Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՎԵՑԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ

Սեպտեմբեր 10,2004 00:00

ՊԱՐՏՎԵՑԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ Համոզված է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար եւ Սպորտպետկոմի գլխավոր մասնագետ Փաշիկ Ալավերդյանը: Աթենքում օլիմպիական մեդալ ակնկալում էինք մեր ծանրորդներից: Սակայն հայաստանցի չորս ծանրորդներն էլ, շատ շատերի համար անսպասելի, ձախողվեցին: Ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց: Փաշիկ Ալավերդյանը տապալման մեղավորներ միանշանակ համարում է ծանրորդներին եւ հատկապես նրանց անձնական մարզիչներին: Նրան ուղղված առաջին հարցս հետեւյալն էր, թե՝ իրո՞ք նախապատրաստության ողջ ընթացքում ծանրորդները ոչ մի խնդիր չեն ունեցել, ինչպես հիմա անընդհատ հայտարարվում է: – Օլիմպիական խաղերի նախապատրաստումն, իսկապես, սկսվել է չորս տարի առաջ: Սակայն շեշտադրված՝ այս տարվա հունվարից, երբ ընտրվեցին հավաքականի մարզիչները՝ Օգսեն Միրզոյանը, Ռոմիկ Դանիելյանը եւ ես: Նախորդ տարի Կանադայում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով ընտրեցինք հավաքականի ութ թեկնածուներին եւ մեկնեցինք Արարատի «Այգ» մարզաբազա: Այդ հավաքի ընթացքում մեզ հետ միասին աշխատում էին նաեւ ծանրորդների անձնական մարզիչները: Նպատակը Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը՝ մեր գլխավոր ստուգատեսներից մեկին, նախապատրաստվելն էր: Այդ ընթացքում անցկացվեց նաեւ հանրապետության առաջնություն, որն արդյունքների առումով նոր ոչինչ չտվեց: Սակայն մարզումները, նախապատրաստությունը շարունակվում էին բնականոն հունով՝ ըստ ծրագրի: Ծանրորդների պահանջով Եվրոպայից առաջ հավաք կազմակերպեցինք Սոչիում, որտեղից էլ մեկնեցինք Կիեւ: Այնտեղ հայ ծանրորդները բավականին թույլ հանդես եկան: Այնուհետեւ, մայիսի վերջերին, Երեւանում կազմակերպվեց հանրապետության մեծահասակների եւս մեկ առաջնություն, որին հետեւեց ծանրորդների եւ անձնական մարզիչների՝ առանձին մարզվելու պահանջ-ցանկությունը: Եվ դա՝ օլիմպիական խաղերն սկսվելուց մոտ երեք ամիս առաջ: Հրավիրվեց ֆեդերացիայի նիստ, որի ժամանակ Օգսեն Միրզոյանը՝ մտածելով, որ իր հեռանալով Հայաստանի ծանրորդները Աթենքում մեդալներ կնվաճեն, հրաժարական տվեց: Ասեմ նաեւ, որ մարզիչներն ու նրանց սաները ղեկավարությանը անպայման մեդալներով տուն վերադառնալ էին խոստանում, իսկ հատկապես Մհեր Ղազարյանը միայն «ոսկու» մասին էր խոսում: Ինչեւէ, այդ ժամանակվանից ի վեր նրանք նախապատրաստությունը շարունակեցին տներում, իրենց ընտրած մարզաբազաներում՝ Ծաղկաձորում, Արարատում: Բայց պահանջներն էլի նույնն էին. ծանրորդները չլուծված խնդիրներ չպետք է ունենան: Նրանց բոլոր պահանջները մինչեւ վերջ շարունակվել են բավարարվել՝ սկսած կիլոգրամներով սեւ խավիարից, մեղրից, ընկույզից, կաղինից, նուշից, վերջացրած՝ ֆինանսական հարցերով, դրամական ամեն տեսակի օգնություններով: – Իսկ ինչո՞ւ հրաժարվեցին Օ. Միրզոյանից: – Որովհետեւ նա պահանջկոտ էր, գիտեր, թե ինչ են օլիմպիական խաղերը, ինչ է քաշ գցելը…8230 իսկ ծանրորդները չէին կարող կամ չէին ցանկանում բարձրացնել նրա հանձնարարած կիլոգրամները, պահպանել ռեժիմը: – Ուրեմն կարելի՞ է ենթադրել, որ մարզիկները Աթենք լավ մարզավիճակում չեն մեկնել: – Միանշանակ՝ այո: Դա են վկայում նրանց ցույց տված կիլոգրամները: Նրանց անձնական մարզիչներն ի վիճակի չեղան ճիշտ տանել պայքարը: – Հիմա Արմեն Ղազարյանի հայր եւ մարզիչ Մհեր Ղազարյանը ամեն տեղ հայտարարում է, թե մարզական ղեկավարները, ֆեդերացիան իրեն ու որդուն մշտապես խաբել են, ոչ պրոֆեսիոնալ գործողություններով խոչընդոտել որդու նորմալ մարզումներին, այլապես Արմենը չեմպիոն կդառնար ու աշխարհի ռեկորդ էլ կսահմաներ Հունաստանում: – Դա բարոյականության խնդիր է. սպորտի, ծանրամարտի նրբությունները չիմացողներին, հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու, սեփական ապաշնորհությունը թաքցնելու փորձ: Նա ասում է, իբր, մրցումների մեկնել է սեփական միջոցներով: Սուտ է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Մհեր Ղազարյանը հունվար ամսից մինչեւ հիմա Խաղերին նախապատրաստվելու ընթացքում իր եւ որդու վրա իր գրպանից հարկադրված ոչ մի լումա չի ծախսել: Կամ, որ Արմենի քաշը փոխելու մասին իրենք տեղեկացել են վերջին պահին: Ամոթ է: Դեռ Հայաստանում հայրը կարողացել էր ղեկավարությանը խաբելով համոզել, թե իր որդին կբարձրացնի պոկումում՝ 150, հրումում՝ 190 կիլոգրամ, բայց երբ ստուգողական վճռական փորձամրցման ժամանակ Արմենը ցույց տվեց 140+ 182,5 կգ ու կանգնեց Աթենք մեկնելու հավակնող չորս ծանրորդների ցուցակից դուրս մնալու վտանգի առջեւ, հայր եւ որդի նոր խաբեության դիմեցին՝ ցանկություն հայտնելով տեղափոխվել 62 կգ քաշային կարգ: Այնպես որ, այդ ամենը կատարվել է հենց Մհեր Ղազարյանի առաջարկությամբ, այն էլ՝ Արմենի օլիմպիական մրցահարթակ մտնելուց 20 օր առաջ: Ավելին, ով-ով, բայց ծանրամարտի մասնագետները լավ հասկանում են, որ 183 կգ աշխարհի ռեկորդ սահմանելու մասին խոսքերը ընդամենը անիրականանալի երազանք են: Մարդիկ չգիտեն ավելին. մայիս ամսին Մ. Ղազարյանը տղայի հետ մեկնել է ԱՄՆ՝ ինչ-որ մրցման մասնակցելու եւ փող վաստակելու նպատակով: Դա չլսված բան է: Ինչպե՞ս է օլիմպիական հավաքականի անդամը ամենապատասխանատու պահին ինքնագլուխ լքում մարզումները: – Իսկ ինչո՞ւ տապալվեց Աշոտ Դանիելյանը, որն, անկասկած, մեդալի մեր գլխավոր հույսերից էր: – Աշոտն, իրոք, պատրաստ էր մեդալի: Իմ աչքով եմ տեսել այստեղ նրա ցույց տված 200+250կգ արդյունքը: Գիտեմ նաեւ նրա ու հոր բնավորությունը՝ նրանք երկուսն էլ ամենաչնչին բանից շատ արագ խուճապի են մատնվում: Ես Աթենքում չեմ եղել: Բայց հնարավոր եմ համարում, որ Հունաստանում կրկնակի դոպինգ ստուգումը հենց այդ վիճակի մեջ է գցել նրանց: – Ի՞նչ կասեք Գեւորգ Դավթյան ի եւ Տիգրան Մարտիրոսյանի մասին: – Նրանք արել են այն, ինչի այդ պահին ընդունակ են եղել: Պատճառը համարում եմ այն, որ նախապատրաստության վերջին փուլում լուրջ մարզվելու փոխարեն՝ իրենց մարզիչների հետ միասին տուն-տունիկ են խաղացել: Հենց այդպես էլ գրեք: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել