Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԱՄՏԱԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ՝ ՄԵՆԱՇՆՈ՞ՐՀ

Սեպտեմբեր 11,2004 00:00

Ամառվա ընթացքում տեղի ունեցան տնտեսական երկու խոշոր գործարքներ,
որոնց հետեւանքով ծխախոտի արտադրության եւ ավտոմեքենաների ներկրման ոլորտներում
առկա է եթե ոչ համակենտրոնացում, ապա առնվազն՝ մենաշնորհ:
«Արմենիա-Լադա» ընկերությունը կլանեց շատ ավելի վաղուց նույն բիզնեսով զբաղվող «Արարատ-Լադա»-ին, որի սեփականատեր կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն իր 45 տոկոս բաժնեմասը վաճառեց մրցակցին։ Այս գործարքն անմիջապես զուգահեռվեց «Արմենիա-Լադա» ընկերության նախագահ Ռաֆայել Շահմուրադյանի վրա մայիսի 24-ին իրականացված մահափորձի հետ, որի մեջ վերջինս հրապարակավ մեղադրեց Անդրանիկ Մանուկյանին: Այս առնչությամբ արդեն իսկ հրապարակվել է հարցադրում, թե արդյոք ծանր հանցանքների հետեւում կանգնած լինելու մասին բացառապես կասկածների վրա հիմնված հայտարարությունների նպատակը հենց այս գործարքին հասնե՞լը չէր: Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ:

Ավելի վաղ տեղի էր ունեցել մեկ այլ գործարք՝ «Գրանդ» խմբի ղեկավար Հրանտ Վարդանյանը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից գնեց «Գրանդ տոբակո»-ում եւ «Հայծխախոտ»-ում նրա բաժնեմասը: Եվ եթե հաշվի առնենք, որ Հրանտ Վարդանյանը նաեւ «Ինթերնեյշնլ Մասիս տաբակի» սեփականատերն է, ապա կարելի է պնդել, որ պրն Վարդանյանն այս միջոցով մենաշնորհ գնեց կամ առնվազն գերիշխող դիրք ձեռք բերեց ծխախոտի տեղական շուկայում: «Արմատ» կենտրոնի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանն իր բաժնետոմսերը վաճառել էր ստիպողաբար՝ Ռոբերտ Քոչարյանի պահանջով: Նաեւ հրապարակվել է, որ «Գրանդ տոբակո»-ի միայն 50 տոկոսն է այժմ Հրանտ Վարդանյանի սեփականությունը, իսկ 25-ական տոկոսներ պատկանում են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակին, «որի համար վերջինս պետք է վճարի ավելի քան 4 միլիոն դոլար»: Դեռ օգոստոսի 28-ին լույս տեսած այս հրապարակումը չի հերքվել մինչ այժմ: Սակայն խոսքն այս մասին էլ չէ:

Մեզ առավել հետաքրքրում էր, թե ինչպես է այս ամենը գնահատում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Արդյոք չե՞ն գտնում, որ այս գործարքներն ուսումնասիրման ենթակա են, քանի որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ նույն ապրանքային շուկայում համակենտրոնացում է՝ «Տնտեսավարող սուբյեկտի կողմից մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցների առնվազն 35 տոկոսի ձեռքբերումը»: Համակենտրոնացում է համարվում նաեւ «այլ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին (կամ ձեռքբերողին արդեն պատկանող) փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալի 50 տոկոսը կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսը»: Մեր հարցին՝ արդյոք օրենքի այս սահմանումներն ուղղակիորեն չե՞ն վերաբերում այս գործարքներին՝ հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը պատասխանեց. «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասնագետների վերլուծությամբ՝ «Հայծխախոտ» եւ «Գրանդ տոբակո» ընկերություններում տեղի ունեցած բաժնետոմսերի պատկանելության փոփոխությունները «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով արգելվող գործարքներ, այսինքն համակենտրոնացումներ չեն: Որովհետեւ այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտներից ոչ մեկը մյուսի նկատմամբ վերահսկման միջոցներ ձեռք չի բերել: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ միեւնույն անձը տարբեր կերպ մասնակցություններ ունի երեք ընկերություններում էլ, եւ փաստացի այդ ընկերությունները շուկայում կարող են իրականացնել միեւնույն քաղաքականությունը, օրենսդրությունը այսպիսի ընկերությունները համարում է «անձանց խումբ»: Այսինքն, դրանց գործունեությունն ու վարքագիծը գնահատելիս հանձնաժողովը կարող է այդ ընկերությունների գործունեության ծավալները դիտարկել որպես մեկ սուբյեկտի ծավալ, ինչպես նաեւ կիրառել կարգավորման այն մեխանիզմները, որոնք օրենքը նախատեսում է գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների դեպքում: Հանձնաժողովի աշխատակազմի մասնագետները նույն եզրահանգմանն են եկել նաեւ «Արարատ-Լադա» եւ «Արմենիա-Լադա» ընկերություններում տեղի ունեցած փոփոխությունների հետ կապված նյութերի ուսումնասիրության արդյունքում»:

Մնում է միայն թեթեւ ափսոսանք հայտնել, որ հանձնաժողովը եկել է նման եզրակացության, քանզի նույն օրենքի 36 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումների դեպքում նախատեսվում է մինչեւ 40 մլն դրամ տուգանք: Ի՜նչ միջոցներից զրկվեց պետբյուջեն:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել