Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ՅՈՒՐԱՅԻՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՍ

Սեպտեմբեր 11,2004 00:00

Աթենքում
անցկացված ամառային 28-րդ օլիմպիական խաղերում ազատ ոճային ըմբիշ, 55 կգ
քաշային Մարտին Բերբերյանը երկրորդ գոտեմարտում զիջելով կորեացի մրցակցին՝
դուրս մնաց հետագա պայքարից:
Ոսկե մեդալի հույսերը, որ միանգամայն հիմնավոր փայփայում էին մասնագետներն ու մարզիչները, հօդս ցնդեցին: Դրա համար, սակայն, Մարտինին Հայաստանում ոչ ոք չի մեղադրում, քանի որ մարզիկը պայքարեց, արեց ինչ հնարավոր էր: Պարզապես, նրա ճակատագիրը նախապես որոշված էր կուլիսների ետեւում, նա չպետք է անցներ առաջին՝ խմբային արգելքը:

Երեկ նրա հետ մեր զրույցում շոշոփվեցին ինչպես իր, այնպես էլ նրա թիմակիցների աթենքյան մրցելույթներին, ընդհանրապես՝ ըմբշամարտին վերաբերող հարցեր:

– Երբվանի՞ց է սկսվել խաղերին բուն նախապատրաստությունը:

– Կոնկրետ ամիս ու ամսաթիվ նշել, գուցե, ճիշտ չի լինի: Կար ազգային հավաքական, որը մշտապես մարզվել է: Անցած տարվա վերջերին Նյու Յորքում անցկացված աշխարհի առաջնությունում, որը նաեւ վարկանիշային էր, միայն Մամեդ Աղաեւը ուղեգիր նվաճեց եւ դարձավ մեր մարզաձեւի առաջին օլիմպիականը: Այնուհետեւ, 2004 թ. հունվարի վերջերին Սլովակիայում ուղեգիր նվաճեցինք նաեւ ես ու Արայիկ Գեւորգյանը: Դրանից մի 10 օր հետո վարկանիշային վերջին մրցումներում (Բուլղարիայում) մեզ միացավ Ժիրայր Հովհաննիսյանը, ու կազմվեց օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած Հայաստանի հավաքականի կազմը: Այնպես որ, արդեն նպատակային օլիմպիական նախապատրաստությունը, կարելի է ասել, սկսվեց այդ ժամանակ: Կատարվող աշխատանքի ստուգատես եղավ Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ ես դարձա չեմպիոն:

– Հիմա խոսենք Աթենքում քո գոտեմարտերի մասին: Այսօր ի՞նչ գնահատական կտաս քո մրցելույթներին:

– Ընդունված է, որ մրցումներում, առավել եւս՝ օլիմպիական, ամենադժվարն ու ծանրը առաջին գոտեմարտն է, անկախ նրանից, թե ի՞նչ կոչումներ ունես: Վիճակահանությամբ իմ առաջին մրցակիցը թուրք Հարուն Դոգանն էր՝ ավելի բարձր քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն եւ արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն: Անչափ ծանր պայքարում լրացուցիչ ժամանակում ես հաղթեցի 5:3 հաշվով: Մարտը տեւեց մոտ ութ րոպե: Նոր էի մտել կուլիսների ետեւ, երբ իմ անունը կրկին հայտարարեցին՝ հրավիրելով հաջորդ մարտին: Մեր մարզիչները մրցավարներին ասացին, որ դեռ հինգ րոպե էլ չի անցել եւ ինձ գոնե շնչառությունը վերականգնել է անհրաժեշտ (կա գործող կարգ, որ երկու մենամարտերի միջեւ պետք է անցնի առնվազն 30 րոպե): Սակայն, այնուամենայնիվ, ինձ գորգ հրավիրեցին մոտ 15 րոպե հետո: Մրցակիցս՝ կորեացի ըմբիշը, արդեն ինձ էր սպասում: Վազելով մտա ասպարեզ: Որքան էլ հոգնած էի, կարծում եմ, գոտեմարտեցի նորմալ: Սակայն մրցավարներն այնպես արեցին, որ իմ առջեւ հետագա ճանապարհը փակեն: Հետո իմացա, որ որոշել էին մեր խմբից հաջորդ շրջան դուրս բերել հույն ըմբիշին: Կարող եք դիտել կորեացու հետ իմ մարտի տեսագրությունը: Գորգի մրցավարն առաջին երեք րոպեներին ինձ առնվազն երկու րոպե պահել է «պարտեր» դիրքում: Այդպիսի բան չի լինում: Հետո կանգնած դիրքից իմ 3 միավորանոց գցումը գնահատեց 2 միավոր: Դրան էլ կարող էի համաձայն լինել, եթե կորեացուն նույնպես մեկ միավոր չվերագրեին եւ «պարտեր նստեցնեին»: Գորգի մրցավարը շատ լավ գիտեր, որ այդ դիրքում ես վերեւից շատ լավ եմ աշխատում, որ դա իմ ուժեղ կողմերից է: Այդ ժամանակ ես մի 5-6 միավոր կվաստակեի ու գոտեմարտի ելքը վճռված կլիներ: Վեց հիմնական րոպեներն ավարտվեցին ոչ-ոքի հաշվով: Պետք է մարտը շարունակեինք, այսպես կոչված, «բռնվածք» դիրքից: Այստեղ էլ մրցավարը «չտեսավ», որ կորեացին, խախտելով բոլոր կանոնները, թույլատրվածից ցածր տեղից է բռնել, իսկ ինձ հնարավորություն չտվեց նորմալ բռնելու: Ինքը ձեռքերս շատ արագ միացրեց եւ հրահանգեց միացնել ժամանակը: Խիստ անհավասար պայմանում հայտնվելով էլ պարտվեցի:

– Դու վնասվածքո՞վ էիր հանդես գալիս:

– Այո, առաջին գոտեմարտում կողոսկրս էր ճաքել:

– Ի՞նչ կասես հավաքականի քո ընկերների մրցելույթների մասին:

– Արայիկ Գեւորգյանը, որ լավ մարզավիճակում էր ու մեդալի ամենաիրական հավակնորդներից մեկը, մեկնարկում բացահայտ առավելությամբ փայլուն հաղթանակ տոնելուց հետո, երկրորդ գոտեմարտի հենց սկզբում ոտքի ծանր վնասվածք ստացավ: Դրանից հետո նա փորձեց շարունակել պայքարը, սակայն ի վիճակի չեղավ: Ափսոս էր: Բայց սպորտում ամեն ինչ էլ լինում է: Ինչ վերաբերում է Ժիրայր Հովհաննիսյանին, կարծում եմ, նա գոնե խմբից պետք է դուրս գար: Երկրորդ գոտեմարտում հնդիկ ըմբիշից նրա պարտությունը երեւի պատահականություն էր, կամ ավելի շուտ՝ փորձի պակասի հետեւանք:

– Կուզեի ավելի կոնկրետ խոսես Մամեդ Աղաեւի պարտության եւ մարզիկին անվայել պահվածքի մասին:

– Ես նրա գոտեմարտը չեմ տեսել: Բայց մասնագետներն ասում են, որ նրա հետ էլ մրցավարներն արդար չեն վարվել: Ինչ վերաբերում է հետագայում նրա պահվածքին, իհարկե՝ չեմ ողջունում: Բայց նաեւ պետք է հասկանալ մարդու հոգեբանությունը: Օլիմպիական խաղերը լինում են չորս տարին մեկ: Չորս տարի քրտնաջան պատրաստվում ես ու հանկարծ մի քանի րոպեում մրցավարները ամբողջ աշխատանքդ ջուրն են գցում: Ամեն դեպքում Մամեդը պետք է զսպեր հույզերը: Ինձ հետ էլ նույն բանն արեցին, բայց ես այդպես չվարվեցի:

– Եթե սպորտում էլ հնարավոր է մրցանակներ «գնել», ուրեմն, ինչպես ժողովուրդն է ասում, պետք է մրցակիցներից մեկ գլուխ բարձր լինել, որպեսզի ոչ մի մրցավար չկարողանա հաղթանակը ձեռքիցդ վերցնել:

– Այդպիսի պահանջ կարող է դնել միայն սպորտից հեռու կանգնած մարդը: Առավել եւս, եթե խոսքը օլիմպիական խաղերի մասին է: Այստեղ թույլ մրցակից երբեք չի լինում: Մասնակցում են միայն աշխարհի ամենաուժեղները, նրանք, ովքեր վարկանիշային մրցաշարերում հավասարների հետ պայքարում կարողացել են հաղթող դուրս գալ: Իսկ ես այդ մասին մտածում եմ հետեւյալը. հիմա, բացի լավ նախապատրաստվելուց, գերազանց մարզավիճակում լինելուց, հարկավոր է նաեւ յուրային ունենալ մրցավարական կազմում, որպեսզի գոնե պայքարն ազնիվ սպասարկեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել