Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քեզ հետ, ով բարեկամ, չեմ խզելու կապս»

Սեպտեմբեր 10,2004 00:00

«Քեզ հետ, ով բարեկամ, չեմ խզելու կապս» Հավաստիացնում է Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին Երեկ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ն. Գ. Սեյեդ Մոհամադ Խաթամիին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ՝ շնորհելով ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում, ինչպես նաեւ նվիրեց Հայաստանի բուհերի պատմությունն ամփոփող մի գիրք: ԻԻՀ նախագահը երեկ շատ բարեհաճ գտնվեց ներկա ուսանողների ու դասախոսների հանդեպ, որոնք իրենց մտահոգություններով ու խնդրանքներով դիմեցին Մ. Խաթամիին: Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի ուսանողներին մասնավորապես անհանգստացնում էր այն, որ իրենք չեն կարողանում հաղորդակից լինել իրանական մշակույթին, հնարավորություն չունեն այցելել Իրան, եւ որ ամենակարեւորն է՝ արդեն քանի տարի է, ինչ ԻԻՀ-ի հետ ուսանողների փոխանակման ծրագիրը նորմալ չի իրականացվում: Պրն Խաթամին խոստացավ մինչեւ իր պաշտոնավարման ավարտը աջակցել, որպեսզի հայ ուսանողները Իրան գնալու հնարավորություն ունենան ու հաղորդակից լինեն իրանական մշակույթին: Իսկ ինչ վերաբերում է բյուրոկրատական քաշքշուկներին, որ չեն թողնում կազմակերպել ուսանողական վերոնշյալ ծրագրերը, ԻԻՀ նախագահը խոստացավ Թեհրան հասնելուն պես զբաղվել այդ հարցով. «Բյուրոկրատիան պետք է վերանա, որովհետեւ այն խոչընդոտում է երկրների զարգացմանը»: Իր երկրի նախագահին խնդրանքով դիմելու հնարավորություն ուներ իրանցի մի ասպիրանտ, որ իր ծննդյան օրվա կապակցությամբ խնդրում էր նախագահի միջամտությունը՝ իր հայրենիքում դասախոս աշխատելու համար: Պրն Խաթամին խոստացավ այս հարցով էլ զբաղվել: ԵՊՀ ռեկտորն իր ելույթում կարեւորեց ԻԻՀ նախագահի առաջ քաշած՝ քաղաքակրթությունների երկխոսության դրույթը, ինչը պրն Խաթամիին դասել է «ամենաողջամիտ առաջնորդների թվին»: Հետաքրքիր էր պրն Խաթամիի տեսակետն այն հարցի առնչությամբ, որ Ադրբեջանում կան ուժեր, որոնք հյուսիսային՝ ադրբեջանաբնակ Իրանը համարում են իրենց տարածքի մի մասը եւ նպատակ ունեն միավորել այն Ադրբեջանի տարածքին: «Հարավային Ադրբեջանի հետ միացումը մեր պատմության ամենաքաղցր անեկդոտներից մեկն է»,- նկատեց Իրանի նախագահը: Միեւնույն ժամանակ, Խաթամին նշեց, որ Իրանի ադրբեջանաբնակները ամենամեծ դերակատարությունն են ունեցել Իրանի կայունության, մշակույթի եւ պատմության զարգացման գործում, եւ Իրանի մեծագույն գրողներից մեկն էլ հենց ադրբեջանաբնակ է: «Մենք ախորժակ չունենք Ադրբեջանի հանդեպ, սակայն եթե միասնության հարց ծագի պատմական առումով, վստահ եղեք, որ հյուսիսի ադրբեջանցինե՛րը կցանկանան ավելի սերտ կապեր հաստատել հարավային Ադրբեջանի հետ, ոչ թե հակառակը: Բայց գտնում ենք, որ Ադրբեջանը անկախ պետություն է, Իրանը՝ նույնպես, եւ Իրանի ադրբեջանաբնակներն ունեն կարեւոր դեր՝ Իրանի գիտության, քաղաքականության, արդյունաբերության մեջ»: Այնուհետեւ ավելացրեց՝ «Ես ադրբեջանական ծագում չունեմ…», դահլիճից հետեւեցին ծափահարություններ եւ տեւեցին այնքան, մինչեւ Խաթամին կավարտեր նախադասությունը՝ «բայց սիրում եմ նրանց»: Իսկ հայերին նկատի ունենալով՝ ԻԻՀ նախագահը մեջբերեց նաեւ իրանցի միստիկ եւ պոետ Հաթեֆի հայտնի բանաստեղծական տողերը. «Քեզ հետ, ով բարեկամ, չեմ խզելու կապս, անգամ եթե ինձ մասնատեն մաս առ մաս»: Մոհամադ Խաթամին իր ելույթում նաեւ վստահորեն նշեց, որ «իրանցին գալով Հայաստան եւ ոտք դնելով համալսարան, ասես վերագտնում է իրեն», իսկ «հայերը միշտ կիսել են մուսուլմանների տխրությունն ու ուրախությունը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել