Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրենիքի քարը չէր

Սեպտեմբեր 11,2004 00:00

Երեկ ՀՀ կառավարության երրորդ շենքում «Արմենիա Էքսպո-2004» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի ժապավենը կտրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը:

Ժապավեն կտրելը նախատեսված էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար: Վարչապետը մասնակիցներին մեկ ժամ սպասեցնելուց հետո այդպես էլ չեկավ: Իսկ նրա պարտականությունը ստանձնած Մ. Թոփուզյանը ոտքով վեց հարկ շրջեց եւ ծանոթացավ հայրենական ու արտասահմանյան արտադրանքին: Պարոն Թոփուզյանը ցուցասրահներում շրջելիս ոչ միայն չէր հետաքրքրվում տվյալ ընկերության արտադրանքով, նրանց խնդիրներով, ինչպես սովորաբար անում է վարչապետը, այլեւ անգամ ցուցադրեց իր անտեղյակությունը հայրենական արտադրանքից: Տաղավարներից մեկի մոտ, որտեղ վահանակի վրա ցուցադրվում էր քարերի տեսականի, պարոն Թոփուզյանը դրանք մատնացույց անելով՝ իրեն ուղեկցողների մոտ հպարտացավ. «Մեր հայրենիքի քարն է»: Երբ «հայրենիքի քարերը» ցուցադրող «Ասք» ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տեսակի քարեր են, պարզվեց, ամենեւին էլ հայրենական հարստություններից չեն դրանք. «Արհեստական քարեր են՝ ներկրված Հունաստանից»:

Աշխուժություն էր տիրում էլեկտրաշոկեր արտադրող «Գյուրզա» հայրենական արտադրանքի տաղավարի մոտ: Մոտ 15 սմ-ոց էլեկտրաշոկը գրավել էր հատկապես լրագրողների ուշադրությունը, որոնք ենթադրում էին, որ դա լավ գործիք է՝ սափրագլուխներից պաշտպանվելու համար:

Երրորդ տարին Հայաստանում կազմակերպվող «Արմենիա էքսպո-2004»-ին մասնակցում էին 12 երկրների 170 ընկերություններ: Ցուցադրվում էին սննդամթերք, խմիչք, ծխախոտ, բարձր տեխնոլոգիաներ եւ այլն: Ցուցահանդեսին ներկա Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, եթե հայրենական փոքր ձեռնարկությունները ցանկանում են արտադրանքն արտահանել եւ, այդուհանդերձ, խուսափել հիմնախնդիրներից, պետք է համախմբվեն եւ գործեն մի թիմում ու միասնական. «Մենք այսօր ունենք չիր արտադրողներ, բայց եթե յուրաքանչյուրից քանակ պահանջես, չի կարողանա ապահովել, իսկ համախմբված՝ կարող են: Բացի այդ, փոքր ձեռնարկությունները արտադրանքի որակի բարձրացման խնդիր էլ ունեն, հատկապես որ դրսի շուկայում բարդ է մրցակցելը»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Ի տարբերություն մյուս մարզերի գործարարների, որոնցից
յուրաքանչյուրը հանդես եկավ առանձին-առանձին, համակարգչային տեխնոլոգիաներով
զբաղվող Շիրակի 16 ընկերություններ ու անհատ գործարարներ Շիրակի մրցունակության
կենտրոնի նախաձեռնությամբ համախմբված՝ ներկայացրին Շիրակի մարզը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել