Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՏՎԱԾԱՅԻՆԸ ԱԿՆԿԱԼԵՆՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂԻՑ

Սեպտեմբեր 10,2004 00:00

ԱՍՏՎԱԾԱՅԻՆԸ ԱԿՆԿԱԼԵՆՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂԻՑ …Մեռնելուց հետո տեսնես որտե՞ղ են գնում ինձ նման աղջիկները. այն, որ ոչ անմեղ են, ոչ շատ… մեղավոր։ Ինչպե՞ս է տեսնես ջերմաստիճանը դրախտի հեռո՜ւ արվարձաններում… Տողերի հեղինակը՝ Սոնա Վանը, 2 գիրք է լույս աշխարհ հանել։ Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Լույսի փշրանքներ»172ը, հրատարակվել է 1996թ., երկրորդը՝ «Ես անուն չունեմ»172ը՝ 2003 թվին։ Սոնան ծնվել է Երեւանում։ Պետական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ։ Մագիստրոսական կոչումը պաշտպանել է հոգեբանության ասպարեզում։ Չնայած հիմնականում զբաղված է գրական գործունեությամբ, այդուհանդերձ, աշխատում է ամուսնու կլինիկայում՝ որպես հոգեբան, քանզի խոսքը բուժիչ է համարում։ Թերեւս այդ է պատճառը, որ նրա ստեղծագործություններն առանձնանում են խոհափիլիսոփայական տրամադրություններով, իսկ մտորումները մարդ արարածի ներաշխարհի նրբին ու խոր վերլուծության շուրջ են, որ առաջին ընթերցումից պարզ ու ակնբախ են թվում, մինչդեռ հասկանալու համար խորհելու տեղիք են տալիս։ Ծնվում են դրանք ապրած ու չապրած օրից, սիրո բերկրանքից ու հուսախաբությունից, հավատի ու անհավատության կրքոտ պայքարից, դաժան մենությունից եւ վայելումի անզուգական պահերից։ Քսանհինգ տարուց ավելի ապրում է արտերկրում եւ, ի տարբերություն հայրենաբաղձ բանաստեղծների, նա չի տառապում կարոտախտով, իսկ թե ինչո՞ւ, կկարդաք ստորեւ։ 172 Ասում են՝ հայրենիքից դուրս յուրաքանչյուր հայ «հիվանդանում» է կարոտախտով. այդպե՞ս է եւ ի՞նչ կասեք արտագաղթի մասին։ 172 Հայրենիքը կարոտելուց առաջ նախ պետք է զգալ նրա բացակայությունը։ Թեպետ 25 տարի ի վեր ապրում եմ արտերկրում, բայց հայրենիքի ներկայության զգացողությունն ինձ երբեք չի լքել։ Այն կրում եմ իմ մեջ. իմ լինելիության ու ապրելակերպի բոլոր դրսեւորումներում, հոգեւոր ներկայության պես, իսկ նրա ֆիզիկական գոյությունն ու ցավը երբեմն այնքան առարկայական ու իրական եմ զգում, ինչպես զինվորն է զգում իր վաղո՜ւց ամպուտացված ծայրանդամը, կռանալով ու քորելով ինչ172որ որոշակի կետ՝ փայտյա ոտքի վրա։ Հաճախ եմ գալիս եւ ամիսներով մնում։ Պարզ է… 1915 թիվը չէ եւ յուրաքանչյուր արտագաղթ արդեն ոչ թե բռնության, այլ նախընտրության հետեւանք է, թեպետ այնքա՜ն կցանկանայի, որ այդպիսի նախընտրություն քչերը ստիպված լինեին կատարել։ Այո՛, ստիպված, քանզի արժանապատիվ աշխատանքով ապրելու ցանկությունը աստվածային ու նաեւ շատ մարդկային է։ Ցանկություն, որը դեռեւս չի բավարարում երկարատեւ «անցումային շրջանում» դեգերող եւ դուրս սահելու փորձեր անող հայրենիքը։ 172 Դրսում՝ հայ ստեղծագործողի համար ի՞նչը կարող է ներշնչանքի աղբյուր հանդիսանալ։ 172 Դրսում, թե ներսում արվեստը ոչ թե տեղի նկարագրություն է, այլ արվեստագետի անակնկալ հարաբերությունն է հանկարծ կարեւորված ինչ172որ բանի կամ երեւույթի հետ։ Պոետը ծառի ճյուղից աշխարհը դիտարկող եւ դիտակետի հետ հարաբերվող թռչուն է լոկ, ու ծառի աշխարհագրական դիրքն այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւոր չէ անգամ տարածքի գեղագիտական նշանակությունը, հասարակական կացութաձեւի կատարելության աստիճանը, մարդու բարեկեցության մակարդակը, որովհետեւ պոետը ոչ թե եղածով բավարարվողն ու գովերգողն է, այլ իրականությունն առավել կատարելության հասցնողը, այն հոգեւոր ինքնիշխանը, որի գործն է՝ քննարկելը, քննադատելը, քանդելն ու քրքրելը եւ ի վերջո՝ վերակառուցելը։ Այս առումով ամենուր ու բոլոր ժամանակներում գրողը բնածին ընդդիմության հանդուգն գենի կրողն է։ 172 Եթե ավելի մանրամասնենք՝ «գրողն ու ժամանակը»։ 172 Երեւակայության տեսիլքի եւ բնազդի շնորհիվ գրողը յուրովի է վերաբերվում դարերի հնություն ունեցող միեւնույն երեւույթին եւ որքան ավելի ազատ ու մաքուր են նրա ձեռքերը, որքան ավելի է ձերբազատված ժամանակի, ավանդույթի, հավատալու եւ ապրելու քարացած, պարտադրվող, կանխատեսելի համակարգերից, այնքան ավելի անսպասելի, եզակի, ուսանելի, նոր ու թարմ է դառնում նրա արարած արվեստը, որպես «ես»172ի եւ երեւույթի հետ եզակի հարաբերության արդյունք։ Մեծ գրողն օժտված է նաեւ ինտուիտիվ իմացության մեծ պաշարով, երեւույթները կանխազգալու պայծառատեսությամբ, վերլուծական մտածողությամբ, սեղմ ժամանակի մեջ ճշգրիտ եզրահանգումներ անելու, սոցիալական եւ քաղաքական դաշտում սպասվող վտանգը կանխատեսելու եւ շարժման (ելքի ուղիների) լավագույն տարատեսակը թելադրելու շնորհով (բարոյականության եւ խղճի աստվածային չափի շրջանակներում)։ Իզուր չէ, որ հնում լավ թագավորներն իրենց կողքին ունենում էին լավ գրողներ։ Լինելով ժողովրդի ցավի եւ երազների կրողը, նրա կոլեկտիվ մտածողության ձեւավորողն ու չանվանարկված հոգեւոր առաջնորդը, գրողի աչքը բնական գերզգայնությամբ խոշորացնող ոսպնյակի պես մեծացնում, տեսանելի է դարձնում հասարակարգում եւ մարդու մեջ կատարվող բոլոր ցնցումները, զտում է իրականությունը կեղտից ու ավելորդաբանությունից, ցուցադրելով միայն նշանակալիցը, օգտակարը, բարոյականն ու գեղեցիկը, արվեստի ուժով ապացուցում, որ հասարակարգի առողջացումը սկսվում է 2 մարդու միջեւ հարաբերության առողջացումով։ 172 Ինչպե՞ս եք գնահատում աշխարհում կատարվող փոփոխությունները, մշակութային արժեքների նկատմամբ պակասող հետաքրքրությունը, ինչպե՞ս եք վերաբերվում նորի անվան տակ բանաստեղծությունը փողոց տանելու փորձարարությանը, լրատվության վերափոխվող գրականությանը։ 172 Մշակութային արժեքների՝ բառի (որպես աստվածային նախահիմք, որից եւ սկսում են բոլոր մնացած արվեստները) նկատմամբ խոնարհումի պակասը չի կարող պատճառ չդառնալ քաոսի, սոդոմ172գոմորի եւ անտարբերության այս համայնապատկերում հաջորդ ջրհեղեղը բոլորովին էլ առասպելական չի թվում։ Հիշենք. առաջինը Բանն էր եւ բանը բառն էր։ Աստված ամենից շատ կարեւորել է այն եւ մենք՝ եսակենտրոն, նյութի հետեւից վազող, ուժ եւ իշխանություն տենչացող մահապարտներս որոշել ենք արհամարհել այն, չկարեւորել, այլ օգտագործել ստի ու շաղակրատանքի, պատերազմ հայտարարելու, իրար սպառնալու, հայհոյանքի ու բամբասանքի համար։ Դարվինն ասել է՝ «արվեստի նկատմամբ հետաքրքրության կորուստը համարժեք է երջանկության կորստին»։ Հանճարեղ է ասված, չէ՞։ Աշխարհում ականատես ենք լիքը գրպաններով դժբախտ մարդկանց անխոս աղաչանքին՝ «ահա ամբողջ հարստությունս, բայց որտե՞ղ է երջանկությունը»։ Սահմռկեցուցիչ է երիտասարդների այն թիվը, որոնք դրամը գրպանում որոշում են ինքնասպան լինել։ Եվ քիչ չէ նրանց թիվը, ում ծնողները ծերանոցում են, իսկ իրենք՝ հայելապատ գինետներում՝ ականջ խլացնող «երաժշտության» մեջ, յուրաքանչյուրն իր բջջային հեռախոսի հետ, ոչ պակաս հայելային կերպարով՝ վերացած իրականությունից։ Չկա ամենակարեւորը։ Կարեկից սիրտ, լսող ականջ, շոյող ու հուսադրող ձեռք։ Թվում է, ամեն բան կա սեղանին, բայց բացակայում է ինքը… նորին մեծություն մարդը։ Այս իրավիճակը հուսահատեցնում է գրողին, մտածողին, վաղվա երիտասարդության համար տագնապող հոգիներին։ Ու հարկ է, որ կարեւորվի «բառը», ազնիվ, սրտակից, իմաստուն խոսքը, որ վերականգնվի մշակույթի հանդեպ հետաքրքրությունը։ Չէ՞ որ մշակույթն է բարոյականությունը, գեղեցիկը, կատարյալն ու հոգեւորը պահպանող միակ հրաշքը։ Մարդու ֆունկցիան, որպես բանական, հոգեւոր էակի՝ հոգեւոր աշխատանքն է, իսկ վերջինիս նպատակը՝ երջանկությունը։ Եկեք գիտակցաբար չզրկենք եկող սերունդներին այն ունենալու ընտրությունից եւ դրա քաղցր հիշողությունից։ Ուժը, իրավունքը կամ աստվածատուր շնորհը հարկավոր է ծառայեցնել եւ ոչ թե ցուցադրել։ Ցուցադրվելու, փառաբանվելու, երեւալու ցանկությունն է, որ քաղաքական աշխարհում ծնում է պատերազմներ, իսկ գրական աշխարհում՝ ցնցումային, վավերագրական ցածրորակ գրականություն, ինքնանպատակ մերկացում, հայհոյանք։ Երկու դեպքում էլ չարաշահվում է շնորհն ու իրավունքը՝ «Summa jus summa injuria»,172 գրում է Թոմաս Մորն իր «Ուտոպիա» գրքում, ասել է թե՝ իրավունքի գերագույն աստիճանը՝ անարդարության գերագույն աստիճանն է։ Թե՛ քաղաքականությունը, թե՛ գրականությունը բացարձակ հավատարմության ու զոհաբերումի խորաններ են։ Այսօրվա քաղաքականությունը «ճկունություն» անվան տակ քաջալերում է երկու պետությունների ծառայելը, որը նման է կես թագավոր ունենալուն։ Գրականության ասպարեզում այսպիսի անհավատարմությունը եւ մասնակի զոհաբերությունը բերում են կես գրականության։ Գլոբալ մասշտաբով այսօր աշխարհում պակասում է գաղափարի համար զոհաբերվելու պատրաստակամությունը (չընդունելով տեռորը՝ բացառենք172 Գ. Ա.), ասպետականությունը, խիզախելու, ապահովության սահմանները հատելու, ինչ172որ բանով անկեղծորեն, մանկաբար ոգեւորվելու հատկությունը։ Հատկանիշներ, որոնց շնորհիվ մարդը մարդ է մնում, գրականությունը՝ գրականություն։ 172 Իրավացի եք, վերջին տարիներին նկատելի է բանաստեղծության գռեհկացման միտումը, գրողի խոսքի կուլտուրայի պակասը, ընդհուպ փողոցային հայհոյանքի համեմումը եւ ամենազարմանալին՝ այդպիսիք դրսից խրախուսվում են, անգամ մրցանակների արժանանում (անուններ չբերեմ)։ 172 Գրականությունը քաղաքական դաշտ կամ փողոց տանելը եւս գեղարվեստական գործընթաց կարող է լինել, եթե այն արվում է քաղաքական դաշտը բարոյականացնելու, փողոցը՝ բանաստեղծական դարձնելու, այլ ոչ թե բանաստեղծությունը փողոցային դարձնելու կամ քաղաքական պատեհապաշտությանը տուրք տալու նպատակով։ Փողոցը, քաղաքականությունը, մերկությունը պոետիկ նյութի վերածելը, արձակ բանաստեղծական ոճը վաղո՜ւց նորարարություն չեն։ Փորձարարությունը, լեզվի ու մտածողության նոր ձեւերի որոնումը գրողի բնական կիրքն է։ Լեզուն ու խոսքը նրա գործիքն ու հումքն են եւ նա հակված է հղկել, ծռել, երբեմն՝ կոտրել ու դրանում վատ բան չկա։ Այսօր խոսակցական լեզվի եւ նույնիսկ հայհոյանքի ճշգրիտ օգտագործումը կարող է մարսելի եւ անգամ սիրելի թվալ, եթե այն ինքնանպատակ չի արվում, եթե ծառայում է որպես հոգեւոր հենարան՝ մի ավելի կարեւոր բան ընդգծելու համար։ Ինքնանպատակ հայհոյելը միայն հարբածին է ներելի ու խենթերին։ Գրողը պետք է խուսափի այդպիսին դիտվելուց, քանզի ընթերցողը այն կարող է ընկալել որպես հոգեւոր հենարանի կորուստ, հոգեւոր դավաճանություն։ 172 Հավատի եւ անհավատության պահերը մշտապես բախվում են Ձեր տողերում։ Բախվում են նաեւ էվոլյուցիան ու արարչությունը։ Այս բախումները չե՞ն վնասում ստեղծագործությանը։ 172 Որեւէ բախում ենթադրում է նոր սկիզբ։ Այդպիսի բախման պատճառ է նաեւ ինքը՝ տիեզերքը, Երկիր մոլորակը… գուցե՝ նաեւ Աստված։ Ամեն հաջորդ գործ նոր բախման, նոր պայթյունի արդյունք է՝ նոր աշխարհ՝ իր նոր, ավելի կատարյալ արարչով, արվեստագետի կերպարանքով, ավելի շռայլ, բարետես, բայց ոչ կատարելապես, վերջնականորեն անթերի՝ վերջին Աստված։ Սա կնշանակեր կանգ, լճացում, տեսիլքի մահ։ Բացարձակ, անթերի գեղեցկությունը, գույնի վերջնական խտությունը, թերթերի անթերի թավիշը, փշերի նպատակասլաց վերընթացը՝ դյութիչ, կարմիր վարդի պարագայում ոչնչով չի գրգռում երեւակայությունը։ Աստված շատ ժամանակ է դրել վարդի վրա, բայց ոչ բավարար չափով գաղտնիք ու երկխոսություն։ Մինչդեռ որքան ավելի պոետիկ է արեւածաղիկը՝ երկար, բարալիկ ցողունի վրա անհամաչափորեն ծանր, միայնակ գոյատեւող արեւի «ժամացույցը», անցնող ժամանակի ճպռոտած, եզակի աչքը, մենության սիմվոլը՝ նման բերետ դրած այն զգայուն աղջկան, որին առաջին հայացքից գուցե չես սիրահարվի, բայց խոսելուց հետո՝ նրան այլեւս չես մոռանա։ 172 Բանաստեղծի ամենասիրած ու սպասված հյուրը մուսան է։ Ինչպե՞ս, ի՞նչ տեսքով ու ե՞րբ է այն Ձեզ այցելում։ – Բանաստեղծի ամենաթանկ հյուր ը՝ սիրած էակն է, որը հաճախ նույնանում է մուսայի հետ։ Ինչպե՞ս է այցելում… Երբ արթնանում ես ընդհատված երազից ու այնքան դառնահամ է թվում օրը, որ քաղցր է հնչում աղբատար մեքենայի «շնչառությունը», երբ հպումը սեփական մաշկիդ մի հին, քաղցր հիշողություն է արթնացնում, որից շառագունում է սիրտդ ու հայացքդ մաքուր թուղթ է որոնում, իմացիր, որ դռան հետեւում կանգնածը մուսան է։ Նա ամեն անգամ տարբեր է։ Մերթ նման է քրջոտ մուրացիկի, որն իր կենսագրությունը կրում է ափերի ու աչքերի մեջ, մերթ նման է անպարտելի թագավորի՝ մերկ իր ծիրանու տակ, մերթ հեզ ու ոտաբոբիկ Քրիստոսի, որ որոշել է անձամբ ինձ հասցնել փրկության հաբը… բայց մի բան միշտ նույնն է։ Նրանք բոլորն արու են եւ բոլորն ինձ ինչ-որ բան են խոստանում՝ նոր, երբեք չեղած, նոր տարածք, նոր զգացողություն, սիրո նոր տարատեսակ… ու երբեք դժվար չի լինում ինձ համոզելը։ Սա ներքին ուժի, էներգիայի անբացատրելի հորդումի պահ է, միանգամից մի քանի ուղղությամբ, ինչպես գոլորշին է ճողոպրում մի քանի կնճիթ ունեցող, եռացող թեյնիկից։ Դա ռիթմիկ պարի զգացողություն է, իրարամերժ, միաժամանակյա ներքին, բազմակի շարժումներ անելու շտապողականությամբ։ Աշխարհը դիտելու, քո մեջ կրելու եւ միաժամանակ այդ աշխարհը լինելու համապարփակ վիճակ է, որտեղ ի զորու ես անգամ դալտոնիկին հավաստիացնել աշխարհի գունագեղությունը։ Ու կարող ես, որովհետեւ այդ պահին տեսնում ես ոչ միայն աչքերով, այլեւ մազերով, մաշկով, ականջներով, շուրթերով եւ հավատում ես, որ աչքերի կամ ուղեղի ինչ-որ կենտրոնի «անսարքությունն» անգամ չի կարող խոչընդոտել պատկերի բազմագունությունն ընկալելուն։ Ու թե պոետն անկեղծորեն է հավատում, ինչպես Եսայի մարգարեն, որ լսած ձայնն Աստծունն է, ապա նա ի զորու է նաեւ դալտոնիկին հավատ ընծայել, բացել նրա քնած տեսողությունը։ Սա է ճշմարիտ արվեստի ուժը՝ ու փառք այդպիսի արվեստագետին։ – Ստեղծագործողը հաճախ թվում է չափի զգացումից զուրկ, եսակենտրոն, երբեմն՝ մեծամիտ ու ինքնասիրահարված, դա բնակա՞ն եք համարում։ – Արտիստը, գրողը, նկարիչը, մի խոսքով՝ ստեղծագործողը նախեւառաջ մեծ անհատականություն է՝ մեծ «ես»։ Առանց չափազանցված «ես»-ի որեւէ արվեստ չի կայանում, քանզի արարումը հոգնեցնող «ես»-ից մի պահ ազատագրվելու, նաեւ ինքնազոհաբերման պահ է։ Արվեստը՝ ճշգրիտ չափը գտնելու կիրք է, որին հնարավոր չէ հասնել՝ առանց նախապես սահմանված չափն անցնելու եւ անծանոթ տարածքն համտեսելու համարձակության։ Ինքնասիրահարվածությունն եւս ինչ-որ չափով բնական է։ Ստեղծագործողը որպես գործ մատուցում է իրեն՝ նորովի, իբրեւ իր «ես»-ի եւ աշխարհի փոխհարաբերության արդյունք ու թե չի գնահատում ու սիրում իրեն, անկարող կլինի այն ուրիշներին հրամցնել։ Նա արվեստի իր միջոցին կապվում է սիրահարվածի նվիրումով (գրողը՝ թղթին, նկարիչը՝ կտավին ու ներկապնակին, նվագողը՝ գործիքին)։ Հաճախ ենք հաջողված համերգից հետո տեսել ու հիացել, թե ինչ սիրահարվածությամբ, նրբությամբ, խոնարհումով ու հոգատարությամբ է ջութակահարը պատյանի մեջ դնում գործիքը եւ երբեք չենք մտածել քննադատել նրան դրա համար։ Ջութակից ոչնչով չի տարբերվում դերասանի մարմինը։ Վերջինս նույն գործիքն է, որով շնչավորվում, երեւակվում է գրողի ու բեմադրիչի տեսիլքը։ Եվ որքա՜ն ցավալի կլիներ, եթե իսկապես դերասանը սիրահարված չլիներ իրեն, իր գործիքին։ Դերասանը ե՛ւ գործիքն է, ե՛ւ գործը, ե՛ւ կատարողը։ Սիրենք նրան այդ եռակի զոհաբերության համար։ Ընդհանրապես, ինչպե՞ս կարող է համեստությամբ աչքի ընկնել այն մարդը, որ բեմ է բարձրանում եւ ինչ-որ բան ասում ի լուր բոլորի, կամ քանդակում մի գործ, որ դրվում է քաղաքի կենտրոնում, որպես բոլոր ժամանակներում ստեղծագործողի մասին վկայող փաստ։ Եկեք արտիստի, ստեղծագործողի պարագայում մոռանանք համեստության մասին եւ նրանցից ակնկալենք ավելին՝ աստվածայինը։ – Այդ գործում կենսագրությանը դերակատարում վերապահվա՞ծ է։ – Սեփական տաղանդը, շնորհը, հանճարը ճանաչող մարդը երբեմն դժվարանում է տեղավորվել սովորական մարդկային կաղապարի, փոքր ու աննշան թվացող կենսագրության մեջ եւ երեւակայությամբ ստեղծում է նորը։ Եվ պատահական չէ, որ հանճարեղ Գյոթեն դժվարանում էր ընդունել սովորական փաստաբանի ընտանիքից իր սերվելու փաստը, մոգոնել էր մի պատմություն, ուր իբր մի արքայազն էր հայտնվել իրենց քաղաքում եւ հղիացրել իր մորը։ Փաստորեն, մոր պատվի գնով նա ապահովել էր «ես»-ի առավել գեղեցիկ շրջանակը։ Այո՛, որքան հանճարեղ է մարդը, երբեմն այնքան ավելի հանճարեղորեն անհեթեթ են նրա սխալներն ու երազները։ Եվ հանուն այն աստվածային հրաշքների, որ շռայլորեն ընծայում են նրանք մեր հոգիներին, ներենք նրանց մարդկային թուլությունները, որոնք ի վերջո ստեղծագործական նյութի են վերածվում։ Վկան՝ արվեստի բազմաթիվ, հրաշագեղ գործեր, որ ծնվել են մարդկային մեղքերի եւ դրանց թողության արդյունքում։ 172 Ի՞նչ առաքելությամբ էիք Հայաստանում։ 172 Հրավիրված էի մասնակցելու Գրողների համահայկական երկրորդ համագումարին, նաեւ ներկա եղա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին, որը համարում եմ կարեւոր, հաջողված քայլ աշխարհասփյուռ հայ երիտասարդներին հայ մշակույթի շուրջ համախմբելու առումով։ Ինձ ոգեւորեց մշակույթի նոր նախարարի ակտիվ մասնակցությունը մշակութային ծրագրերի գեղարվեստական որակն ապահովելու գործում։ Այս օրերին կայացավ նաեւ գրքիս շնորհանդեսը՝ ՀԳՄ դահլիճում։ – Հոգեբանությունն օգնո՞ւմ է ստեղծագործելուն։ – Շատերն են կարծում, որ հոգեբանությունն օգնում է ստեղծագործելուն, իսկ ես պնդում եմ հակառակը։ – Դուք երջանի՞կ կին եք։ – Եթե ըստ Վ. Հյուգոյի՝ «կնոջ ամենամեծ երջանկությունը սիրված լինելն է», ապա ըստ Է. Կանտի՝ «ցավ չէ, երբ քեզ չեն սիրում, սակայն մեծ ցավ է, երբ դու չես սիրում»։ Այս երկուսի պարագայում՝ ես կրկնակի երջանիկ եմ։ Գաղտնիք չէ նաեւ, որ երջանկությունը տարբեր տարիքում տարբեր թելադրանք է ունենում։ Շնորհիվ ամուսնուս, որ նվիրյալ ու հաջողված բժիշկ է, ես ըստ ցանկության կարողանում եմ աշխատել ու չաշխատել։ Սա քաղաքակիրթ դարի ամենամեծ հաղթանակն է։ Զրույցը վարեց ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ Էջի հովանավորն է Անուշավան Սահակյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել