Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԷՐ

Սեպտեմբեր 11,2004 00:00

Եվ հենց նրա դրդմամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ «բիրիքով» անհարգելի համարեց ե՛ւ «Արդարության», ե՛ւ «Ազգային միաբանության» 24 պատգամավորների բացակայությունները:

Ենթադրվում էր, որ նրանց բացակայությունները հարգելի կամ անհարգելի համարելու քվեարկությունները պետք է տեղի ունենային առանձին-առանձին: Եթե անգամ դա կանոնակարգի պահանջ չլիներ, թեկուզ այն փաստը, որ հիշեցրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Ոստանիկ Մարուխյանը՝ պիտի ստիպեր միասին չանել քվեարկությունները: Իսկ նա ակնարկեց, որ գարնանային նստաշրջանում «Արդարության» պատգամավորներից մեկը՝ Թաթուլ Մանասերյանը, գտնվել է ամերիկյան բանտում: Այսուհանդերձ, ե՛ւ Ոստանիկ Մարուխյանը, ե՛ւ մեկ այլ դաշնակցական՝ Լեւոն Մկրտչյանը, ե՛ւ հանրապետականները (Ռաֆիկ Պետրոսյանը, Գալուստ Սահակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Արմեն Դանիելյանը, Վազգեն Խաչիկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտին Սուքիասյանը) «կողմ» քվեարկեցին ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու որոշմանը: ՀՀԿ-ի «կողմ» քվեարկած պատգամավորների մեջ առնվազն 3-ը կան, որ հազվադեպ են գալիս նիստերի, եւ ընկերներն են կոճակները սեղմում նրանց փոխարեն: Բայց նրանք, պարզվում է, վաստակել են պատգամավորի աշխատավարձ ստանալու իրենց իրավունքը: Ինչպես նաեւ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովը), որ խորհրդարան գալիս է միայն բացառիկ դեպքերում, բայց ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել, թե վատառողջ է եղել, ու նրա 168 բացակայությունները քվեարկությամբ համարվեցին հարգելի:

Ընդդիմության բոյկոտն անհարգելի համարելուն «դեմ» քվեարկեց միայն էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Օրինաց երկրի» 3 պատգամավորները «ձեռնպահ» էին՝ բայց միայն այն պատճառով, որ նրանց չհաջողվեց մուռ հանել Հմայակ Հովհաննիսյանից ու, ինչպես պնդում էր Հովհաննես Մարգարյանը՝ նրա հարցը քննարկել առանձին: «Ես դեմ եմ, բայց քանի որ պետաիրավականի փոխնախագահն է առաջարկում՝ դրե՛ք քվեարկության»,- տեղից հրահանգեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Եվ ընդհանրապես՝ իրականում նա էր ղեկավարում այս նիստը, իսկ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը լռելյայն հետեւում էր նրա ցուցումներին եւ կուլ տալիս անգամ կշտամբանքները. «Պրն Պետրոսյան, էս արդեն զավեշտի է վերածվում», «էս արդեն բառախաղեր են», «էս արդեն երկխոսություն ա՝ սենց չի լինի» եւ այլն:

Գալուստ Սահակյանն առարկեց նաեւ հետեւյալ մոտեցմանը. ԱԺ կանոնակարգի 99 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ եթե պատգամավորը նստաշրջանի ավարտից հետո 30-օրյա ժամկետում իր բացակայությունների պատճառի մասին պաշտոնապես տեղեկացնում է պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ դրանք կարող են համարվել հարգելի: ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, թե պատգամավորներն առանձին-առանձին պիտի տեղեկանք ներկայացնեին՝ եւ ոչ միայն խմբակցության քարտուղարը: Այստեղ ընդդիմությանն օգնության ձեռք մեկնեց ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ նշեց, թե իրենց խմբակցության անդամներից միայն մեկն է քվեարկությունից առաջ բոլորի անունից հայտարարում, թե չեն մասնակցելու. «Այսինքն՝ միայն հայտարարողի՞ բացակայությունը պիտի հարգելի լինի, իսկ մնացած անդամներինն անհարգելի՞»: Այնուամենայնիվ ակնհայտ է, որ քաղաքական բոյկոտի առումով ԱԺ կանոնակարգը կարիք ունի լրամշակման, եւ Ռաֆիկ Պետրոսյանն այս առումով խոստացավ. «Ստիպված ենք լինելու մոտ ապագայում անդրադառնալ կանոնակարգին»: «Աշխատենք միասին»,- առաջարկեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որը մասնակցում էր երեկվա նիստին: Վերջինս արձագանքելով այն պարբերական նախատինքներին, թե ընդդիմադիրները բոյկոտելով օրենսդրական աշխատանքը՝ աշխատավարձ են ստանում, հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգի 5-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի միայն իրավունքն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, եւ արդեն պարտականությունը՝ «ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին»: Նկատենք, որ նույն հոդվածի համաձայն՝ պատգամավորի պարտականությունն է ԱԺ լիագումար եւ հանձնաժողովի նիստերին մասնակցելը: Սակայն Վիկտոր Դալլաքյանը նաեւ ընդգծեց, թե բնավ չեն խնդրում հարգելի ճանաչել իրենց բացակայությունները. «Որեւէ մեկնաբանություն թող չլինի, թե մենք խնդրո՜ւմ ենք, յալվա՜ր ենք ընկել»: Գալուստ Սահակյանին այս մոտեցումն ակնհայտորեն ջղայնացրեց. «Ստիպված եմ ավելի կոռեկտ յալվար ընկել, քանի որ Վիկտոր Դալլաքյանի ամբողջ ելույթը նշանակում էր՝ ճի՛շտ ենք արել, լա՛վ ենք արել»:

Ջղայնությունը կբավարարի՞, որ նաեւ ԱԺ լիագումար նիստում, ուր փոխադրվեց ընդդիմադիրների բացակայությունների հարցը, «Արդարության» եւ «ԱՄ» պատգամավորները զրկվեն մանդատներից: Հարցի պատասխանը, թե արդյոք ներկա իշխանությունն առավե՞լ անհանդուրժող է, քան 1996-ի իշխանավորները՝ պարզ կդառնա սեպտեմբերի 13-ից սկսվելիք եռօրյայում:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել