Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԸ

Սեպտեմբեր 10,2004 00:00

ԾԱՆՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԸ Խոստովանում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկելու է «Արդարության» եւ «ԱՄ» պատգամավորների բացակայության հարցը: Վիկտոր Դալլաքյանից հետաքրքրվեցինք՝ եթե ինքը շարունակեր գլխավորել այս հանձնաժողովը՝ արդյոք հիմք կունենա՞ր հարգելի ճանաչել այդ բացակայությունները, մանավանդ որ իր իսկ հեղինակած «ԱԺ կանոնակարգը» ենթադրում է բոյկոտի միայն մի հնարավորություն՝ երբ այդ մասին ազդարարվում է անմիջապես քվեարկությունից առաջ: Մեր զրուցակիցն ի պատասխան՝ հիշեցրեց 1996-ի սեպտեմբերից հետո ընդդիմության բոյկոտը. «Այդ ժամանակ ԱԺ կանոնակարգն ընդհանրապե՛ս որեւէ դրույթ չէր պարունակում բոյկոտի մասին»: Այնուամենայնիվ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը 2 տարի շարունակ հարգելի համարեց ընդդիմադիրների բացակայությունները: «Այժմ ուղղակի թյուրիմացության մեջ են ձեզ գցել կանոնակարգի ոչ մասնագետ որոշ պատգամավորներ,- ակնարկն ակնհայտորեն ուղղված էր Ռաֆիկ Պետրոսյանին:- Կանոնակարգի 99 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ եթե պատգամավորը նստաշրջանի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին պաշտոնապես տեղեկացնում է պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ դրանք համարվում են հարգելի»: Իսկ նման տեղեկանք «Արդարության» անունից խմբակցության քարտուղարը ներկայացրել է. «Հետեւաբար ԱԺ կանոնակարգը հնարավորություն ընձեռում է հարգելի համարել ընդդիմության բացակայությունները: Բայց որոշումն իրենք են ընդունելու՝ ես միայն իբրեւ մասնագետ մատնանշեցի կանոնակարգի այդ դրույթը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատել էր, թե ընդդիմությունը թեպետ հայտարարել է, որ բոյկոտելու են նաեւ աշնանային նստաշրջանը, սակայն բազմաթիվ ընդդիմադիրներ, մասնավորապես՝ Վիկտոր Դալլաքյանը, այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի հեղինակ եւ համահեղինակ են։ Ի դեպ, հանձնաժողովների վերջին նիստերում պրն Դալլաքյանն առաջարկել է 90 օրով հետաձգել արդեն իսկ շրջանառության մեջ եղած իր նախագծերը: Սակայն հետաքրքրվեցինք, թե ներկայացրե՞լ է նոր նախաձեռնություններ: Պատասխանը բացասական էր՝ վերջին նախագծերը ներկայացվել են 2003-ի սեպտեմբերին: Ուշագրավ մի հանգամանք մատնանշեց՝ անգամ բոյկոտի ընթացքում ընդունվել են օրենսդրական 8 նախաձեռնություններ, որոնց համահեղինակն ինքն է: Դրանցից մեկը վերաբերում է ՔՕ-ում զրպարտության եւ վիրավորանքի համար պատժաչափերին: Կոալիցիայի ներկայացուցիչները հաճախ են նշում, թե որեւէ այլ երկրում ընդդիմությանը դժվարությամբ է հաջողվում անցկացնել անգամ մեկ օրինագիծ: Իսկ ահա պրն Դալլաքյանը խոստովանում է, որ նույնիսկ նիստերին չմասնակցելու պայմաններում են ընդունվել իր 8 նախագծերը: Սա չի՞ վկայում մեր ԱԺ մեծամասնության՝ ընդդիմության հանդեպ ավելի բարյացակամ վերաբերմունքի մասին հարցին «Արդարության» քարտուղարի պատասխանից եզրահանգումն էր, թե նա իր նախաձեռնությունների ընդունումը պայմանավորում է դրանց կարեւորությամբ. «Ինչ վերաբերում է օրենսդրական գործընթացների վրա ազդեցությանը՝ եթե ուղղակի թվաբանական հաշվարկ կատարենք, ընդդիմությունը 24 պատգամավոր ունի ԱԺ-ում, մնացածներն իշխանամետ են: Եվ այդ պարագայում եթե ներկայացվեն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնականում ունեն քաղաքական շեշտադրումներ՝ պարզ է, որ չեն ընդունվի: Այս իմաստով մեր ազդեցությունը ԱԺ աշխատանքների վրա շատ խորհրդանշական է»: Նախորդ ԱԺ-ի ընդունած օրենսդրական ակտերի 40%-ը հեղինակել էին պատգամավորներ Վարդան Բոստանջյանն ու Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս իրոք օրենսդիր է եւ ոչ հրապարակների գործիչ, ուստի հետաքրքիր է՝ արդյոք ծանր չի՞ տանում այս բոյկոտը եւ օրենսդրական կարգավորման միջոցով խնդիրները լուծելու հնարավորությունից հրաժարումը: «Իրոք, շատ ցավով եմ արձանագրում, որ չեմ մասնակցում օրենսդրական գործունեությանը, եւ մարդկային առումով՝ իրոք, շատ ծանր եմ տանում դա»,- խոստովանեց Վիկտոր Դալլաքյանը: Նկատեցինք, որ հաճոյախոսություն պարունակող հարցերը (ինչպես 40%-ի մասին հարցադրումն էր) լսում է ժպիտով, սակայն ընդդիմության հասցեին ազատ մամուլի քննադատությանն օրերս «Ազդակ» ակումբում անդրադարձել էր կշտամբանքով, թե փոխանակ իշխանությամբ զբաղվեն՝ իրենց են քրքրում: Մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է կարծում, որ մամուլն անպայման պիտի լինի կա՛մ իշխանությանը, կա՛մ ընդդիմությանը սպասարկողի դերում՝ «Արդարության» քարտուղարը խնդրեց արձանագրել, որ այս հարցն էլ ինքը լսեց լայն ժպիտով, եւ պնդեց, թե առողջ վերաբերմունք ունի քննադատության հանդեպ. «Մամուլն իրոք պիտի անաչառ լինի եւ ոչ թե պատասխանատու: Ուրիշ խնդիր եմ նկատի ունեցել՝ վերջին հաշվով, ընդդիմադիր համարվող թերթերը պետք է իրենց հիմնական սլաքն ուղղեն իշխանությունների դեմ, բայց այսօր կան որոշ հրապարակումներ, որոնք ուղղված են ընդդիմության դեմ: Բայց սա չի նշանակում, թե այդ թերթերը չպետք է քննադատեն ընդդիմությանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել