Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարազդատ Սեւոյանը դարձավ 90 տարեկան

Սեպտեմբեր 11,2004 00:00

Վարազդատ
Սեւոյանի անունը ասոցացվում է հանրահայտ լուսանկարի հետ. նրա ձյունաճերմակ
Արարատը՝ բարդիներով, դարձել է Հայաստանի յուրօրինակ խորհրդանիշը:
Նրա լուսանկարչական սարքը քանիցս հավերժացրել է հայ մեծերին ու նրանց կյանքի ամենահետաքրքիր ակնթարթները: Սեւոյանի բոլոր գործերում զգացվում է նրա ուրույն ձեռագիրը, դրանք երբեք չես շփոթի ուրիշ լուսանկարիչների աշխատանքների հետ, սակայն նրա ամենահաջողված գործերից են Արագած լեռը, Մարտիրոս Սարյանը եւ Պարույր Սեւակը, Մհեր Մկրտչյանի եւ Սեւակի դիմանկարների շարքը, Լուսինե Զաքարյանը, Հրաչյա Ներսիսյանը, Երվանդ Քոչարը:

1938-1941թթ. Վ. Սեւոյանը աշխատել է «Հայֆիլմում»՝ որպես լուսանկարիչ: Նույնն էր նրա կոչումը նաեւ Հայրենական պատերազմի տարիներին. Սեւոյանը ռազմաօդային զորամիավորումներից մեկի լուսանկարիչն էր: Նա աշխատել է նաեւ «Պիոներ կանչում», իսկ 1946-1975թթ. եղել է «Ավանգարդի» լուսանկարիչ-թղթակիցը: Անդամակցել է ԽՍՀՄ ժուռնալիստների միությանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ է:

Վ. Սեւոյանին սիրով են հիշում գործընկերները: Նրա հետ «Ավանգարդում» երկար տարիներ աշխատած Լենա Կարապետյանի բնորոշմամբ, Վ. Սեւոյանը լավ մարդ էր ու լավ ընկեր: «Վարազդատը ազնիվ է, զգայուն, ուշադիր բոլորիս նկատմամբ: Ամեն տարի գարնան առաջին օրը չէր մոռանում խմբագրության աղջիկների սեղաններին ձնծաղիկի փնջեր, իսկ Ամանորին՝ քաղցրավենիք դնել: Սիրում էր գեղեցիկ առիթներով լուսանկարել գործընկերներին: Խմբագիրների՝ Մարտին Թութխալյանի, Գուրգեն Առաքելյանի ու մյուսների համար Վարազդատն ուղղակի գանձ էր: Նրա վրա միշտ կարելի էր հենվել, վստահել ու աջակցություն ակնկալել»,-հիշեց լուսանկարչի գործընկերը:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել