Ա. ՍԱԴՈՅԱՆ. «ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ «ԲԵՍԵԴԿԱՆԵՐ» Այսօր Արտաշատում Արշակ Սադոյանը կհանդիպի ընտրողների հետ եւ կներկայացնի հանուն ժողովրդավարության մարտնչողների, այն է՝ բիլակակռվի պատրաստ խմբերի ստեղծման մասին իր ծրագիրը։ «Արդարություն» դաշինքը այս ծրագրին հավանություն չի տվել, եւ Արշակ Սադոյանը դաշինքի նախավերջին նիստում հայտարարել է, թե ինքը միայնակ կսկսի։ Պրն Սադոյանն ասաց, թե դաշինքի նիստերում ինքը բազմիցս է առաջարկել «բակերում, բնակավայրերում ստեղծել շտաբներ, դրանցում հրավիրել երկրի կյանքով մտահոգված քաղաքացիների՝ իրենց հեռախոսի համարներով՝ պարտավորվելով մեկ զանգով ոտքի կանգնելու խմբեր ստեղծել։ Այս առաջարկությունը չընդունվեց։ Կարծում եմ՝ ամեն կուսակցություն ուզում էր իր ուժեղանալով, հեգեմոն դերով խնդիրը լուծել։ Կարծում եմ՝ սա բերեց ներկուսակցական պայքարի ուժեղացման»։ ԱԺԴ նախագահը հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ից հետո երկրում կա մեկ թագավորական աթոռ, որի վրա նստածն ունի գերպարտավորություններ եւ գերլիազորություններ, սակայն առաջնորդվում է միայն գերլիազորություններով եւ «բոլորին տանում է իր մտահորիզոնով՝ ապահովելով իր եւ իր համախոհների գերշահույթը»։ «Արդարություն» խմբակցության անդամ պատգամավորը որոշ թթու խոսքեր ասաց «Արդարության» հասցեին, բայց եւ հասկացնել տվեց, որ մտադիր չէ կամուրջները այրել։ Մասնավորապես ասվեց, թե Սադոյանն ամեն ինչ կանի, որ դաշինքը չքայքայվի, քանի որ որոշակի ժամանակահատվածում համատեղ գործող կառույցը շատ օգտակար է. «Չնայած անվճռականությանը, մոտեցումների ոչ հստակությանը՝ փորձում են իբր թե պայքարի շղարշ անել, անընդհատ՝ հեսա-հեսա, մի քիչ էլ սպասեք, իշխանափոխությունը ինքն իրեն է լինելու։ Եվ սա վտանգավոր է՝ հուսախաբության տեսանկյունից»։ Եվ որպեսզի դա չլինի, Արշակ Սադոյանը որոշել է միայնակ սկսել եւ միանալու կոչ է անում։ Ըստ Արշակ Սադոյանի, հանուն ժողովրդավարության պայքարողները պետք է ամեն բակում, ամեն «բեսեդկայում» եւ ամեն փողոցում զրույցներ սկսեն եւ մարդկանց համոզեն, որ իրենք կարող են իրենց պաշտպանել։ Մ. Ե.