հանդիպումներից, քանզի երեւալու, ճանաչվելու հավանականությունը մեծ է: Կամ էլ՝ ժողովուրդն այլեւս ոչինչ չի տեսնում ընդդիմադիր դաշտի հետ շփումներից»: ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանության եւ ազգային անվտանգության տեղական կառույցները «աշխատել են», որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ լինեն հանդիպմանը: Նույնը հաստատեցին հանդիպման մասնակիցները: Մասնավորապես Ջուլիետա Բագոյանը եւ Ռոզա Խաչատրյանը «Առավոտին» փոխանցեցին, որ ոստիկանները պոկել են փակցված հայտարարությունները, մարդկանց էլ հավելյալ տեղեկացրել, որ ոչինչ էլ չի լինելու. «Անունը չգիտեմ, ասեցին «պոլիս» Արմենը հայտարարում էր, որ գնացեք ձեր տները»: Վերջինս, ի դեպ, Գ. Վիրաբյանին ծեծողներից մեկն է: «Ես ուզում էի, որ վախի մթնոլորտը վերանա: Նախագահական ընտրությունների ժամանակ Հայկ Բաբուխանյանը դանակահարվեց, ԱԺ ընտրությունների ժամանակ Շահումյան գյուղում սպանություն եղավ, գումարած ինձ հետ կատարված դեպքը: Բնական է, Արտաշատում դաշինքի ղեկավարությունն էլ կարող էր վախենալ ու չգալ: Ինչն էլ հաստատվում է: Բայց եթե ցանկություն ունեն պայքարը շարունակելու, պետք է հենց Արտաշատից սկսեին»,- իր դժգոհությունը «Առավոտին» փոխանցեց Գրիշա Վիրաբյանը: Հարցին՝ այսինքն՝ դուք առաջարկել եք դաշինքի ղեկավարներին Արտաշատում հանրահավաք անցկացնել, նրանք մերժե՞լ են, Գ. Վիրաբյանը պատասխանեց. «Անցած շաբաթ երբ արգելեցին իմ հանրահավաքը՝ պատճառաբանելով, որ պատգամավորի թույլտվություն չկա, ես հանդիպեցի Ստեփան Դեմիրճյանին: Պարզաբանեցի, որ երբ ինքը հիվանդ էր եւ տանն էր, իրեն տեղյակ չեմ պահել, բայց կուսակցությունից Ստեփան Մինասյանը տեղյակ էր, որ հանրահավաք եմ կազմակերպում: Նա ոչինչ չասաց: Իսկ հանրահավաք ուզում էի անցկացնել վախի մթնոլորտը վերացնելու համար: Իմ դեմ հարուցված քրեական գործը դեռ կարճված չէր, դատավարությունը լինելու էր Արտաշատում, ես ցանկանում էի մարդկանց վստահեցնել, որպեսզի չվախենային գալ դատարանի դահլիճ: Ստ. Դեմիրճյանը հավանություն տվեց հանրահավաքի նպատակին, Ստեփան Մինասյանին հանձնարարեց՝ պատրաստել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի հանրահավաքը կայանա: Հաջորդ օրը պարոն Մինասյանը պատճառաբանեց, որ ՀԺԿ-ի ոչ մի պատգամավոր իր վրա պատասխանատվություն չի վերցրել, որպեսզի հանրահավաքը կայանա: Այսինքն՝ նա ցույց տվեց, որ մեր պատգամավորները չեն ենթարկվում կուսակցության ղեկավարին: Ես էլ չհանդիպեցի Դեմիրճյանին: Հանրահավաքը ձախողելու դիտավորություն զգացի, էլ ի՞նչ իմաստ ուներ բողոքելը: Մանավանդ, որ ինքն էլ չհետաքրքրվեց»: Ըստ պրն Վիրաբյանի, ՀԺԿ-ն «կազմակերպված օգնություն, հատկապես՝ բարոյական, չցուցաբերեց ինձ. ես կասկածներ ունեմ, որ թիկունքումս գործարք է կատարվել: Այլապես իրենք կարող էին եւ հանրահավաքներ անել, եւ անընդհատ խոսել այդ մասին: Ես ցանկանում եմ ակցիա անել՝ չեն աջակցում: Ընդհանուր է խոսվում: Հասկանալի է, մյուսներն էլ են տուժել, բայց իմ դեպքը արտառոց է: Իմ կուսակցությունը ոստիկաններին պատժելու հարց չի բարձրացնում: Մարդու իրավունքների պաշտպանն ավելի շատ է այդ մասին խոսում: Ես ափսոսում եմ, որ գերագնահատել եմ որոշ լիդերների մտավոր ունակությունները եւ կազմակերպչական կարողությունները»,- ասում է Գ. Վիրաբյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել