Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ ԵՆ ԳԱՂԱՓԱՐ ԿՐՈՂ ՄԱՐԴԻԿ»

Սեպտեմբեր 10,2004 00:00

«ՊԵՏՔ ԵՆ ԳԱՂԱՓԱՐ ԿՐՈՂ ՄԱՐԴԻԿ» ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ընդդիմության վերակառուցման եւ արժեքային համակարգի շուրջ համախմբվելու անհրաժեշտության մասին: – Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ՀՀ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ Արեւելքի եւ Արեւմուտքի ժողովրդավարության զուգահեռ անցկացրեց եւ ասաց, թե Արեւելքում ժողովրդավարությունն ավելի բարոյական է եւ դրանով պետք է առաջնորդվել։ Ժողովրդավարության նման դասերից Հայաստանի իշխանություններն ինչ-որ հետեւություններ կանե՞ն։ – Երբ լսում էի Իրանի նախագահի ելույթը, մտածում էի՝ իսկ Հայաստանից ո՞վ գնար Իրան կամ գնար մեկ ուրիշ երկիր եւ այսպիսի խոր փիլիսոփայական ելույթ ունենար։ Նախագա՞հը՝ չեմ կարծում, մյուս պաշտոնյանե՞րը՝ չեմ կարծում։ Ավելի ներքեւ չիջնեմ։ Հաջորդը՝ կարծում եմ ժողովրդավարության, լիբերալիզմի եւ բարոյականության վեճը նոր վեճ չէ։ Եվ շատ բաներում իր հետ կարող եմ համաձայնել։ Այն ժողովրդավարությունը եւ լիբերալիզմը, որ առաջացել է Եվրոպայում, դա հենց այնպես չի եղել։ Եղել են թագավորություններ, բուրժուական հեղափոխություններ, եղել են վերածնունդ, կրոնական շարժումներ եւ այդ արժեքների վրա ստեղծվել է մի համակարգ։ Ցանկացած համակարգ զարգանալով կարող է իր արմատներից կտրվել։ Հիմա մենք ուզում ենք այդ համակարգը այստեղ մեխանիկորեն տեղափոխել առանց ներքին բարոյականության։ Դուք զգո՞ւմ եք՝ իշխանության, նույնիսկ ընդդիմության ներկայացուցիչները երբ խոսում են ժողովրդավարության մասին, իրենց մեջ դա խոր արմատացած չէ։ Երբ Իրանի նախագահն էր խոսում, իր մեջ իրենց ժողովրդի մշակույթից եկած խոր համոզվածություն եւ բարոյականություն կար։ – Հայաստանը ստորագրել է պայմանագիր, որը եթե ԱԺ-ն վավերացնի, լեհական զորքերի կազմում հայ զինվորներ եւս կմասնակցեն Իրաքի դեմ մղվող պայքարին։ Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների այս վճիռը։ – Ես դեմ եմ, որ Հայաստանից մարդիկ ուղարկվեն Իրաք։ Իհարկե, պետք է պայքարել ահաբեկչության դեմ, իհարկե, պետք է օգնել հարեւան ժողովուրդներին։ Բայց ես գտնում եմ, որ այդ պայմանագրով, առանց մեծ օգուտ բերելու համամարդկային ընդհանուր պայքարին, մենք մեծ վտանգի տակ ենք դնում մեր ժողովրդին, որովհետեւ, այնուամենայնիվ, ի տարբերություն վրացիների եւ ադրբեջանցիների, մենք բազմաթիվ հայրենակիցներ ունենք ե՛ւ Իրաքում, ե՛ւ արաբական այլ երկրներում։ Եվ պետք է շատ զգույշ լինենք այդ հարցում։ Կարծում եմ՝ ոչ իշխանությունների ներքին համոզվածությունն է, որ պետք է այդպես անել, ոչ էլ դեպի Արեւմուտք թեքվելը։ Իշխանության մնալու համար նրանք պետք է ռեւերանս անեն ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Եվրոպային, ե՛ւ ԱՄՆ-ին։ Դա իշխանություն պահելու ձգտում է եւ չի բխում ազգային պետական շահերից։ – Կարծում եք խորհրդարանը կվավերացնի՞ այդ պայմանագիրը։ – Ճանաչելով մեր ԱԺ-ն՝ շատ հավանական եմ համարում, որ վավերացնեն, եւ սա գուցե միակ դեպքն է (ինչքան էլ ես դեմ եմ ԱԺ գնալուն), երբ միգուցե արժեր գնալ ԱԺ եւ հստակ կարծիք ասել այդ հարցի վերաբերյալ։ – Որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտարարում են, թե ընդդիմության պասիվության պարագայում իշխանությունները սկսում են «իրար ուտել», իսկ երբ ընդդիմությունն ակտիվանում է, իշխանությունը համախմբվում է՝ աթոռը պահելու համար։ – 20-30-ական թվականներին հակասովետական ուժերը Ռուսաստանում դարձյալ այդպիսի հարց էին առաջ քաշում, որ փոխանակ ապստամբություն բարձրացնենք՝ սպասենք մինչեւ բոլշեւիկներն «իրար կուտեն»։ Բայց մյուսները շատ հստակ էին ասում՝ եթե բոլշեւիկներն իրար ուտում են, դրանից բոլշեւիկյան իշխանությունը չի փոխվում, ներսում դերակատարներն են փոխվում։ Այսօր էլ իշխանության ներքին գզվռտոցը չի բերելու իշխանության որակի փոփոխության։ – Այդ դեպքում ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, որ այս պահին չի անում։ – Գիտե՞ք ինչ, հիմա (բանակում ո՞նց են ասում) շարքերի վերակառուցման հարց պիտի գնա։ Այն խնդիրը, որ իշխանությունն անօրինական է, որ Հայաստանում ստեղծվել է արժեքային մի համակարգ, որին ժողովուրդը մասնակից չի, հասկանում են ե՛ւ ընդդիմության մեջ, ե՛ւ իշխանության մեջ շատ շատերը։ Ինչպե՞ս դա փոխել։ Նախորդ շրջանում հարցը դրվում էր Ռոբերտ Քոչարյանի հեռացումով, որը ապրիլի 12-ից հետո մտավ փակուղի։ Դա չի նշանակում, որ այդ ճանապարհը չի շարունակվելու, բայց մարդիկ մտածում են, որ ավելի մեծ, համակարգային փոփոխությունների շուրջ է հարկավոր համախմբել հասարակությանը։ Ես մասամբ դա կանխագուշակում էի, եւ իմ առաջարկած երկու տարվա ծրագիրը փորձ էր մարդկանց ինչ-որ արժեքային համակարգի շուրջ համախմբելու։ Սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու դաշինքի համաժողովը, կարծում եմ՝ շատ մտքեր այնտեղ կհնչեն, եւ դաշինքը կամաց-կամաց կգնա իր հռչակած խնդիրների լուծմանը։ Այժմ վերափոխումների ժամանակաշրջան է, եւ քանի որ խնդիրները նույնն են, այս ամենը չի դադարելու։ – Ինչո՞ւ դաշինքը չի սատարում Արշակ Սադոյանին՝ իր հռչակած «բիլակակռվի խմբեր» ստեղծելու գործում։ – Նախորդ քաղաքական պրոցեսների ընթացքում ես մասնակից եմ եղել բոլոր շարժումներին, հեղափոխություններին եւ շատ մոտիկից տեսել եմ, թե ինչ է կատարվում։ Նույն ընտրությունների ժամանակ բիլակավոր, պատերազմ անցած շատ մարդիկ ավելի հեշտ էին զիջում իրենց դիրքերը, քան սովորական տղաներն ու աղջիկները (հատկապես աղջիկները ու կանայք), որոնք իրենց ճշմարտացիության ներքին համոզմունքն ունեն։ Մեզ հիմա պետք են մարդիկ, որոնք գաղափար կրող են։ Նրանք տասնապատիկ ուժեղ են, քան բիլակավորները։ Իսկ այդ բիլակավորները, սափրած գլուխները, որ ծառայում են իրենց տերերին, իրադրության փոփոխության դեպքում առաջին դավաճանողն են լինելու։ Բիլակներով երկիր չեն կառուցում։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել