$100-անոց
տոմսերի հաշվին հավանաբար համերգասրահում սափրագլուխների անշլագ կլինի
Սեպտեմբերի 12-ին «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում կկայանա Նունե Եսայանի եւ ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորիի համերգը՝ «Պրովանս Արմենի» կազմակերպության աջակցությամբ, որը ծրագրեր է իրականացնում սպորտի բնագավառում: Երեկ Ժուռնալիստի տանը հրավիրված ասուլիսում Ն. Եսայանը տեղեկացրեց, որ համերգի ողջ հասույթը կուղղվի Դավիթաշենում սպորտային համալիրի կառուցմանը: Նա փորձեց բացատրել, թե ինչ դեր ու նշանակություն ունի սպորտը հատկապես երիտասարդների կյանքում եւ ինչպիսի սրտացավությամբ է այսուհետեւ ինքը սպորտային ծրագրեր իրականացնելու: Վերոնշյալ կազմակերպության հիմնադիր Հակոբիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Նունե Եսայանը նշանակվել է «Պրովանս Արմենիի» փոխնախագահ եւ իրենց ներկայացուցիչն է Հայաստանում:
Ասուլիսին ներկա լրագրողների մեծ թիվը պայմանավորված էր Պատրիկ Ֆիորիին տեսնելու ցանկությամբ, որը, սակայն, դեռ չէր ժամանել: Ն. Եսայանը տեղեկացրեց, որ Երեւանում գտնվելու օրերին Պ. Ֆիորին կմասնակցի նաեւ Հայաստանի թեքվանդոյի զինվորական ֆեդերացիայի բացմանը (որի ստեղծմանը եւս աջակցել է «Պրովանս Արմենին»), իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ծագումով հայ երգչին կհանձնի ՀՀ անձնագիր: Հետաքրքրվեցինք՝ «Սպորտին աջակցող կազմակերպության փոխնախագահ Նունե Եսայանը պատրաստվու՞մ է համագործակցել հանրապետության սպորտի պատասխանատուների հետ, եւ որեւէ հարց քննարկե՞լ է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ»: «Իմ եւ Պատրիկի համերգը բարեգործական է, նպատակը՝ ինչ-որ բան կառուցելն է մի ճյուղում, որը կարիք ունի: Իսկ սպորտը այսօր կարիք ունի»: «Իսկ ինչո՞ւ են տոմսերը թանկ»: «Առավոտի» այս հարցին հետեւյալ պատասխանը տրվեց. «Տոմսերը հիմնականում արժեն 2-3 հազար դրամ: Կան նաեւ 20, 50 եւ 100 դոլար արժողությամբ տոմսեր: $100-անոց տոմսերն ավելի քիչ են, դրանք պարզ մարդկանց համար չեն, բաժանելու ենք հիմնարկ-ձեռնարկություններին, որպեսզի մասնակցեն ակցիային: Այնպես է մտածված, որ շատ մարդ գա համերգին»: Բնականաբար հետաքրքրվեցինք՝ որ հիմնարկ-ձեռնարկություններին են բաժին ընկնելու թանկ տոմսերը: «Այս համերգը կազմակերպվում է Ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, թանկ տոմսերը Իշխանը ինքը պիտի ռեալիզացնի: Ինքը մի մասնիկն է մեր համերգի»,- պարզաբանեց երգչուհին:
Նկատի ունենալով վերջին շրջանում TV-5 ից դժգոհ հեռացող լրագրողների թիվը, հարցրինք՝ «Ավելի հեշտ է երգչուհի՞, թե՞ TV-5-ի գործադիր տնօրեն լինելը»: «Անունները՝ երգի դեսպան, նախարար, տնօրեն, ինձ չեն հետաքրքրում: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ եւ ինչ կարողանում եմ: Ինձ ղեկավար չեմ համարում, տիտղոսներ չեմ սիրում եւ ջղայնանում եմ, երբ տիտղոսներով են դիմում»,- ասաց Ն. Եսայանը: Հետաքրքրվեցինք նաեւ մեկ այլ բարեգործական համերգից ստացված հասույթի ճակատագրով. Ն. Եսայանի՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված համերգի հասույթը հրաժարվել էին ընդունել ԱՄՆ-ում, ինքն էլ որոշել էր այդ գումարով արձան կանգնեցնել Երեւանում: «Հիմա այդ արձանը տեղադրված է Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան մասնաճյուղի շենքի հարեւանությամբ: Երբ ԱՄՆ նորակառույց դեսպանատունը պատրաստ լինի, արձանը կտեղափոխվի դեսպանատան բակ»,- պարզաբանեց Ն. Եսայանը, սակայն դժվարացավ հիշել քանդակի հեղինակների անունները:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ