Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ենք կորցրել Իրաքում

Սեպտեմբեր 11,2004 00:00

Ի՞նչ ենք կորցրել Իրաքում Մեր քաղաքական գործիչները միակարծիք չեն ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանում քննարկվելիք առաջին եւ կարեւորագույն հարցերից մեկը լինելու է 50 հոգուց բաղկացած հայկական զորախումբ Իրաք գործուղելը: Հիշեցնենք, որ նրանք Իրաքում հանդես են գալու Լեհաստանի խաղաղապահ ուժերի կազմում: Այս փաստը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել հայաստանյան քաղաքական, հասարակական եւ նույնիսկ զինվորական շրջանակներում: Այդուհանդերձ, խորհրդարանական մեծամասնությունը, դատելով մեր ԶԼՄ-ների հրապարակումներից, առանձնապես դեմ չէ մեր զինվորներին Իրաք ուղարկելուն եւ ընդհանրապես՝ կանի այնպես, ինչպես Քոչարյանը կհրամայի: Երեկ հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը հետեւյալ կարծիքն էր հայտնել. «Իրաք մեկնողները բոլորը կամավորներ են, եւ նրանք պատկերացնում են՝ ուր են գնում: Նրանք առաջին գծում չեն գործելու եւ Իրաքի արմատականների հետ անմիջական շփման մեջ չեն լինելու»: Բոլոր նրանց, ովքեր, մեղմ ասած, այնքան էլ հիացած չեն այս նախաձեռնությամբ, անհասկանալի է, թե ինչու հայ զինվորները պետք է Իրաք գնան, երբ Հայաստանը Իրաքում պատերազմ սկսած կոալիցիոն ուժերին ժամանակին չէր պաշտպանում: ՀՀ իշխանություններն անգամ «հանդուգն» հայտարարություններ էին անում ու, հակառակ ԱՄՆ-ի կոչերի, մինչեւ վերջին պահը շարունակում էին դիվանագիտական հարաբերություններ պահպանել սադամյան ռեժիմի հետ: Կամ՝ ինչո՞ւ մերոնք պիտի մեկնեն Իրաք, երբ այնտեղ տակավին խաղաղ չէ, ավելին՝ արմատականները պարբերաբար պատանդ են վերցնում Իրաք ժամանած այլազգի մասնագետների, լրագրողների, մարդասիրական առաքելությամբ Բաղդադ ժամանածներին եւ այլն: Կամ՝ մեր ինչի՞ն է պետք խառնվել այլոց գործերին՝ վտանգելով Իրաքի ավելի քան 25 հազարանոց համայնքի անվտանգությունը, եւ դառնալ արաբական աշխարհի աչքի փուշը, որտեղ մեծաթիվ հայկական գաղութներ կան: Վերջին հարցադրմանը խնդրեցինք պատասխանել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին ու Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին: Ստ. Գրիգորյանի դիտարկմամբ, նման որոշումը թեեւ ուշացած, բայց ճիշտ է. «Հայաստանը հենց սկզբից պետք է մասնակցեր կոալիցիայի հակաահաբեկչական գործողություններին՝ օդային տարածք տրամադրեր, ինչու չէ, նաեւ՝ ռազմաբազաներ, եւ, ի տարբերություն ներկայիս որոշմանը, այն ժամանակ դրանից կարելի էր նաեւ քաղաքական դիվիդենտներ շահել: Ինչ վերաբերում է Իրաքում հայկական համայնքին չվտանգելու մտահոգությանը, ապա քաղաքագետի կարծիքով՝ դեռ մինչեւ այս պատերազմը Իրաքում իսլամական կազմակերպություններն արդեն սկսել էին նեղել հայերին»: Մյուս կողմից, Ստ. Գրիգորյանի ասելով, չպետք է կարծել նաեւ, թե արմատական խմբավորումների կողմից պատանդառվող մարդիկ ներկայացնում են հատկապես այն երկրները, որոնք այնտեղ ռազմական ներկայություն ունեն: Իբրեւ օրինակ նա հիշեցրեց վերջերս երկու ֆրանսիացի լրագրողների առեւանգման փաստը, այն դեպքում, երբ Ֆրանսիան ի սկզբանե դեմ է եղել Իրաքի դեմ պատերազմին եւ մինչ օրս էլ որեւէ կերպ չի մասնակցում այնտեղ ընթացող պրոցեսներին: Իսկ Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը հայտնի է իր արեւմտամետ եւ, այսպես ասած՝ ՆԱՏՕ-ամետ դիրքորոշմամբ, ՀՀ իշխանությունների այս նախաձեռնությունից հիացած չէ: Սա՝ մեղմ ասած: Նա դժվարացավ մեկ-երկու բառով խոսել այն բոլոր վտանգների մասին, որոնք ամփոփված են այս որոշման մեջ: «Դրանք շատ ավելի բարդ ու լուրջ խնդիրներ են: Դա անհիմն որոշում է»,- ասաց պարոն Հովհաննիսյանը: Միաժամանակ, նա, ըստ էության, համաձայնեց մեր նախորդ զրուցակցի այն տեսակետին, թե Իրաք զորամիավորում պետք էր գործուղել գործողությունների հենց սկզբում, բայց հիմա նման որոշում ընդունելը պարզապես վտանգավոր է եւ չի բխում մեր պետության շահերից: Հովհ. Հովհաննիսյանի փաստարկները՝ առաջիկա համարներից մեկում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել