Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արդարության» նահատակները

Սեպտեմբեր 10,2004 00:00

«Արդարության» նահատակները «Առավոտի» երեկվա համարում արդեն անդրադարձել ենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամիի՝ միջազգային ահաբեկչության եւ դրա դեմ պայքարի թեմայով արած մի քանի դատողություններին: Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Խաթամին, մասնավորապես, նշել էր, թե ահաբեկչության հակազդման համար անհրաժեշտ է վերացնել չարիքի արմատները: Իսկ դրա համար պետք է համընդհանուր արդարություն հաստատել մոլորակի վրա: Հարկ է նկատել, որ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ԻԻՀ ղեկավարի պատկերացումներն ամենեւին նոր խոսք չեն միջազգային քաղաքագիտական մտքի արդի բանաձեւումներում: Իրենց գաղափարախոսությունները արդարության հաստատման հիմնադրույթի վրա են կառուցում առանց բացառության բոլոր միջազգային ահաբեկչական կազմակերպությունները: Աշխարհի զորեղների դեմ աշխարհի թույլերի եւ հալածյալների մղած հուսահատ պայքար. ահա այն պոստուլատը, որը նախօրեին մի քանի քաղաքակիրթ ձեւակերպումների փաթեթավորմամբ Երեւանում մատուցեց Իրանի նախագահը, եւ որը, հետաքրքիր զուգադիպությամբ, ճշտորեն համապատասխանում է այնպիսի հայտնի ահաբեկչական խմբավորումների կարգախոսներին, ինչպիսիք են օրինակ՝ «Համասը» կամ «Հզբոլլահը»: Ի դեպ, Իրանը մեկ անգամ չէ, որ քաղաքակիրթ հանրության կողմից ամբաստանվել է այս կազմակերպությունների ստվերային ֆինանսավորման մեջ: Ավելորդ չէ նշելը, որ «Համասի» եւ «Հզբոլլահի» գրոհայինները ակտիվանում են հատկապես այն ժամանակահատվածներում, երբ ակտիվացած են լինում նաեւ Մերձավոր ու Միջին Արեւելքում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային դիվանագիտական ջանքերը: Իսլամի առավել ծայրահեղական ու ագրեսիվ ուսմունքների ծածկույթի տակ արդարություն քարոզող եւ այդ ուսմունքների կենսականությունը անմեղ մարդկանց արյունով սնող այդ խմբավորումներն այլ բան չեն, քան միջազգային հանցավոր սինդիկատներ, որոնց խողովակներով ամեն տարի միլիարդավոր դոլարներ են շրջանառվում: Բավական է նրանց գործունեության եւ շահերի դաշտում խաղաղություն հաստատվի, եւ անմիջապես կչորանան ահաբեկիչներին սնող աղբյուրները: Ուստի եւ նման միտումները խոչընդոտվում են ցանկացած, այդ թվում՝ հազարավոր անմեղ մարդկանց՝ երեխաների, կանանց, ծերերի սպանության գնով: Ահա «արդարություն» կոչվածի այն իրական սխեման, որի թելադրած օրենքներով էլ գործում են միջազգային ահաբեկիչները: Ուշագրավ փաստ. երկու օր առաջ ամերիկյան The Washington Times-ին տված հարցազրույցում Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը նշել է, որ Իրաքի խռովարարները դրամի եւ գրոհայինների տեսքով համակողմանի օժանդակություն են ստանում Իրանից: «Նման վարքագծով Իրանը ցույց է տալիս, որ շարունակաբար չի ցանկանում միանալ քաղաքակիրթ աշխարհին»,- ասել է Ռամսֆելդը: Հատկանշական է, որ Իրաքի շիա խռովարարների ցայսօր իրականացրած գործողությունների արդյունքում զոհվածների 95%-ը հենց իրաքցիներն են: Մնում է ենթադրել, որ նրանք չէին ցանկանա զոհվել հանուն Ալ-Սադրի ձեւակերպած արդարության: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել